Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն վերահաստատում է՝ Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինելու


Մինչև եվրոպական երկրները քննարկում են Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր երաշխիքները, այդ թվում՝ զորքերի տեղակայում, Կիև-Մոսկվա բանակցությունների գլխավոր միջնորդ Վաշինգտոնը կրկին բացառում է, որ ամերիկացի որևէ զինվոր կներգրավվի այդ գործում:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը NBC-ի հետ զրույցում ավելի քան թափանցիկ հասկացրել է՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ իրենք չեն տա:

«Նախագահը շատ հստակ է արտահայտվել՝ Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինելու։ Բայց մենք շարունակելու ենք ակտիվ դեր խաղալ՝ փորձելով ապահովել, որ ուկրաինացիներն ունենան անվտանգության երաշխիքներ, և այն վստահությունը, որն անհրաժեշտ է, որպեսզի նրանք դադարեցնեն պատերազմն իրենց կողմից, և ռուսներն էլ զգան, որ կարող են պատերազմը ավարտին հասցնել իրենց կողմից», - ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է ագրեսոր Ռուսաստանն ինքը ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, Միացյալ Նահանգների փոխնախագահն ասել է, թե խոսքը ոչ թե ռուսական զինուժի մասնակցության, այլ բանակցություններում Մոսկվայի վճռորոշ դերի մասին է: Փոխարենը Ջեյ Դի Վենսը պնդել է, որ Եվրոպան կարող է ստանձնել այդ պատասխանատվությունը:

«Անվտանգության երաշխիքներ կարող են տալ բազմաթիվ երկրներ. եվրոպացիներն ակնհայտ մեծ դեր կունենան, աշխարհի այլ երկրներ նույնպես մեծ անելիք ունեն: Ռուսաստանը պետք է ներգրավվի, որովհետև նա է հիմնական դերակատարը, որ պետք է դադարեցնի սպանությունները», - նշել է Վենսը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հերթին ամերիկյան NBC-ին ասել է, որ Կիևին անվտանգության երաշխիքներ կարող են տալ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Լավրովը հնարավոր է համարել նաև, որ այս խմբին միանան Գերմանիան և Թուրքիան՝ պայմանով, որ Ուկրաինան լինի չեզոք, ոչ միջուկային պետություն, որը չի անդամակցի ռազմական որևէ դաշինքի:

«Ոչ ոք չպետք է ապահովի իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին, և ոչ մի կազմակերպություն եվրոպական տարածքում չի կարող հավակնել գերակայության ռազմական և քաղաքական հարցերում։ Իսկ ՆԱՏՕ-ն անում է ճիշտ հակառակը», - պնդել է Լավրովը:


Եվրոպացի առաջնորդները, մինչդեռ, շարունակում են պնդել, որ հենց ռազմական ներկայությամբ է հնարավոր կանխել Ռուսաստանի հետագա ագրեսիան: Գերմանիայի արտգործնախարար Յոհանն Վադեֆուլը հայտարարել է, թե Ուկրաինան պետք է ստանա ՆԱՏՕ-ին անդամակցությանը «շատ մոտ» անվտանգության երաշխիքներ. «Մենք չենք կարող Ուկրաինայից պահանջել լրջորեն մտածել տարածքային զիջումների մասին, եթե նրանք առնվազն չստանան անվտանգության իրական երաշխիքներ՝ հնարավորինս մեծ թվով պետությունների կողմից, որպեսզի, գոնե, Ուկրաինայի մնացած հատվածը լինի անվտանգ»:

Ուկրաինայի նախագահն այսօր հայտնել է, որ մինչև շաբաթվա վերջ Կիևի ներկայացուցիչները կհանդիպեն ամերիկյան կողմի հետ՝ քննարկելու Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունները: Զելենսկի-Պուտին հանդիպումը դեռ չի նշմարվում, Մոսկվան պնդում է, որ մինչև դա հսկայական նախապատրաստական աշխատանք պիտի արվի:

XS
SM
MD
LG