2023 թվականին, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, այս կառույցից մեկուկես միլիարդ ներդրում է կատարվել Ավինյանի կնոջ ընկերուհու ղեկավարած կազմակերպությունում: «Հետք»-ն է այս բացահայտումն արել: Ըստ հետաքննության՝ «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ «Հետք»-ը պարզել է, որ ընկերությունը հիմնադրվել էր այդ միլիարդանոց ներդրումից ութ օր առաջ:
«Իր էությամբ սա շահերի կոպիտ բախում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Ըստ հետաքննության՝ այս ընկերության տնօրենն ու Ավինյանի կինը մեկ այլ ընկերությունում էլ բաժնետերեր են:
Այս բացահայտումը միայն շահերի բախման մասին չէ, նկատեց Վարուժան Հոկտանյանը: Նա կասկածներ ունի, որ պետական բյուջեի միջոցներով ստեղծված ու ներդրումներ անող ԱՆԻՖ-ը գործել է կոռուպցիոն սխեմաներով. «Ես այն ժամանակ՝ մինչև այս հրապարակումը, ասել եմ, որ շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, բայց չէի ուզենա ընդարձակվել ու խորանալ, մինչև չհասկանայի՝ ինչ վիճակում է գտնվում քրեական գործը»:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվեց Փաշինյանի իշխանության գալուց հետո, պետք է դրսից Հայաստան ներդրումներ բերեր, խթաներ արտահանումը, հայաստանյան բիզնեսներում պետական միջոցներից ներդրումներ աներ ու զարգացներ:
«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն էր, որի միջոցով էլ ներդրում է կատարվել «Սի Էֆ Դաբլյու» նորաստեղծ ընկերությունում և դարձել 49% բաժնետերը։ Հարկատուների հաշվին ներդրում է արվել Հայաստանում կիբերանվտանգային կարողություններ ստեղծելու ու այդ ոլորտում մասնագետներ պատրաստելու նպատակով:
Արդյո՞ք հարկատուների գումարները նպատակին ծառայել են. «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամից «Հետք»-ին փոխանցել են, թե իրենց ֆինանսավորած ընկերությունները հաշվետվություն չեն ներկայացրել։
«Եթե հաշվետվությունները չկան, ապա լրջագույն կասկած կա, որ մենք ունենք մեծ կոռուպցիա», - ընդգծեց Վարուժան Հոկտանյանը:
Պետեկամուտների կոմիտեից հայտնել են, որ ընկերությունը 2023-ին 15 աշխատակից է ունեցել, մինչև 2024 թիվը երկուսն են մնացել: Հիմա, ըստ «Հետքի», միայն տնօրենն է: Ծախսերի արդյունավետությունը «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը պետք է վերահսկեր: Պետական գույքի կառավարման կոմիտեից լրատվամիջոցին փոխանցել են, որ աուդիտի եզրակացությունն էլ գաղտնի է, և դրան չեն կարող ծանոթանալ:
Թե ինչ է եղել պետբյուջեից տրված մեկուկես միլիարդ դրամը, այս պահին հայտնի չէ:
«Այստեղ մենք ունենք առնվազն մեծ կոռուպցիայի լրջագույն կասկած, եթե քրեական գործն առաջ չի գնում», - նշեց «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:
Անցած տարի լուծարված պետական ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի գործով Քննչական կոմիտեում քրեական գործ կա ենթադրյալ չարաշահումների, խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ: Սակայն մինչ այս պահը որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, «Ազատությանը» փոխանցեցին ՔԿ-ից:
Արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաներին, օրինակ՝ ԱՆԻՖ-ը գլխավորած Տիգրան Ավինյանին հարցաքննել են, Քննչականից այս հարցին չպատասխանեցին:
Համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու խոստումներ տվող, նախկիններից հատիկ առ հատիկ պահանջող Նիկոլ Փաշինյանը յուրայիններից պահանջ չունի՞, հարցնում է Վարուժան Հոկտանյանն ու եզրակացնում, որ գործող իշխանության ձեռքերը յուրայիններին հասնում են միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։
ԱՆԻՖ-ի տապալված խոշոր ծրագրերից էր ազգային ավիաուղիների ստեղծումը. Fly Arna-ն երկու տարի էլ չգործեց: Այստեղ էլ 4 միլիարդ դրամի ներդրում էր կատարվել պետական բյուջեից։ Մեկ ամիս առաջ դատարանը սնանկ ճանաչեց «Ազգային ավիաուղիներ» ընկերությունը: