Մատչելիության հղումներ

Ռազգիլդեևը դատական վերջին խոսքում իրեն մեղավոր չճանաչեց գյումրեցի կնոջ մահվան գործով


Ջուլիետա Ղուկասյանի գործով դատական նիստ, արխիվ
Ջուլիետա Ղուկասյանի գործով դատական նիստ, արխիվ

Գյումրեցի կնոջը դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու գործով դատավարությունը ավարտվում է: Վաղը կհրապարակվի դատավճիռը, իսկ այսօր ամբաստանյալը՝ ռուսական 102-րդ ռազամաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, վերջին խոսքով հանդես եկավ: Նա իրեն մեղավոր չի ճանաչում և պնդեց, որ ոչ նախաքննության, և ոչ էլ դատավարության ընթացքում չապացուցվեց իր մեղավորությունը:

«Արդեն 7 տարի է՝ կանգնած եմ ձեր առջև՝ պաշտպանելով իմ միակ իրավունքը՝ անմեղ ճանաչվելու իրավունքը այնտեղ, որտեղ ես մեղավոր չեմ և երբեք մեղավոր չեմ եղել», - ասաց նա:

Մեղադրող դատախազը միջնորդել էր դատարանին ութ տարվա ազատազրկման դատապարտել գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրյալ ռուս զինծառայողին և նրան մեղավոր ճանաչել անզգուշությամբ տուժողի մահվանը հանգեցրած ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով: Դատարանում դատախազը հայտարարել էր, թե մոտ յոթ տարի առաջ՝ 2018-ի դեկտեմբերին, Ռազգիլդեևը ևս երկու ռուս զինծառայողների հետ Գյումրիում մի քանի գիշերային ակումբներում են շրջել, վիսկի խմել ու զվարճացել:

57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին առավոտյան ժամը 7-ի սահմաններում «Սլաբոտկա» թաղամասում է հանդիպել, կինը աշխատանքի գնալիս է եղել ու մինչ մահանալը հասցրել է պատմել, թե ով է եղել իր վրա հարձակվողը: Ջուլիետա Ղուկասյանի մահվան պատճառը, ըստ դատաբժիշկների, գանգուղեղի ծանր վնասվածքներն են եղել, որոնք, ինչպես հայտարարել էր դատախազը, նրան հասցրել էր ռուս զինվորը:

Մինչդեռ, ռուս զինծառայողը արադարացում է պահանջում դատարանից. «Ես չպետք է պատասխանատու լինեմ ուրիշի հանցագործության համար, ես անմեղ եմ, ես չեմ կատարել և չէի կարող կատարել այս հանցագործությունը, ես միայն արդարադատություն ու լիակատար արդարացում եմ խնդրում»:

Անդրեյ Ռազգիլդեևը պնդեց, թե իր գործի նկատմամբ մեծ հնչեղություն կա, ու դատարանին խնդրեց չտրվել ճնշումների. «Ես հասկանում եմ այս գործի քաղաքական ֆոնը և հասարակության ու լրատվամիջոցների կողմից դրա նկատմամբ ուշադրությունը»:

Տարիներ շարունակ ռուսական ռազմաբազայում պահվող ու հենց այնտեղից դատական նիստերին տեսակապով մասնակցող Ռազգիլդեևը նշեց՝ իր իրավունքները խախտվել են, թարգմանությունները երբեմն սխալ են եղել, վկաների ցուցմունքներում է հակասություն տեսել և իր նկատմամբ կողմնակալ մոտեցում է տեսել. «Գործի նյութերում չկա որևէ ապացույց, որը կարող էր համոզիչ ու անվերապահ ապացուցել իմ մեղքը»:


Դատավորը խորհրդակցական սենյակ գնաց, վճիռը կհրապարակվի վաղը՝ ժամը 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG