Երկուշաբթի առավոտը աշխատանքի և դասի շտապող քաղաքացիների համար սկսվեց տհաճ անակնկալով՝ հերթ մետրոյում։
Քաղաքացին արձանագրել էր տեսարանը հեռախոսով։ Նրա պնդմամբ, արգելափակոցը բառի ուղիղ իմաստով արգելափակվել էր։
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ ԹելՍելի վալիդատորն ընդամենը մեկ րոպե չի աշխատել և միայն Գարեգին Նժդեհ կայարանում։ Աննա Ասլանյանն ընդունեց, որ անգամ կարճ ժամանակով անջատումը խնդիրներ է առաջացրել, քանի որ առավոտվա վաղ ժամ է եղել, կայարանում հերթեր են առաջացել: Մետրոպոլիտենից վստահեցնում են՝ այլ խնդիրներ չեն արձանագրել։
ԹելՍելի գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը պնդում է, որ տարածվող տեսանյութն այսօրվա նկարահանում չէ, սակայն մինչև այս պահը այս պնդումը հաստատող տվյալներ դեռ չեն ստացել մետրոպոլիտենից. «Այն նկարները և վիդեոները, ինչ համացանցում պտտվում են, այսօրվանը չեն»:
«Ազատություն»-ը միասնական տոմսային համակարգի գործարկման պահից ի վեր արձանագրել է, որ ԹելՍելի սարքը պարբերաբար խնդիրներ է առաջացնում. օրինակ՝ վալիդատորը չի ճանաչում բանկային քարտը։ ԹելՍելում ասում են՝ դա իրենց սարքերի մեղքը չէ, այլ քարտի։
«Մենակ ունենալ քարտի վրա մնացորդ, բավարար չէ. դուք կարող է ունենաք օրվա գործարքների քանակի սահմանափակում, որի մասին դուք էլ անգամ տեղյակ չլինեք, այդ օրը շատ գործարքներ արած լինեք, որի արդյունքում համակարգը, երբ օրվա վերջում փորձել է գանձել ձեր քարտից, չի կարողացել, պարտք է ձևավորվել», - նշեց նա:
Քարտերով վճարումները մեկ այլ անհարմարություն էլ ունեն. մեկ քարտը մեկ անգամ է հնարավոր օգտագործել 30 րոպեի ընթացքում: Եթե քաղաքացին, որ երեխայի հետ է տեղ գնում ու ավտոբուսում բանկային քարտով է վճարում, ի՞նչ պետք է անի. ԹելՍելից ասում են, թե այս սահմանափակումը ոչ իրենցն է, ոչ էլ քաղաքապետարանի մտահղացումն է:
«Այն բանկային քարտերը, որոնց վրա կան տարիֆային պլաններ, մարդը մոտենում է, ասում՝ բարեգործություն եմ անում, իմ քարտով ամբողջ ավտոբուսի ուղևորների փոխարեն ստանում եմ: Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանի բոյկոտները՝ վիրուսի պես տարածվում են այդ վիդեոները, մեկը մյուսին է տրամադրում, որ այդ սողանցքներից բոլորն օգտվեն, ու այդ դեպքում համակարգը կանգնեցնում են կոլապսի առաջ», - նշեց Լիանա Հունանյանը:
Այսօր անխափան աշխատեց ավտոբուստի վալիդատորը, երբ տոմսի համար վճարում էր երկրի վարչապետը։
«Գարնան առաջին աշխատանքյին օրն այսպես սկսեցի», - այս վերնագրով Ֆեյսբուքում տեսանյութ էր տարածել Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով, որ տրանսպորտով է աշխատանքի շտապում։
Նույն այդ ընթացքում քաղաքապետարանի գործակարգավարական նիստն անցավ առանց տրանսպորտի խնդիրներին անդրադառնալու: Երևանի ավտոբուսի, Մետրոպոլիտոնի ղեկավարները կարճ հաշվետվություն ներկայացրին։ Մետրոպոլիտենի ղեկավարն էլ խոսեց միայն արված լավ գործերի մասին՝ օրինակ, որ Սասունցի Դավիթ կայարանում երեք շարժասանդուղքներից մեկն արդեն փոխվել է, երկուսն էլ պատրաստ կլինեն մայիսին։
Քաղաքային իշխանությունը, սակայն, մինչ այս պահը տեղեկություն չի տրամադրել, թե որքան գումար է հավաքագրել չվճարելու բոյոկոտով մեկնարկած ուղևորափոխադրումներից: