Մատչելիության հղումներ

Արաղչին հաստատել է՝ Իրան-ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան Օմանում՝ իր և Ուիթքոֆի գլխավորությամբ


Աբբաս Արաղչի, Սթիվ Ուիթքոֆ
Աբբաս Արաղչի, Սթիվ Ուիթքոֆ

Իրանն ու ԱՄՆ-ը շաբաթ օրը կհանդիպեն Օմանում՝ «անուղղակի բարձր մակարդակի բանակցությունների համար», X-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Սա որքան հնարավորություն է, նույնքան էլ փորձություն: Գնդակը Ամերիկայի դաշտում է», - գրել է Իրանի արտգործնախարարը։

Միևնույն ժամանակ Արաղչին Tasnim գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ Օմանի միջնորդությամբ կայանալիք բանակցությունները տեղի կունենան իր և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի գլխավորությամբ։

Երեկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան ղեկավարն էր հայտարարել, որ Միացյալ Նահանգները երեքշաբթի օրը միջուկային ծրագրի շուրջ բարձր մակարդակի «ուղիղ բանակցություններ» կվարի Իրանի հետ։

ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա՝ շեշտելով՝ ինքը նախընտրում է «գործարք» կնքել Իրանի հետ, քան ռազմական առճակատման գնալ։

Երկուշաբթի օրն Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն էլ իր հերթին կոչ էր արել ԱՄՆ վարչակազմին՝ ի ցույց դնել անկեղծ շահագրգռվածությունը բանակցություններ անցկացնելու հարցում՝ շեշտելով՝ Թեհրանը հավանություն չի տա «նվաստացուցիչ պայմաններով բանակցություններին»։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ուղղակի բանակցությունների չեն գնա ԱՄՆ-ի հետ, սակայն պատրաստ են միջորդավորված բանակցությունների։

«Մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը և պատրաստ ենք փորձել անուղղակի բանակցությունների ճանապարհը», - օրերս հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Թրամփն էլ ասել է, որ նախընտրում է ուղիղ բանակցությունները՝ զգուշացնելով՝ պատրաստ է նաև ռազմական գործողությունների, եթե դիվանագիտությունը ձախողվի:

Սպիտակ տան ղեկավարը նախորդ ամսվա սկզբին Թեհրան ուղարկված նամակով առաջարկել էր բանակցել միջուկային ծրագրի շուրջ նոր գործարք կնքելու համար, միաժամանակ սպառնացել, թե դրա այլընտրանքը խնդրի ռազմական լուծումը կլինի։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG