Արդյոք Բաքու կատարած այցի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում բարձրացրե՞լ է հայ գերիների վերադարձի հարցը: ԱԱԾ -ից ոչ հերքում են և ոչ էլ հաստատում՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին:
«Հրապարակ» օրաթերթն այսօր մինչդեռ գրել է, որ Բաքվում ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել 10 ռազմագերիների ցուցակ, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։
Լրատվամիջոցի հրապարակած 10 հոգանոց ցուցակից 8 -ը գերվերավել են 2023 -ի սեպտեմբերին՝ Արցախի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում, մյուս 2 -ը՝ դեռ 2020 -ի 44-օրյա պատերազմի ժամանակ: Ի դեպ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ ցուցակում չկա:
Այս տասը գերիներին ազատ արձակելու դիմաց, ըստ «Հրապարակ»-ի, Ադրբեջանը պահանջել է ազատ արձակել Սիրիայի երկու քաղաքացու, որոնք որպես վարձկաններ Ադրբեջանի կողմից մասնակցել էին 2020 -ի 44-օրյա պատերազմին: Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին ու Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին Արցախում գերեվարվելուց հետո պատմել էին, թե ինչպես էին Թուրքիայի կողմից հավաքագրվել, առանց փաստաթղթերի անարգել հատել թուրք-սիրական սահմանը, ապա ինքնաթիռով տեղափոխվել Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար:
«Ասացին՝ «ոտքով քայլեք դեպի Թուրքիայի Հանրապետության սահման», մենք նշված խմբերով ոտքով հատեցինք սահմանը, որտեղ կոնկրետ մուտք կար դեպի Թուրքիայի Հանրապետություն, սահմանապահները մեզ ոչինչ չասացին, որևէ հարց չտվեցին, իրենք հաստատ տեղյակ էին, որ մեզ պետք է թույլատրեին անցնենք», - ասել է վարձկաններից մեկը:
Վարձկանները հարցաքննության ժամանակ խոստովանել էին, որ հայերին սպանելու համար իրենց խոստացել էին 2 հազար դոլար վարձատրություն, իսկ ամեն գլխատված հայի համար լրացուցիչ 100 դոլար։
2021-ին Սյունիքի մարզի դատարանը սիրիացի 2 վարձկաններին դատապարտեց ցմահ ազատազրակման՝ միջազգային ահաբեկչության, մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով:
Սիրիացի վարձկանները առ այսօր իրենց պատիժը կրում են հայաստանյան բանտերում, «Ազատությանը» փոխանցեցին Քրեակատարողական ծառայությունից: