Վաշինգտոնում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերը քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը:
Դեսպանատունը նշում է, որ քննարկվել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի հետ կապված հարցեր:
Էլիսոն Հուքերը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հաստատման օրակարգին։
Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:
Մանրամասնելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը՝ օրեր առաջ արտգործնախարար Միրզոյանը պարզաբանել էր՝ սրա շրջանակներում Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։