Մատչելիության հղումներ

Անդրեյ Ռազգիլդեևը մեղավոր ճանաչվեց Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու համար


Դատարանն այսօր մեղավոր ճանաչեց ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու համար:

Մեղադրողը 8 տարվա ազատազրկում էր պահանջել: Ըստ էության, Ռազգիլդեևին մնում է ընդամենը 7 ամիս կրել պատիժը, բայց թե որտեղ, վճռում ոչինչ նշված չէր:

Ռազգիլդեևի շահերի պաշտպան Նարինե Ռշտունին ևս արձանագրել էր, որ պատժի կրման վայրի մասին ոչինչ չէր ասվում վճռում: Ամեն դեպքում կարծում է, որ մինչև իրենք վերաքննիչ բողոք ներկայացնեն, Ռազգիլդեևին մնացած պատժի կրման 7 ամիսը կլրանա:

«Մինչև մենք դատավճիռն ամբողջությամբ ստանանք, մինչև ծանոթանանք, մեկ ամիս ունենք բողոքարկելու: Ռազգիլդեևին պետք է դատավճիռն ամբողջությամբ թարգմանեն, տրամադրեն ռուսերեն, դա էլ մեկ օրվա բան չէ, իսկ բողոքարկելու ժամկետը հաշվարկվելու է դատավճիռը ստանալու օրվանից: Մինչև վերաքննիչ բողոքը ներկայացվի, մինչև նիստ նշանակվի, մինչև տեսնենք՝ որքանով է ծանրաբեռնված վերաքննիչը, մինչև քննի վերջացնի, կդառնա հունիս էլի», - նշեց նա:

Մոտ 11 տարի առաջ կրկին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ դատապարտեցին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ ու կրկին վճռի հրապարակման ժամանակ պատժի կրման վայրի մասին ոչինչ նշված չէր: Պերմյակովին տեղափոխեցին Ռուսաստան, քանի որ ավելի վաղ ռուսական զինվորական տրիբունալը դասալքության համար 10 տարվա ազատազրկման էր դատապարտել: Թե հիմա որտեղ է ու որ քրեակատարողական հիմնարկում է վերջինս հայկական կողմի ցմահ ազատազրկման պատիժը կրում, անհայտ է:

Ինչ վերաբերում է Ռազգիլդեևին, նա 7 տարի ռուսական ռազմաբազայում պահվեց և այնտեղից տեսակապով էր մասնակցում դատական նիստերին: Բազայի հրամանատարությունը հրաժարվեց նրան դատարան բերել, պատճառաբանելով, թե վերջինիս անվտանգությունը երաշխավորված չէ և դատարանից գրավոր երաշխիք էին պահանջում: Իսկ պաշտպանական կողմը պնդում էր, որ Ռազգիլդեևին դատարան բերեն, ու քանի որ միջնորդությունները դատարանը մերժում էր, վերջիններս տևական ժամանակ բոյկոտում են դատական նիստերը:

Տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը դժգոհ էր այսօրվա դատավճռից. «Ես պահանջեցի գոնե 10 տարի, գոնե երեք տարին էլ Հայաստանի բանտերից մեկում անցներ, որ զգար, թե բանտն ինչ է, ոչ թե սանատորիա, էդ էլ թողեցին անմխիթար: Ես վստահ էլ չեմ, որ ռուսական բազայում է, իր դեմքից, իր վիճակից, ես գիտեմ, որ ինքը Ռուսաստանում է»:

Անահիտը նշեց, որ վճիռը կբողոքարկեն: Սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքը նաև քաղհայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով 1 մլն 800 հազար դրամ, որով պետք է Ջուլիետա Ղուկասյանի գերեզմանը սարքվի. «Հայցը բավարարել ամբողջությամբ, ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևից հօգուտ տուժողի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանի բռնագանձել 1 միլիոն 841 հազար դրամ»:

Ռազգիլդեևի շահերի պաշտպանը ևս կբողոքարկի դատարանի այսօրվա վճիռը. «Մենք պարտադիր բողոքարկելու ենք, բանականաբար, որովհետև իրեն մեղավոր չի ճանաչում»:

7 տարի տևած այս դատաքննության ընթացքում հինգ դատավոր փոխվեց, ու ամեն անգամ յուրաքանչյուր դատավոր գործը գրեթե զրոյից սկսեց քննել:






XS
SM
MD
LG