Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ՝ ԱԳՆ դիմաց տեղի ունեցած միջադեպից հետո. ինչո՞ւ բախում եղավ


Ոստիկանների ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մասնակիցների միջև երեկ Արտգործնախարարության դիմաց տեղի ունեցած բախումից հետո 28 ցուցարար է ձերբակալվել։ Քննչական կոմիտեն նրանց կասկածում է առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։

Մինչ ընդդիմությունն ասում է, որ ցուցարարներին ծեծել են ու առանց ապացույցների ձերբակալել, իրավապահերը պնդում են՝ Արտգործնախարարության շենք մտնելու նպատակով ակցիայի մասնակիցներն են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրել՝ քարեր, շշեր և այլ առարկաներ նետել նրանց ուղղությամբ։

Բախումների հետևանքով 7 ոստիկան է բուժօգնության դիմել, հայտարարում է Քննչականն ու հավելում՝ ակցիայի մասնակիցներից էլ դիմողներ եղել են, տուժած ցուցարարների մասին որևէ այլ բառ չկա, փոխարենը նրանց լուսանկարները սոցցանցերում կարելի է գտնել։ Դրանցից մեկում, օրինակ, ցուցարարի դեմքին կոշիկի հետք է երևում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պնդում է ՝ ոտքով հարվածել են երիտասարդ տղամարդու գլխին։

Վարչապետի հեռացման պահանջով ցույցերին մասնակցող փաստաբան Ռուբեն Մելիքյանը ուշ երեկոյան ֆեյսբուքյան լայվով պատմեց՝ ինքը միջադեպի պահին այնտեղ էր եղել, բախումը սկսվեց այն բանից հետո, երբ առարկաներ նետվեցին:

Ինչո՞ւ բախում եղավ, միջադեպից հետո ոստիկանապետը հստակ պատասխան չտվեց. - «Հարցրեք կազմակերպիչին, տասնյակ անգամ զգուշացրել ենք՝ մի տարեք բախման»:

Ձերբակալվածներին երեկ տեղափոխեցին պահման վայրեր, քրեական վարույթ է նախաձեռնվել զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով, այժմ նախաքննություն է ընթանում։

Քննչականը հայտարարում է՝ առերևույթ անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների ամբողջական շրջանակը ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկվել։ Ուսումնասիրում են տեսանյութերը։ Առաջադրված մեղադրանքների, ոչ էլ ձերբակալությունից ազատ արձակելու մասին առայժմ չի հաղորդվել։

Այս շաբաթ տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանությունը հարյուրավոր ցուցարարների բերման ենթարկեց, երկուշաբթի էլ ուժայինները ծեծեցին դաշնակցական պատգամավորին։ Այս դեպքից հետո հայաստանյան 5 իրավապաշտպան կազմակերպությունները պահանջեցին անհապաղ արդյունավետ քննություն անցկացնել ու պատասխանատվության կանչել բոլոր մեղավոր ոստիկաններին։

Վերջին ամիսներին ոստիկանական բռնությունների, անհամաչափ ուժի կիրառման համար իշխանություններին քննադատել են ԱՄՆ պետքարտուղարությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:

XS
SM
MD
LG