Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի արբիտրաժային դատարան


Նիդերլանդներ - Մշտական արբիտրաժային դատարանի նստավայրը Հաագայում, արխիվ
Նիդերլանդներ - Մշտական արբիտրաժային դատարանի նստավայրը Հաագայում, արխիվ

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար: Արդյոք ֆինանսական փոխհատուցման մասին է խոսքը, հայցի մասին հաղորդած ադրբեջանական արտաքին գերատեսչությունը չի մանրամասնել։

Ադրբեջանի կառավարությունը համարում է, որ բնությունն ու կենդանական աշխարհը տուժել են Լեռնային Ղարաբաղում անտառահատումների, հանքարդյունաբերության և հիդրոէլեկտրակայանների կառուցման պատճառով:

Արտգործնախարարությունը նաև հայտարարել է՝ Ադրբեջանը կշարունակի աշխատել Հայաստանին միջազգային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Երևանն ու Բաքուն և՛ խաղաղության պայմանագրի շրջանակներում բանակցում են միջազգային իրավական հայցերը փոխադարձաբար հետ կանչելու հարցով, և՛ Ադրբեջանը փաստորեն նոր հայցի միջոցով շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին:

Ադրբեջանի խոսքի ու գործ միջև մեծ հակասություն կա, կարծում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

«Քանի որ Ադրբեջանը ցանկություններ է արտահայտում, որ վեճերը իրենց կարգավորումը չստանան իրավական հարթակներում, և այդ ուղղությամբ նաև գործադրում է ճնշում, ցանկալի կլիներ, որ հետևեր այդ մոտեցմանը և հետևողականությամբ իրավական գործընթացները առաջ չմղեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը՝ շարունակելով. - «Մենք այստեղ իրապես հակասող քաղաքականություն ենք տեսնում՝ մի կողմից մեղադրում են Հայաստանին իրավական պահանջատիրություն ցուցաբերելու մեջ, իրավական վեճերը որակում են որպես խաղաղության գործընթացի խոչընդոտներ, մյուս կողմից շատ ստրատեգիկ կերպով առաջ են մղում իրենց դատական գործընթացները ընդդեմ Հայաստանի Հանրապետության»:

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյան
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հաստատել են, որ միջազգային հայցերի հետկանչը խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է: Չնայած այս հանգամանքին՝ ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Բաքուն պետք է շարունակի միջազգային ատյաններում առաջ մղել հայցերը:

«Իմ կարծիքով՝ մեր բարոյական և քաղաքական իրավունքն է փոխհատուցում պահանջելը», - ասել է Օրուջը:

Բաքուն երկու տարի առաջ էր ծանուցել այս արբիտրաժային վարույթը սկսելու մասին, երեկ հիմնական հայցն են ներկայացրել, ընդ որում, ըստ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի, սահմանված վերջնաժամկետին։

Իրավաբանի խոսքով՝ ընթացակարգերի ժամկետներն, իհարկե, ամրագրված են, բայց դրանցից շեղումներ հնարավոր են միջնորդությունների հիման վրա, և Ադրբեջանը տեսականորեն կարող էր դիմել տրիբունալին՝ վերջնաժամկետը հետաձգելու կամ հայցից հրաժարվելու համար: Պատճառներն, իհարկե, պետք է հարգելի լինեն:

«Ես կարծում եմ՝ քաղաքական պրոցեսները լավագույն պատճառները չեն դատարաններում ժամկետների հետաձգումը հիմնավորելու տեսանկյունից, այստեղ Ադրբեջանը անհամաչափ բեռ պետք է կրեր, բայց մյուս տարբերակը՝ որ Ադրբեջանը սահմանված ժամկետում իր հիմնական հայցը չներկայացներ, որը կազդարարեր գործին հետամուտ չլինելու Ադրբեջանի մոտեցումը, ինչը, իմ գնահատմամբ, ավելի ներդաշնակ կլիներ քաղաքական հռետորաբանությանը», - ընդգծեց Սահակյանը:

Միջազգային իրավական հարցերուվ Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից փոխանցեցին՝ իրենց աշխատանքում ոչ մի փոփոխություն չկա։ Սիրանուշ Սահակյանի տեղեկություններով՝ Հայաստանը պահպանում է դատավարական ժամկետները:

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը միջազգային ատյաններում միմյանց դեմ 5-ական հայցեր ունեն ներկայացրած։

Հաագայի մշտական արբիտրաժային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց չունի, միայն երկու հայցով պատասխանող է։

Այս ատյանում մյուս դիմումով Բաքուն Երևանից ֆինանսական փոխհատուցում է պահանջել Լեռնային Ղարաբաղի էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման, արտադրված էլեկտրաէներգիան Հայաստան արտահանելու համար:

Երկու տարի առաջ ներկայացված Բաքվի առաջին դիմումին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն արձագանքել էր ափսոսանք հայտնելով և այն անհիմն համարելով: Այսօր Հայաստանի կառավարության տեսակետը միջազգային ատյաններում ներկայացնող կառույցից որևէ հայտարարություն չհնչեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG