Մատչելիության հղումներ

Զելենսկին ակնարկել է, որ «Դրուժբա»-ին հարվածները կապ ունեն ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Բուդապեշտի որոշման հետ


Նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնարկել է, որ ուկրաինական բանակի կողմից «Դրուժբա» նավթատարի ուղղությամբ հարվածները կապ ունեն Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը արգելափակելու՝ Հունգարիայի որոշման հետ։

Երեկ, պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան Բուդապեշտի նկատմամբ ավելի շատ լծակներ է՞ ձեռք բերել «Դրուժբայի» վրա հարվածներից հետո, Զելենսկին ասել է. «Մենք միշտ աջակցել ենք Ուկրաինայի և Հունգարիայի միջև բարեկամությանը։ Եվ հիմա «Դրուժբայի» գոյությունը կախված է Հունգարիայի դիրքորոշումից»։

Խողովակաշարը, որով Հունգարիան նավթ է ստանում Ռուսաստանից, այս ամիս երեք անգամ խափանվեց՝ ուկրաինական բանակի հարվածներից հետո։

Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը «սպառնում է Հունգարիային»։

«Բուդապեշտը վճռականորեն մերժում է Ուկրաինայի նախագահի սպառնալիքը, - սոցցանցերում գրել է Պետեր Սիյարտոն, հավելելով, - կոչ ենք անում Վլադիմիր Զելենսկիին դադարեցնել սպառնալիքները և չվտանգել մեր էներգետիկ համակարգը»։

Կիևից հակադարձել են, թե Բուդապեշտն իրավունք չունի թելադրել Ուկրաինայի նախագահին, «թե նա ինչ անի, ինչ ասի և երբ»։

«Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը ձեր ձեռքերում է։ Դիվերսիֆիկացրեք ձեր ներուժը և անկախացեք Ռուսաստանից, ինչպես մնացած Եվրոպան»,- հայտարարել է արտգործնախարար Անդրեյ Սիբիգան:


XS
SM
MD
LG