Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում մեկնարկեց նախագահի ընտրությունների քվեարկությունը


Միացյալ Նահանգներում ամիսներ տևած բուռն ընտրապայքարից հետո մեկնարկեց պատմական նախագահական ընտրությունների քվեարկությունը։

Ընտրատեղամասերը վաղ առավոտից առաջինը բացվել են ԱՄՆ-ի Արևելյան ափին։ Մինչ այդ, ավելի քան 82 միլիոն մարդ արդեն վաղաժամ քվեարկել է անցած շաբաթներին։

Քվեարկության ցանկացած ելք կհամարվի աննախադեպ։
60-ամյա Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում Ամերիկան կունենա առաջին հարավասիական ծագում ունեցող և կին նախագահը, երրորդ անգամ նախագահական պայքարի դուրս եկած Դոնալդ Թրամփն էլ վերջին մեկուկես դարի ընթացքում առաջին նախագահը կդառնա, որը Սպիտակ տուն կվերադառնա քառամյա դադարից հետո: Նա արդեն դարձել է Ամերիկայի առաջին առաջնորդը, որը երկու անգամ իմփիչմենթի է ենթարկվել և դատապարտվել քրեական հանցագործության համար։

Թե՛ Հարիսը, թե՛ Թրամփը վստահ են իրենց հաղթանակում, այդուհանդերձ, երկու թեկնածուներն էլ քարոզարշավի վերջին կանգառ են ընտրել տատանվող նահանգները։

«Պայքարն ավարտված չէ, մենք պետք է ավարտին հասցնենք այն վստահությամբ։ Եվ սա կարող է լինել պատմության մեջ ամենալարված պայքարներից մեկը։ Յուրաքանչյուրի ձայնը կարևոր նշանակություն ունի», - Փենսիլվանիայում երեկ հայտարարում էր դեմոկրատների թեկնածուն:

Հարիսի հանրապետական մրցակիցը երեկ հասցրեց այցելել Փենսիլվանիա, Հյուսիսային Կարոլինա, Միչիգան։ Այս երեք նահանգներից բացի, քվեարկության արդյունքները անկանխատեսելի են նաև Վիսկոնսինի, Ջորջիայի, Արիզոնայի և Նևադայի դեպքում:

«Եթե քվեարկեք Քամալայի օգտին, կունենաք թշվառության, անհաջողությունների, աղետների ևս չորս տարի։ Մեր երկիրը կարող է այլևս երբեք չվերականգնվել։ Ինձ ընտրեք, և ես կապահովեմ աճող աշխատավարձեր, աճող եկամուտ և աշխատատեղերի, հարստության և հնարավորությունների հսկայական աճ Ամերիկայում», - հայտարարում էր Թրամփը:

Վերջին սոցհարցումների արդյունքները, սակայն, հնարավոր ելքը չեն հստակեցնում։ Այս ընտրությունների անկանխատեսելիության խորհրդանիշը դարձան հենց առաջին քվեների հաշվարկի արդյունքները։ Առաջին քվեաթերթիկներն ավանդաբար ստացվում են Նյու Հեմփշիրի Դիքսվիլ Նոթչ համայնքից, այստեղ քվեարկությունը տեղի է ունենում կեսգիշերին։ Ընտրատեղամասում գրանցված ընդամենը վեց ընտրողներից երեքը քվեարկել է Թրամփի օգտին, մյուսը երեքն իր ձայնը տվել է Հարիսին:

ABC-ն, վկայակոչելով սեփական ուսումնասիրությունը, հայտնում է, որ Թրամփը հաղթում է 7 տատանվող նահանգներից 5-ում, The Washington Post-ը, մինչդեռ, պնդում է՝ Հարիսը Թրամփից առաջ է անցնում 4 նահանգներում։ The New York Times-ի համաձայն` Թրամփն առաջատար է 4, Հարիսը` 2 նահանգներում, իսկ Փենսիլվանիայում, ըստ նույն լրատվամիջոցի հարցումների, երկու թեկնածուների շանսերը հավասար են։

Միացյալ Նահանգների նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի կամ ոչ միայն քվեարկությամբ, այլև Ընտրական կոլեգիայի միջոցով, որում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն:

Քվեների նախնական հաշվարկն ակնկալվում է մի քանի օրից, ինչը սրում է նախընտրական լարվածությունը։ Թրամփն արդեն հայտարարել է, որ պարտության դեպքում չի ճանաչի ընտրությունների արդյունքները։

Այսօր՝ քվեարկության մեկնարկից բառացիորեն ժամեր առաջ, ամերիկյան հատուկ ծառայությունների պաշտոնյաները հանդես եկան հայտարարությամբ,պնդելով, որ Ռուսաստանն ու Իրանը ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձեր են անում՝ այս անգամ նպատակ ունենալով ոչ միայն ազդել արդյունքների վրա, այլև դրանց նկատմամբ անվստահություն սերմանել ամերիկացիների շրջանում և նրանց դրդել բռնությունների: Մոսկվան ու Թեհրանը կտրականապես հերքում են մեղադրանքները:

Ամերիկյան ընտրություններին աշխարհում մեծ ուշադրությամբ են հետևում, արդյունքները կարող են վճռորոշ լինել հատկապես Ուկրաինայի համար։ Հանրապետականների թեկնածուն պնդում է, որ վերընտրվելու դեպքում մտադիր է երրորդ տարին բոլորող Ռուսաստանի արյունալի պատերազմը մեկ օրում ավարտել, սակայն չպարզաբանելով ինչպես է հասնելու դրան՝ Մոսկվայի՞ն է ստիպելու հրաժարվել գրավված տարածքներից, թե՞ Կիևին է համոզելու գնալ զիջումների։ Մեկ հարց Թրամփն արդեն հստակեցրել է՝ կկասեցնի Կիևին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը։ Հարիսը, մինչդեռ, հակառակը՝ հայտարարում է Բայդենի քաղաքականությունը շարունակելու ցանկության մասին՝ հասնելու Պուտինի ռազմավարական պարտությանը։

Նախընտրական այս ու մյուս խոստումները կատարելու համար Սպիտակ տան ղեկավարը պետք է աջակցություն ստանա նաև Կոնգրեսից։ Այսօր ամերիկացիներն, ի դեպ, նոր օրենսդիր մարմին են ընտրում, որտեղ այս պահին Ներկայացուցիչների տանը հանրապետականներն են մեծամասնություն կազմում, դեմոկրատներն էլ վերահսկում են Սենատը։ Հարցումները վկայում են հնարավոր փոխատեղումների մասին:

XS
SM
MD
LG