Միացյալ Նահանգները հրաժարվում է միանալ ՄԱԿ-ի բանաձևի նախագծին, որն աջակցում է Կիևի տարածքային ամբողջականությանը և դատապարտում Ռուսաստանի ագրեսիան, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք դիվանագիտական աղբյուրներին։
Այս քայլն, ըստ երևույթին, արտացոլում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև շարունակվող հակասությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծը, որը հայտնի է դարձել Reuters-ին, դատապարտում է ռուսական ագրեսիան և վերահաստատում հավատարմությունը «Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
«Նախորդ տարիներին Միացյալ Նահանգները հետևողականորեն համահեղինակել է նման բանաձևերն՝ ի պաշտպանություն Ուկրաինայում խաղաղության», - Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ։
Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն բռնապետ որակելուց հետո Միացյալ Նահանգների առաջնորդը կրկնեց՝ նա կարող էր կանխել պատերազմը կամ գործարքի գնալ առանց տարածքային ու մարդկային կորուստների։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ պնդել է՝ Կիևը չի համաձայնի որևէ կարգավորման, որին Ուկրաինան չի մասնակցի, ապա վստահեցրել, որ վերջին սոցհարցման համաձայն՝ իր վարկանիշը 57 տոկոս է, իսկ Թրամփի նշած 4 տոկոսն ապատեղեկատվություն է, որն ԱՄՆ-ին տրամադրել է Ռուսաստանը: