Մատչելիության հղումներ

«Առաջին հերթին դու պետք է քո աշխատանքը գնահատես». ՔՊ-ականը՝ Վեդու համայնքապետի պարգևատրման մասին


Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, արխիվ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, արխիվ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ինքն իրեն մեկ աշխատավարձի չափով պարգևատրել է աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Հարցը ավագանու տարեվերջյան նիստի օրակարգում է եղել, վարչապետ Փաշինյանի թիմակիցն ավագանու իշխանական մյուս անդամների պես ինքն էլ կողմ է քվեարկել ու ստացել երկու աշխատավարձ՝ մեկ միլիոն 200 հազար դրամ:

Որոշմանը կողմ քվեարկած Արամայիս Գրիգորյանը, որ նույնպես իշխող կուսակցությունից է, զարմանում է՝ ի՞նչ վատ բան է եղել: Առաջինը դու պետք է քո աշխատանքը գնահատես, որոշումը հիմնավորում է ՔՊ-ականը:

«Եթե մարդն ինքն իր աշխատանքը չգնահատի, էլ ո՞վ կգնահատի, կարծում եմ, առաջինը մարդը պիտի գնահատի իր աշխատանքը հետո մնացածը», - նշեց Գրիգորյանը:

Ընդդիմադիր «Իմ հզոր համայնք» խմբակցությունը դեմ է քվեարկել այս որոշմանը: Խմբակցության անդամ Հակոբ Թուրիկյանն ասում է՝ սա Գարիկ Սարգսյանի համար ավանդույթ է դարձել. կողմնակիցների քվեարկությամբ կրկնակի աշխատավարձով ամփոփել տարին:

«Մեր խմբակցությունն էլ դեմ է պարգևատրման մեխանիզմին, ես չեմ գտնում, որ համայնքապետը պետք է իրեն պարգևատրի, էն էլ աշխատավարձի 100 տոկոսի չափով: Մենք էլ ինչքան շփվում ենք բնակիչների հետ, հաստատ էդ գոհունակությունը չունի, որ իրեն 100 տոկոսով պարգևատրում նշանակի», - ասաց Հակոբ Թուրիկյանը:

Գարիկ Սարգսյանն իր աշխատանքը գնահատել էր նաև Արարատի մարզպետի պաշտոնում, նույնիսկ օրենքով սահմանված չափից ավելի, ինչը սկանդալ էր դարձել: Իրեն ու իր ենթականերին պարգևատրել էր 104,5 տոկոսով, մինչդեռ օրենքով, առավելագույնը աշխատավարձի 100 տոկոսն է:

Գարիկ Սարգսյանի հետ զրուցել չհաջողվեց, նա զանգերին չարձագանքեց, իսկ նրա թիմակիցը՝ Արամայիս Գրիգորյանն ասաց՝ եթե տարվա մեջ մի քանի անգամ էլ վերադասին պարգևատրելու նախագիծ լիներ, կողմ կքվեարկեր:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Վահագն Վարդանյանը, ի տարբերություն իշխանական անդամի, չի տեսել այնպիսի աշխատանք, որ Գարիկ Սարգսյանը պարգևի արժանանար:

Վեդու համայնքապետի աշխատանքը գնահատած իշխանականներից Սերոբ Ավետիսյանը անցած տարի հետաքննող լրագրողների ուշադրության կենտրոնում էր հայտնվել: Նրա հաշվից «Քաղաքացիական պայմանագրին» մեկուկես միլիոն դրամ նվիրատվություն էր արվել, շռայլ նվիրատվության մասին նա իմացել էր իրեն զանգահարած լրագրողից:

Վարչապետ Փաշինյանի թիմակիցը, որ կարծում է՝ իր պարտականությունները պատշաճ է կատարում ու պետք է պարգևատրվի, երկու տարի առաջ էլ իր քեռու հետ էր 280 միլիոն դրամի պայմանագիր կնքել, որով նախատեսված էր մի քանի բնակավայրի խմելու ջրագծեր կառուցել:

Գարիկ Սարգսյանը մամուլի էջերում հայտնվեց հատկապես կոկորդիլոսի բուծարան կառուցելու հայտարարությամբ: Ըստ նրա՝ Տանզանիայից ներդրող էր գալու Արարատի մարզ ու կոկորդիլոսի բուծարան էր հիմնելու:

XS
SM
MD
LG