Մատչելիության հղումներ

Ակցիա Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանության ու վերադարձի իրավունքի պահանջով


Վերադարձի իրավունք ու Արցախի մշակութային ժառանգության պահպանություն, այս պահանջներով մի խումբ արցախցիներ այսօր հավաքվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։ Բողոքի ակցիայի մասնակիցները հույսը չեն կորցնում՝ միջազգային ճնշմամբ հնարավոր է Բաքուն դադարեցնի հայկական հետքը վերացնելն ու իրենով չանի հայերի տները, սեփականությունը։

«Մենք ուզում ենք պահանջել միջազգային հանրությունից, որպեսզի Ադրբեջանի վրա ճնշում գործադրեն, որպեսզի ադ երկիրը չոչնչացնի մեր պատմական ժառանգությունն ու մեր ունեցվածքը», - ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Քարամյանը:

Նաև առանձին մասնագիտացված խմբեր են փաստել, որ Ադրբեջանը հայաթափված Արցախում վերացնում է հայկական հուշարձանները, ավերում գերեզմանատները, աղվանացնում, ձևախեղում է հայկական եկեղեցիները, անգամ քանդում դրանք։ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունն էր ամիսներ առաջ պարզել՝ Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի 19-րդ դարում կառուցված Կանաչ ժամ եկեղեցին։

Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտում բազմաթիվ հուշարձաններ են վերացրել, ամբողջ մի թաղամաս, Արցախի Ազգային ժողովի գմբեթավոր շենքն են փլուզել։ Մասնավոր ու պետական այլ շինություններ էլ հյուրանոցների են վերածել։

Արցախի պատմական միջավայրի պետական ծառայության նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանն ասում է՝ վանդալիզմի ծավալների մասին հստակ՝ գոնե մոտավոր թիվ հնարավոր չէ նշել։

«Մենք նույնիսկ մոտավոր հաշվարկ չենք ուզում ներկայացնել, որովհետև դա ամբողջ պատկերը չի, մենք այդ ինֆորմացիան ստանում ենք հենց ադրբեջանական սոցիալական ցանցերից: Շատ հնարավոր է՝ շատ-շատ ավելի է, պարզապես դա ենք մենք հանդիպում, պարզապես դրանք են սոցիալական ցանցերում երևում: Բայց այն, որ արդեն մինչև 100-ի հասնում է և՛ պղծումը, և՛ քանդումը, նույնիսկ ունենք եկեղեցիներ հիմնահատակ ավերված, դա միանշանակ է», - ընդգծեց Հայրապետյանը:

Մարգարիտա Քարամյանն էլ նշեց. - «Արվում է դեմոստրատիվ, այսինքն, ամբողջ աշխարհին են ցույց տալիս դա: Ըստ երևույթին Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր համար միջազգային հանրության արձագանք կամ պատիժ գոյություն չունեն, ինչ ուզում անում են: Բայց իր հիմնական նպատակն այն է, որ ժառանգությունը, մեր տները ոչնչացնելով իրենք ուզում են կոտրել արցախցիների հույսը վերադարձի»:

Արցախցիները շեշտում են՝ պատրաստ են վերադառնալ ծննդավայր, սակայն անվտանգության երաշխիքներով ու միջազգային խաղաղապահների ներկայությամբ միայն։ Ընդգծում են՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն էլ Բաքվից պահանջել է պահպանել հայերի վերադարձի իրավունքը։

«Աշխարհում ցանկացած բան կախված է քաղաքական շահից, հիմա մենք մեր պայքարը պետք է անընդմեջ տանենք, պարբերաբար տանենք, մինչև մեր և միջազգային հանրության շահը մի տեղ կհամընկնի: Բայց հույս չունենալն ու լուռ տանը նստելն էլ ճիշտ չեմ համարում, որովհետև ի վերջո ավանդական մի բան կա, չէ՞, մինչև երեխան լաց չի լինում, չի կերակրվում, հիմա պետք է պահանջատեր լինենք, մեր իրավունքները հստակ իմանալով, իրավատեր, ապա նաև պահանջատեր լինենք», - ասաց Արցախից տեղահանված Արմինե Ավագիմյանը:

ՄԱԿ-ի գրասենյակից խոստացան առաջիկայում ընդունել արցախցիներին, լսել բարձրացրած հարցերը։ Քաղաքացիները գրասենյակ գրություններ հանձնեցին՝ իրենց պահանջներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG