Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց: Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ կալանք 2 ամիս ժամկետով:
Նրան մեղսագրվում է ՔՕ 210- ի 5 մասով նախատեսված արարքը՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և 236 րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Երեկ իրավապահները գործողություններ էին իրականացրել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում, թեմի առաջնորդը և ևս երկու անձ ձերբակալվել էին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այս գործողությունները որակել է ապօրինի քրեական հետապնդում, որոնք իշխանությունների «հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի» հերթական դրսևորումն են:
Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ Մկրտիչ եպիսկոպոսի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՔՕ149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը պաշտոնեական դիրքն օգտագործելով), 236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):