Մատչելիության հղումներ

Անկախ մարմինների զեկույցները վկայում են՝ շրջակա միջավայրին վնասի պատասխանատուն Ադրբեջանն է. ՀՀ ներկայացուցչի գրասենյակ


Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է, հայտարարում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը, նշված է հաղորդագրության մեջ:

Գրասենյակից փոխանցում են, որ փետրվարի 12-ին Հայաստանը ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումը։ Սա բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից, որ սահմանվել է նախորդ ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են Հայաստանի համար բարենպաստ որոշումներ։

«Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում։ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար», - նշում է ՀՀ ներկայացուցի գրասենյակը։

Մինչ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի շրջանակներում բանակցում են միջազգային իրավական հայցերը փոխադարձաբար հետ կանչելու հարցով, Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար: Արդյոք ֆինանսական փոխհատուցման մասին է խոսքը, հայցի մասին հաղորդած ադրբեջանական արտաքին գերատեսչությունը չի մանրամասնել։

Ադրբեջանի կառավարությունը համարում է, որ «բնությունն ու կենդանական աշխարհը տուժել են Լեռնային Ղարաբաղում անտառահատումների, հանքարդյունաբերության և հիդրոէլեկտրակայանների կառուցման պատճառով»:

Երևանից հայտարարում են՝ Հայաստանը Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը. «Սա արտացոլվում է ինչպես Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ»։

Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հաստատել են, որ միջազգային հայցերի հետկանչը խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG