Մատչելիության հղումներ

«7 ամսում 7 պատերազմ եմ դադարեցրել». Թրամփը դարձյալ հիշեց հայ-ադրբեջանական համաձայնությունները


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2020-ից հետո ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր առաջին ելույթում դարձյալ հիշեց Վաշինգտոնում ձեռք բերված հայ-ադրբեջանական համաձայնությունները։ Թվարկելով իր վարչակազմի միջնորդությամբ լուծված հակամարտությունները Թրամփը նաև Հայաստանի ու Ադրբեջանի անունները տվեց:

«7 ամսում ես 7 պատերազմ եմ դադարեցրել, ասում էին՝ հնարավոր չէ, Դուք երբեք դրանք չեք կարգավորի, մեկը 31 տարի էր շարունակվում, մյուսը՝ 36: Բոլոր դեպքերում էլ հազարավոր մարդիկ էին սպանվում: Սա ներառում է Կոսովոն ու Սերբիան, Կոնգոն ու Ռուանդան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Եթովպիան և Հայաստանն ու Ադրբեջանը։ Ոչ մի նախագահ կամ վարչապետ, ոչ մի այլ երկիր նման բան չի արել», - ասել է Թրամփը:

Դիմելով ՄԱԿ անդամներին՝ ավելի քան մեկ ժամ տևած ելույթում Թրամփը հասցրեց խիստ քննադատել նույն այդ կազմակերպությանը, պնդեց՝ հակամարտությունները հենց ՄԱԿ-ը պետք է կարգավորեր․ «Շատ վատ է, որ ՄԱԿ-ի փոխարեն ես էի ստիպված անել այս ամենը՝ ասելով, թե լավ, ՄԱԿ-ն անգամ չի էլ փորձել օգնել: Ես անգամ հեռախոսազանգ չեմ ստացել ՄԱԿ-ից, որ օգնություն առաջարկեին գործարքն ավարտին հասցնելու համար»:

Այս տարեսկզբին Սպիտակ տուն վերադարձած նախագահը խոսեց անցած ութ ամսում գրանցված տնտեսական հաջողություններից, պարծեցավ ապօրինի ներգաղթի դեմ իր վարչակազմի ձեռնարկած քայլերով ու եվրոպային հորդորեց հետևել իրենց օրինակին:

Իրավիճակը Գազայում և ռուս-ուկրաինական պատերազմը

ՄԱԿ-ի ասամբլեայի գլխավոր հարցերից մեկը Գազայում ստեղծված իրավիճակն է, ինչին ի պատասխան անցած 24 ժամում չորս երկիր է ճանաչել Պաղեստին պետությունը։ Իսրայելի հետ իր մերձավոր հարաբերություններով հայտնի նախագահը հայտարարեց՝ գործընկերների այս քայլերից ահաբեկչական «Համաս»-ը կշահի․ «Նա, ով խաղաղություն է ուզում, պետք է միավորված լինի մեկ հարցի շուրջ՝ ազատեք գերիներին հիմա, պարզապես ազատեք գերիներին հիմա»:

Թրամփը խոսեց նաև ռուս-ուկրաինական պատերազմից, հայտարարեց՝ Վաշինգտոնը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Միաժամանակ կրկնեց իր նախապայմանը՝ դրանց արդյունավետության համար անհրաժեշտ է, որ եվրոպական երկրները այլևս ռուսական նավթ չգնեն։





XS
SM
MD
LG