Արդյոք ադրբեջանական ավելի քան 10 միլիոնանոց շուկան հետաքրքի՞ր է հայկական բիզնեսի համար:
Շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին Հայաստան ներկրելուց հետո, վարչապետ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե հույս ունի, որ առաջիկայում Հայաստանից էլ ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան: Փաշինյանի այս հայտարարությանն ի պատասխան արդեն Բաքվից տնտեսագիտական կարծիքներ հնչեցին, թե Ադրբեջանը Հայաստանից կարող է կոնյակ, ծխախոտ և գյուղատնտեսական ապրանքներ գնել:
«Նրանք բազմազան խմիչքներ ունեն, նրանց կոնյակն, օրինակ, հայտնի է ամբողջ աշխարհում», - իշխանամետ Haqqin.az -ին ասել է ադրբեջանցի տնտեսագետներից մեկը:
Արդյոք կոնյակ արտադրող ընկերությունները պատրաստ կլինե՞ն պահանջարկի դեպքում իրենց արտադրանքը արտահանել ադրբեջանական շուկա:
«Ադրբեջանի շուկան չի կարող դիվերսիֆիկացիա ապահովել»
«ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ադրբեջանական շուկան դժվար թե արտադրանքի արտահանման մեծ ծավալներ կարողանա ապահովել:
«Եթե զուտ բիզնեսի տեսանկյունից, չեմ կարծում, որ էդ շուկան դիվերսիֆիկացիա կապահովի հայկական կոնյակ արտադրողներին: Ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, հետո Բելառուսը՝ հայկական կոնյակի հետ կապված», - ասաց Մակար Պետրոսյանը:
Գործարարը նշում է, որ անգամ Ղազախստանում հայկական կոնյակ արտադրողները չեն կարողանում այնպիսի ծավալներ իրացնել, որը ռուսական շուկայի համեմատ կկարողանա դիվերսիֆիկացիա ապահովել:
Ղազախական շուկան գրեթե 2 անգամ մեծ է ադրբեջանական շուկայից, բնակչությունն այստեղ տարբեր տվյալներով մոտ 18 -19 միլիոն է: Հետևաբար կոնյակի արտահանման առյուծի բաժինը շարունակում է բաժին ընկնել Ռուսաստանին:
«ՄԱՊ» -ն իր արտադրանքն այսօր արտահանում է Ուկրաինա Ռուսաստան, Բելառուս, Մոլդովա և եվրոպական տարբեր երկրներ:
«Ես չեմ գտնում, որ էն շահույթը կլինի, որ կամպանիայի կարգավիճակը կարող է փոխել: Իհարկե որպես շուկա, միշտ ողջունելի է նոր շուկաներ գտնելը թեկուզ շատ քիչ քանակի վաճառքով: Նման առաջարկ լինելու դեպքում, պետք է քննարկել», - ասաց Մակար Պետրոսյանը:
«Ադրբեջանցի գնորդի վարքագիծը անկանխատեսելի է». գործարար
Բացի այն, որ չոր բիզնեսի տեսանկյունից ադրբեջանական շուկան մեծ ծավալներ ապահովելու հնարավորություն չունի, գործարարի համար նաև անկանխատեսելի է ադրբեջանցի գնորդի վարքագիծը:
Ինչպե՞ս իրեն կդրսևորի այդ երկրի քաղաքացին, երբ խանութներում դարակաշարերի վրա տեսնի հայկական արտադրության ապրանքը. «Ընկալումը ոնց կլինի, միանշանակ չէ, մենք մեզ չենք խաբի: Ես չեմ կարծում, որ միանշանակ է ընկալումը, որ ծափահարություններով կընդունեն»:
Ամեն դեպքում «ՄԱՊ» Կոնյակի գործարանի տնօրենը կարծում է՝ որքան շատ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ապրանք վաճառեն, այնքան ավելի լավ 2 երկրների ժողովուրդների հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Գործարարի համոզմամբ՝ ցանկացած հարաբերություն, սկսում է ամենափոքր քայլերից, իսկ շուկաներ մտնելը հենց այդ քայլերից մեկն է:
«Ադրբեջանն իմ համար գործընկեր երկիր չէ». գործարար
Գործարարների շրջանում, սակայն, կարծիքները տարբերվում են: Կոնյակ արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը, որ չցանկացավ իր անունը հրապարակել՝ հետագայում իր բիզնեսի համար հնարավոր խնդիրներից խուսափելու համար, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ
ինքը Ադրբեջանը չի դիտարկում որպես գործընկեր երկիր:
«Իմ սկզբունքներն ավելի կարևոր են, քան գումար աշխատելը: Ես գումար եմ աշխատում՝ իմ սկզբունքներին համապատասխան ապրելու համար: Ինչպե՞ս կարելի է հարստացնել մի երկրի, որի հետ դու պատերազմի վտանգ ունես: Միևնույն է՝ աշխարհի ողջ գումարները չես աշխատի, գործընկերներին պետք է ճիշտ ընտրել», - ասաց նա:
«Մեր բիզնեսի գրպանը կծակի՞, որ էդ դոլարները գան»
«Մեր գործարարների, մեր աշխատողների, մեր պետության, պետական բյուջեի գրպանը կծակվի՞, որ էդ դոլարները գան մտնեն», - նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են քննարկումները՝ փոխադարձ առևտուր իրականացնելու հարցի շուրջ, օրերս Հանրայինի հետ զրույցում վերահաստատեց նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ընդգծելով, որ ստրատեգիական պլաններ ունեն՝ ներմուծման և արտահանման ուղղությամբ:
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում նախարարը թվարկել էր այն ապրանքների ցանկը, որոնք Հայաստանից կարող են արտահանվել Ադրբեջան՝ ալյումինի փայլաթիթեղ, ոսկյա զարդեր, գյուղատնտեսական ապրանքներ, ձկնամթերք, ֆերոմոլիբդեն. «Հայաստանը ուժեղ կլինի, երբ ֆերոմոլիբդեն վաճառենք Ադրբեջանին, թե՞ Ադրբեջանին ֆերոմոլիբդեն չվաճառենք: Ես կարծում եմ, որ Հայաստանն ուժեղ կլինի առաջին դեպքում, երբ վաճառենք, դրա փոխարեն դոլար գա»:
Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարն էր նաև կարծիք հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են զարգացնել առևտուրը՝ տարբեր ոլորտներում:
«Երկու երկրների միջև ռազմական ապրանքների առևտուրը բացառված է, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է։ Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը տեղի կունենա», - ընդգծել էր Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնելով, որ վրացական կողմը Ադրբեջանից ապրանքների տարանցման համար սահմանած բարձր սակագինը վերանայել է և այն արդեն համապատասխանում է շուկայական պայմաններին:
«Սահմանները սովորաբար անցնում են երկու պրոդուկտ՝ կա՛մ ապրանքներ, կա՛մ զինվորներ, մեր սահմանները պետք է անցնեն այլևս միայն ապրանքներ», - ասաց Գևորգ Պապոյանը:
«Ադրբեջանի պետությունը պետք է հանդուրժողականություն ստեղծի». տնտեսական վերլուծաբան
Տնտեսական վերլուծաբան Գագիկ Մակարյանն ասում է, որ իհարկե, բազմաթիվ ապրանքներ կարող են արտահանվել Ադրբեջան՝ ալկոհոլային խմիչքներ՝ կոնյակ, գինի, շինանյութ, մետաղական կոնստրուկցիաներ, պահածոներ, մուրաբաներ, հագուստ, ծխախոտ և այլն:
Սակայն գլխավոր խնդիրն, ըստ Մակարյանի, այն է, որ Ադրբեջանում մարդիկ թշնամաբար են տրամադրված և հակահայկական տրամադրությունները շատ խորն են արմատավորված:
«Պետությունը պետք է հանդուրժողականության մթնոլորտ ստեղծի նախևառաջ, որպեսզի ապրանքները վաճառվեն և բիզնեսը չտուժի», -ասում է վերլուծաբանը: