8։26
ԱՄՆ արևմտյան նահանգներում քվեարկությունն ավարտվել է։ Ըստ AP-ի՝ Թրամփը հաղթել է Այդահոյում Հարիսը՝ Կալիֆորնիայում և Վաշինգտոնում:
07։29
Հանրապետական թեկնածու Թրամփը սոցիալական ցանցում գրել է, որ Ֆիլադելֆիա քաղաքում, որը դեմոկրատների հենակետն է Փենսիլվանիա նահանգում, «խոսվում է զանգվածային կեղծիքների մասին»:
Քաղաքային կոմիսար, հանրապետական Սեթ Բլյուշտեյնը X-ում պատասխանել է, որ մեղադրանքը բացարձակապես անհիմն է:
«Սա ապատեղեկատվության ևս մեկ օրինակ է։ Ֆիլադելֆիայում քվեարկությունն անվտանգ և ապահով էր»,- ասել է Բլյուշտեյնը:
07։14
Դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը հաղթել է Կոլորադոյում՝ ստանալու նահանգի 10 ընտրիչների ձայները, հայտնում է Associated Press-ը։
Կոլորադոն ժամանակին մանուշակագույն նահանգ (մանուշակագույն համարվում է այն նահանգը, որտեղ նախագահական տարբեր ընտրությունների ժամանակ երկու անգամ քվեարկել են հօգուտ նախագահի հանրապետական թեկնածուի և երկու անգամ հօգուտ դեմոկրատականի) էր, բայց վերջին երկու տասնամյակների ընթացքում այն դարձել է կապույտ: Նախագահի վերջին հանրապետական թեկնածուն, որը հաղթել է Կոլորադոյում, Ջորջ Բուշ կրտսերն էր 2004 թվականին:
07:05
Թրամփն, այս պահի տվյալներով, ստանում է 178 ընտրիչների ձայներ, Հարիսը՝ 99, բայց «տատանվող» նահանգներում՝ Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նևադայում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում, որոնք առանցքային են ընտրությունների արդյունքների համար, պատկերը դեռ պարզ չէ։
Ընտրական կոլեգիայի 270 ձայն ստացած թեկնածուն կդառնա երկրի 47-րդ նախագահը։
06։58
ԱՄՆ-ի հարավարևելյան Ջորջիա նահանգում երկու ընտրատեղամաս մոտ 30 րոպեով տարհանվել է ռումբի սպառնալիքների պատճառով, որոնց ահազանգերը, ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), ռուսական տիրույթից են:
ՀԴԲ-ն հաղորդել է, որ մի քանի նահանգներում ընտրատեղամասերը դարձել են սպառնալիքների թիրախ, դրանք, սակայն, արժանահավատ չեն:
06։52
Երկրի նահանգների կեսից ավելիում արդեն փակվել են ընտրատեղամասերը, հաղորդում է AP-ն։
06։20
Ինչպես և սպասվում էր, Թրամփը հաղթում է Ալաբամա, Արկանզաս, Ֆլորիդա, Ինդիանա, Կենտուկի, Լուիզիանա, Միսիսիպի, Օհայո, Օկլահոմա, Հարավային Կարոլինա, Հարավային Դակոտա, Թենեսի, Տեխաս, Արևմտյան Վիրջինիա և Վայոմինգ նահանգներում՝ լրատվամիջոցների ոչ պաշտոնական կանխատեսումներով:
Հարիսը, ինչպես և սպասվում էր, հաղթում է Կոնեկտիկուտում, Դելավերում, Իլինոյսում, Մերիլենդում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Ռոդ Այլենդում և Վերմոնտում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Թրամփն ունի ընտրական կոլեգիայի 120 ձայն Հարիսի 99-ի դիմաց, բայց շատ կարևոր նահանգների արդյունքներ դեռ հայտնի չեն, ներառյալ՝ Կալիֆոռնիան:
06։00
Ամիսներ տևած բուռն ընտրապայքարից հետո Միացյալ Նահանգներում նախագահ են ընտրում։ Աշխարհը հետևում է, թե ով կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը՝ հանրապետական Դոնալդ Թրամփը, թե դեմոկրատ Քամալա Հարիսը։
Ընտրատեղամասերը նոյեմբերի 5-ի վաղ առավոտից առաջինը բացվել են ԱՄՆ-ի Արևելյան ափին։
Միացյալ Նահանգների նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի կամ ոչ միայն քվեարկությամբ, այլև Ընտրական կոլեգիայի միջոցով, որում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն:
Քվեների նախնական հաշվարկն ակնկալվում է մի քանի օրից, ինչը սրում է նախընտրական լարվածությունը։ Ըստ վերջին հարցումների՝ Թրամփն ու Հարիսը գրեթե հավասար վարկանիշ ունեն՝ մոտ 47 տոկոս։
Ամերիկյան ընտրություններին աշխարհում մեծ ուշադրությամբ են հետևում. այս քվեարկությունից է նաև կախված՝ Վաշինգտոնը կշարունակի՞ ակտիվ ներգրավվածությունը Իսրայելից Ուկրաինա պատերազմները հարթելու հարցում, թե՞ կվերադառնա մեկուսացման ու առաջին հերթին Ամերիկայի շահերը վեր դասող քաղաքականության։