Մատչելիության հղումներ

«Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից». Ալիևը սպառնում է


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հաղթանակի զբոսայգում», 8-ը նոյեմբերի, 2024թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հաղթանակի զբոսայգում», 8-ը նոյեմբերի, 2024թ.

«Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը, սպառնալով՝ դրան պետք է վերջ տրվի, քանի դեռ ուշ չէ։

«Ես այդ մասին բազմիցս եմ ասել, և նրանք գիտեն, որ իմ խոսքը պետք է լսել։ Նրանք երբեք չեն կարող ոտք մեկնել մեզ հետ», - ասել է Իլհամ Ալիևը։

Դիմելով Ադրբեջանի ժողովրդին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ Իլհամ Ալիևը պնդել է, թե Բաքուն նոր պատերազմ չի ուզում և իր «տարածքային ամբողջականությունը վերականգնելով»՝ արդեն հասել է նպատակներին։ Խոսելով խաղաղության մասին՝ Ալիևը միաժամանակ 20 րոպեանոց ելույթում 11 անգամ հայերին անվանել է թշնամի ու պնդել՝ «նրանց արածները Ադրբեջանի որևէ սերունդ չպետք է մոռանա»։

«Օկուպացիայի երեսնամյա պատմությունն անհնար է ջնջել մեր հիշողությունից։ Արդեն ասել եմ մեկ անգամ՝ դա անել չի կարելի, երբե՛ք։ Յուրաքանչյուր ոք, որ կցանկանա փորձել մեր ուժը, կրկին պարտություն կկրի և միայն կխայտառակվի։ 44-օրյա հայրենական պատերազմն ու հակաահաբեկչական գործողությունը ոչ միայն Հայաստանի պարտությունն է, այլև դառը ու ստորացուցիչ պարտությունը նրանց, որ կանգնած էին Հայաստանի ետևում», - հավելել է նա։

Ալիևը պնդել է, թե արևմտյան մայրաքաղաքները հրահրում են Հայաստանին գնալ նոր առճակատման

Կոնկրետ երկրներ ու անուններ Ալիևը չի տվել, բայց մեղադրանքի սլաքն ուղղել է Արևմուտքի կողմը։ Ելույթի մի հատվածում, մասնավորապես, նա պնդել է, թե հիմա «որոշ արևմտյան հովանավորներ ցանկանում են Հայաստանը որպես «խաղաղության աղավնի ներկայացնել», քիչ անց էլ հավելել, թե արևմտյան մայրաքաղաքները հրահրում են Հայաստանին գնալ նոր առճակատման։

«Հակաադրբեջանական ուժերը, որ չեն ցանկանում հաշտվել այս իրավիճակի հետ, որոշ արևմտյան մայրաքաղաքներում նստած իսլամաֆոբները նոր պատերազմի են դրդում Հայաստանին: Դա կարող է հանգեցնել հայկական պետության համար կատարյալ ողբերգության: Ես շարունակաբար փորձել եմ բացատրել հայկական կողմին՝ թե իմ պաշտոնական ելույթներում, թե շփումներում, որ նրանք պետք է հեռու մնան սրանից և չընկնեն սադրանքների մեջ», - շեշտել է Իլհամ Աիևը։

Իրավիճակը շտկելու համար դեռ ուշ չէ, ասել է Ալիևը, մանրամասնելով՝ ինչ պետք է անեն կամ չանեն Հայաստանի ղեկավարները։ Առաջինն այս շարքում բանակի ամրապնդումն է, որն Ալիևը պահանջում է դադարեցնել։

Պաշտոնական Բաքուն էլ Հայաստանի Սահմանադրությունից է խոսել

Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հերթին պաշտոնական հայտարարության մեջ Հայաստանի Սահմանադրությունից է կրկին դժգոհել։

«Երբ մենք տեսնում ենք, որ Հայաստանը և նրա ետևում կանգնած ուժերը, որոնք թշնամի են համարում Ադրբեջանը և մեզ հետ սառը պատերազմի մեջ են, զինում են Հայաստանին, կամ որ Հայաստանն ինքն է իրեն զինում, մենք ստիպված ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Թե որոնք են այդ անհրաժեշտ քայլերը, Ալիևը չի մանրամասնել, խոսել է Տավուշ-Ղազախի հատվածի սահմանազատումից, և փաստացի հայտարարել, որ հայկական կողմը չորս գյուղերը վերադարձրել է հարկադրանքի կամ ուժի սպառնալիքի տակ։

«Նրանք իրենց կամքով չգնացին դրան, բայց ոչ էլ ուժ գործադրվեց․ դրա կարիքը չկար։ Կարծում եմ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ու հակաահաբեկչական գործողությունը բավարար էին, որ Հայաստանը հիմա ճիշտ քայլերի գնա», - ասել է նա։

Ռազմական ուժով իր ցանկացած արդյունքին հասնելու մասին հայտարարելիս Ալիևը այսօր էլ բռունցքը վեր էր պարզում 44-օրյայի ելույթների պես։ Իր սկսած պատերազմները որակելով ազատագրական՝ Ալիևն այսօր Բաքվում դրանց նվիրված «Հաղթանակի զբոսայգի» է բացել։ Միջոցառմանը, ի դեպ, ներկա են եղել ոչ միայն փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, այլև նրանց որդին՝ կրտսեր Հեյդար Ալիևը, որը վերջին շրջանում առավել հաճախ է հայտնվում տեսախցիկների առջև ու նաև պաշտոնական հանդիպումների մասնակցում։

XS
SM
MD
LG