Մատչելիության հղումներ

Արհեստ, ձեռագործություն և նոր սկիզբ. սիրիահայ կնոջ հաջողության ուղին


Մարալ Շէօհմէլեանը
Մարալ Շէօհմէլեանը

Որ մի օր հոբբին ապրուստի միակ միջոցը կդառնար, 64-ամյա Մարալ Շէօհմէլեանը չէր էլ պատկերացնի: Տիկին Մարալը Սիրիայի իր տանը բացառապես հաճույքի համար էր ստեղծագործում՝ թաղիքագործությամբ ու հուլունքագործությամբ զբաղվում: 2015-ին պատերազմական Սիրիայից Հայաստան փախչելիս հասցրել է նաև իր ձեռագործ աշխատանքներից մեկը վերցնել: Այստեղ ընտանիքը սկսեց զրոյից տուն-տեղ դնել:

«Երբ մտածելակերպդ փոխվում է, դու սիրողականից դուրս ես գալիս», - «Ազատությանը» պատմում է նա:

Վաճառելու հմտությունները տարբեր դասընթացների ընթացքում է սովորել, բայց դա էլ քիչ էր՝ շրջապատ էր պետք՝ ճանաչում: Այդ հարթակն էլ «ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության» օգնությամբ գտավ՝ մասնակցելով նրանց ցուցահանդեսներին: Նաև այդ ձեռք բերած կապերի օգնությամբ հաճախ աշխատանքային ճամփորդությունների է մեկնում, առաջիկայում Արաբական Միացյալ Էմիրություններում ասեղնագործություն պետք է սովորեցնի տեղի փախստականներին:

«Ուրֆայի ասեղնագործությունն եմ անում», - ասում է նա:

500 դրամից մինչև 2000 եվրո արժեն նրա ձեռքի աշխատանքները, հիմնականում օգտագործում է մետաքս, բարձրորակ բուրդ ու բնական քարեր՝ հուլունքներ: Այս հմտությունները տատից ու մորից է սովորել: «Սիրիայում միայն տնային տնտեսուհի էի, հիմա՝ բիզնես լեդի»,- ժպտում է տիկին Մարալը:

Նաև տիկին Մարալին աջակցած՝ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը Հայաստանի ֆոնդային բորսայի հետ միասին օրերս «Հնչեցրու զանգը՝ հանուն կանանց և աղջիկների տնտեսական հզորացման» խորագրով միջոցառում էր կազմակերպել:

«Սա սիմվոլիկ արարողություն է»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը: Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում ֆոնդային բորսաներն այսպիսի «զանգի հնչեցման» արարողություններով ընդգծում են մասնավոր հատվածում գենդերային հավասարությանը հասնելու կարևորությունը: Օրինակ, ըստ Եգանյանի, իրենց ընկերության 60 տոկոսը կանայք են, որից 30 տոկոսը՝ խորհրդի կազմում:

«Իրականությունն այն է Հայաստանում, որ ֆինանսական համակարգի մեծամասնությունը աշխատակիցների նույնպես կանայք են», - նշեց նա:

Հայաստանում 27 ընկերություն է միացել ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության՝ «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին, բայց դրանք հիմնականում միջազգային ընկերությունների հայաստանյան մասնաճյուղեր են: Սա ենթադրում է, որ այս ընկերությունները պատրաստ են նպաստել կանանց հզորացմանն ու իրենց աշխատանքում առաջխաղացմանը՝ ստեղծելով նրանց համար նպաստավոր պայմաններ:

ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զարուհի Տոնոյանը էլ նշում է՝ երբ 25 տարի առաջ իր առաջնեկը նոր էր ծնվել, աշխատանքի վերադառնալու դժվարություններ է ունեցել:

«Երեխայիս խնամքի համար ստիպված էի դայակ վարձել և ունենալով ղեկավար պաշտոն այդ ընկերությունում՝ հաճախ տուն էի վերադառնում շատ ուշ ժամերին, և մտավախություն ունեի, որ կարող է մի գեղեցիկ օր երեխաս մոռանա ինձ: Սա այն վառ օրինակն էր, որ մի կողմից՝ ուզում ես աշխատաշուկայում լինել, որովհետև թույլ չէի կարող տալ ինձ դուրս գալ աշխատաշուկայից, մյուս կողմից՝ նաև երեխայի խնամքն էր: Մի կողմից՝ պետությունը հավասար իրավունք է տալիս կանանց և տղամարդկանց ներգրավված լինել աշխատաշուկայում, և մենք ունենք դա, սակայն պայմանները մեզ թույլ չեն տալիս, որ օգտվենք այդ հնարավորությունից»:

Հայաստանում կանայք կարող են հզորանալ, ինքնուրույնանալ, սեփական բիզնեսը ստեղծել կամ մասնագիտական առաջխաղացումներ ունենալ, եթե միջավայրը, գործատուները, ընտանիքն ու համայնքն աջակցեն: Տոնոյանն ասում է՝ մանկապարտեզներն, օրինակ, ավելի շուտ են փակվում, քան աշխատող կանանց աշխատավայրերը, կանանց աշխատավարձը հաճախ չի բավարարում, որ այլ ծախսերից բացի, նաև դայակներին վճարեն, եթե մանկապարտեզը հարմար չէ նրանց: Ընտանիքի հոգսն ուսերին առած կանայք դուրս են մնում աշխատաշուկայից:

Զարուհի Տոնոյանն արտերկրում տեսել է, թե խոշոր ընկերություններից մեկի կանայք ինչպես են իրենց բալիկների հետ առավոտյան աշխատանքի գնում, որովհետև այդ ընկերության մյուս մասնաշենքում աշխատակիցների երեխաների համար մանկապարտեզներ էին գործում: Եթե Հայաստանում էլ պետությունն օգնի գործատուներին, կանայք էլ իրենց աշխատավարձից շատ քիչ տոկոս հատկացնեն, ապա գուցե այստեղ էլ հնարավոր լինի երեխաների խնամքի հարցը լուծել, ասաց նա:

2024-ի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 15-75 տարեկան կանանց 53 տոկոսն է տնտեսապես ակտիվ, իսկ տղամարդկանց՝ 71 տոկոսը: Տղամարդիկ 2.4 անգամ ավելի շատ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում: Բավականին բարձր է աշխատանք չունեցող ու չփնտրող կանանց թիվը՝ 47 տոկոս:

Բայց չնայած այս վիճակագրությանը, 2024-ի «Համընդհանուր գենդերային խզվածքի մասին» զեկույցի համաձայն՝ Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է, 146 երկրների ցանկում ցանկում 64-րդ տեղում է: Խորհրդարանում օրինակ՝ կանանց ներգրավվածությունը 36 տոկոս է, 2020-ին այս թիվն ավելի ցածր էր՝ 23 տոկոս: Հայաստանի ներքին գործերի, արդարադատության, կրթության ու առողջապահության նախարարները կանայք են:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG