ԱՄՆ փոխնախագահ և դեմոկրատների նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Սպիտակ տան կայքում հրապարակել է իր առողջության վերաբերյալ բժշկի եզրակացությունը։ Դրանում նշվում է, որ 59-ամյա Հարիսը առողջ է, ֆիզիկապես և հոգեպես կայուն, չի ծխում, ալկոհոլ խմում է հազվադեպ և չափավոր, զբաղվում է սպորտով և տառապում է միայն սեզոնային ալերգիաներից։
Ըստ այդ եզրակացության՝ Հարիսն ի վիճակի է կատարել պետական ծառայության հետ կապված բոլոր խնդիրները, այդ թվում՝ որպես պետության ղեկավար:
Հարիսի խորհրդականները կարծում են, որ այս հրապարակումը ձեռնտու է փոխնախագահին՝ որպես հակադրություն նրա մրցակցի պահվածքի։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իր առողջական վիճակի մասին հանրությանը տեղեկություններ է հրապարակել հազվադեպ և սահմանափակ չափով երկար տարիներ, ներառյալ նախագահ եղած ժամանակ: Նա դա չի անում ընթացիկ նախընտրական քարոզարշավի ընթացքում ևս, նույնիսկ մահափորձից հետո, որը, ըստ Հարիսի, կարող է ընտրողների մոտ հարցեր առաջացնել այն մասին, թե արդյոք 78-ամյա Թրամփը բավական առողջ է ևս չորս տարի զբաղված նախագահական գրաֆիկին դիմանալու համար:
Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչներն ասել են, որ նախկին նախագահի առողջական վիճակի մասին հաղորդումներ պարբերաբար հրապարակում է նրա բժիշկ Ռոնի Ջեքսոնը սոցիալական ցանցի իր էջում, և որ դրանցից հետևում է, որ Թրամփը բավական առողջ է հանրային ծառայության համար։