«Առաջին անգամ, այո, պատիվ ունեմ տեսնելու Քննչականը»: Առավոտից Երևանի քննչական վարչություն են հրավիրվել 9 հոգևորականներ՝ Արագածոտնի թեմից և Մայր Աթոռի միաբաններից Մուշեղ սրբազանն ու հայր Ռուբենը, վերջինս տեղյակ չէր, թե ինչու են իրենով հետաքրքրվել իրավապահները:
«15 տարի աշխատել եմ քրեակատարողական հիմնարկներում՝ որպես պատասխանատու հոգևոր ծառայության», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
«Հայր Ռուբենի ներկայությունը կամ նրա հարցաքննությունը մեզ համար անակնկալ էր, որովհետև որևէ կերպ առնչություն չենք կարողանում գտնել; Այնուամենայնիվ, քիչ անց կմտնենք՝ մեզ րոպեներ են մնացել, կմտնենք քննչական մարմին և կհասկանանք, թե ինչու են էսպես նորից անհարմարություններ ստեղծում մեր հոգևորականների համար», - ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Ֆարմանյանն է հայր Ռուբենի շահերի ներկայացուցիչը: Ենթադրություն է, որ հարցաքննությունը Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցի հետքերով հարուցված քրեական գործին է վերաբերում. այդտեղ հնչում է Կաթողիկոսի անունը՝ ընդդիմության ցույցերին մասնակցելու պարտադրանքի համատեքստում:
Ռուբեն վարդապետը շեշտեց՝ ինքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային բաժնի պատասխանատուն է, վարդապետական հարցեր են մշակում: Նա բացասական պատասխան տվեց հարցին, թե որևէ քահանայի հորդորե՞լ է մասնակցել ընդդիմության ցույցերին:
Շուրջ մեկ ամիս առաջ է քրեական վարույթ նախաձեռնվել հավաքներին մասնակցելու հարկադրանքի հոդվածով. Նաթան արքեպիսկոպոսը Քննչական կոմիտե ավելի վաղ հրավիրվել ու հարցաքննվել էր:
Մայր Աթոռի շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի տպավորությամբ՝ քննչական մարմինն այդտեղ հաջողության չի հասել, ու հիմա այլ՝ խտրականության հանցակազմի ուղղությամբ են ծավալվում: Այսօր հոգևորականներին կարգալուծության վերաբերյալ են հարցեր տվել՝ արդյո՞ք քահանաները կարգից զրկվում են սեփական հայացքների համար:
«Մասնավորապես, որքանով հասկացել ենք, իրենց հետաքրքրում է, թե արդյո՞ք նախկին Տեր Արամի, այսինքն՝ ներկայիս Ստեփանա Ասատրյանի, և մյուս հոգևորականի մասով խտրական վերաբերմունք չի դրսևորվել», - ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ըստ Զոհրաբյանի՝ սա ակնհայտ միջամտություն է եկեղեցու ինքնակառավարմանը. - «Այսօր քննչական մարմինը խցկվում է՝ բառիս էն բուն իմաստով, եկեղեցու ներքին ինքնակառավարման դաշտ, որի իրավունքը չունի; Եթե այդ խտրականության հոդվածը դիտարկենք Քրեական օրենսգրքի, դա ասում է՝ տարբերակված վերաբերմունքը,որը պայմանավորված է, օրինակ, սեռով և այլ հանգամանքներով, քաղաքական հայացքներով և այլ հանգամանքներով: Հիմա տեսեք ինչ է ստացվում՝ եկեղեցում, օրինակ, կինը չի կարող դառնալ եպիսկոպոս՝ դա լ է խտրական վերաբերմունք, եթե էդպես նայենք, կամ սուրբ հաղորդություն չի կարող ստանալ չմկրտված անձը, հիմա եթե քննչական մարմնի տրամաբանությամբ գնանք, պետք է բոլոր հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդում սկսվի՞»:
Քննչական հրավիրված բոլոր հոգևորականները վկայի կարգավիճակ ունեն: Մեղադրյալ կա՞, թե՞ ոչ. Մայր Աթոռի ներկայացուցիչը միայն այն գիտի, որ հոգևորական մեղադրյալ չկա: Քննչական կոմիտեից այսօր հրաժարվեցին որևէ տեղեկատվություն տրամադրել: Փաստաբանները վստահ են՝ քննչական մարմինը պարզապես քաղաքական օրակարգ է սպասարկում:
«Սա հակաեկեղեցական այս գործընթացի շրջանակներում է, հոգևորականների նկատմամբ այս ճնշումները բանեցնելու տրամաբանության մեջ է և, բնականաբար, ասում եմ՝ սա ուղիղ խախտում է Սահմանադրության և օրենքի պահանջը, քանի որ ներխուժում է եկեղեցու ինքնակառավարման դաշտ», - պնդեց Արա Զոհրաբյանը:
Փաստաբանը շեշտում է՝ Քննչականը այդպես էլ վարույթ չհարուցեց Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսային խոսակցության հանրայնացման փաստով, ա՛յ այստեղ է խտրականությունը, ասում է:
Ընդդիմության ցույցերին մասնակցել հարկադրելու վերաբերյալ քրեական մեկ այլ գործ էլ այժմ կարգալույծ քահանա Տեր Արամի հարցազրույցի հետքերով էր հարուցվել: Տասնյակ քահանաներ էին բերման ենթարկվել, բոլորը՝ դարձյալ Արագածոտնի թեմից: Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանեսից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ այս մի գործով այս ուրբաթ իրեն էլ են կանչել: