Աղոթքի նախաճաշ. Միացյալ Նահանգներից սկիզբ առած այս միջոցառումը հասավ Հայաստան: Վաղն առավոտյան շուրջ 300 հյուրեր «Մարիոթ»-ի «Տիգրան Մեծ» սրահում կնախաճաշեն ու համատեղ կաղոթեն: Հյուրանոցից մենյուն հրաժարվեցին գաղտնազերծել, բայց Աղոթքի նախաճաշերում ընդունված է սեղանին սերուցքային պանիր, վարսակի փաթիլներ, նարնջի հյութ ու սուրճ դնել: Այս պատմության մեջ հանդիսավորն ամենևին էլ նախաճաշը չէ:
Աղոթքի ու նախաճաշի նախօրեին՝ այսօր, Ազգային պատկերասրահում ֆորումի էին հավաքվել հյուրերը: Ովքեր ու ինչ էին խոսում ներսում՝ լրագրողների համար փակ էր այդ ամենը:
Մասնակիցներից Ռուբինա Հովհաննիսյանը կարճ ընդմիջման էր դուրս եկել, մի քիչ լուսավորեց. - «Մեր կառավարությունից անդամներ են եղել Վաշինգտոնում, որտեղ ևս Աղոթքի նախաճաշ է լինում, և մտածել են, որ լավ գաղափար կլինի՝ նույնը նաև Հայաստանում կազմակերպել: Քննարկում են տարբեր թեմաներ, հիմա կոնկրետ հենց քննարկումներ են գնում և՛ քաղաքական, և՛ ընտանիքի, շատ տարբեր, սկզբունքային թեմաներ, օրինակ՝ աբորտի մասին են խոսում, թե ինչով է վտանգավոր Հայաստանի համար, խոսում են «Թրամփի ճանապարհի» մասին՝ խաղաղության ճանապարհի մասին են խոսում, քննարկում»:
Ո՞վ է կազմակերպել հայաստանյան առաջին աղոթքի նախաճաշը: Պաշտոնական կայքէջում կարդում ենք՝ հայաստանյան քաղաքացիական հասարակությունը՝ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ: Քաղաքացիական հասարակություն ասելով հավանաբար նկատի ունեն մի նորաստեղծ Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ, որը ղեկավարում է վարչապետի տիկնոջ «Կրթվելը նորաձև է» ծրագրի համակարգող Ստեփան Սարգսյանը: Նորոգել Հայաստանի հոգևոր հիմքերը, ամրապնդել քրիստոնեական արժեքները. ըստ կազմակերպիչների՝ սա է այս միջոցառման նպատակը:
«Որևէ կապ չունի Մայր Աթոռի կազմակերպչական աշխատանքների հետ», - «Ազատությանն» ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Մայր Աթոռը, սակայն, մասնակցության հրավեր ստացել է, շեշտեց Տեր Եսայի քահանան, Դանիել եպիսկոպոսն է ներկա եղել՝ կարճ ժամանակով. - «Մեկ պանելային քննարկմանը, մեր Մայր Աթոռից մասնակցությունը էդքանով է եղել»:
Աղոթքի շուրջ համախմբվելը լավ է, բայց չգիտենք՝ արդյո՞ք սա քաղաքական հավաք է, հոգևոր ի՞նչ ազդակ ունի. ամեն դեպքում, Հայ եկեղեցու ավանդույթի հետ կապ չունի, ընդգծեց Մայր Աթոռի ներկայացուցիչը:
Աղոթքի նախաճաշի շուրջ համախմբում՝ մի փուլում, երբ իշխանությունը եկեղեցական վերնախավի մասին խոսում է ամենավերջին բառապաշարով, հոգևոր նորոգո՞ւմ է սա, թե՞ քրիստոնեական արժեքների ամրապնդում. Հայաստանի նախագահի ելույթում ոչինչ չենք գտնի վերջին կես տարում ներհայաստանյան առօրյան փոթորկած թեմայի մասին:
«Այսպիսի հարթակները՝ աղոթքի, խորհելու, բաց երկխոսության, ունեն առանձնահատուկ նշանակություն։ Դրանք հիշեցնում են, որ տարբեր կարծիքներն ու հավատքները կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ՝ հանուն համերաշխության և խաղաղ ապագայի», - հայտարարեց Վահագն Խաչատուրյանը:
Շվեյցարահայ գործարար Էդմոն Ավագյանը իրադարձություններին հեռվից է հետևում. - «Այդպիսի նյութերի մեջ չենք մտնում, գիտեք, այդ տեսակ նյութերի մեջ չենք մտնում: Ես Շվեյցարիայում եմ ապրում, այստեղ չեմ ապրում: Կարողությունը չունենք դիրքորոշում որդեգրելու»:
Պորտուգալիայից է եկել քրիստոնեկաան կազմակերպության ներկայացուցիչ Պաոլո Կրուզը. - «Ինչ-որ բան լսել եմ այդ մասին, որ հոգևորականներն ու քաղաքական գործիչները պայքարում են»:
Լավ կլինի, լիահույս է Աղոթքի նախաճաշի հրավիրյալը, նա այս միջոցառումը շատ կարևոր է համարում ՝ լավ առիթ է խոսել կյանքից, քրիստոնեական արժեքներից, նաև սոցիալական հարցերից:
Արցախցի Ռոզալիա Հարությունյանը ելույթ ունի. - «Ելույթում հիմնականում անդրադառնում եմ այն ճանապարհին, ինչ որ անցել է հայ կինը, արցախցի կինը՝ անցնելով Հակարին Արցախից դեպի Հայաստան»:
Իսկ արցախցիների Հակարիից հետոյի փորձություններին Ռոզալիան չի անդրադառնա, ասաց՝ ելույթը ընդամենը 8 րոպե պիտի լինի, նախընտրել է գլխավորն ասել. - «Օրինակ, որ հայ կինը անկոտրում է, ուժեղ կամք ունի»:
Երկխոսության լավ հնարավորություն է սա. գործարար Հայկ Մարգարյանը եկել էր պատմելու՝ ինչպես հաջողել բիզնեսում առանց պատվիրանները խախտելու, հոգևոր արժեքները պահպանելով: Հոգևոր վերնախավի դեմ իշխանական պայքարը իր ոլորտը չէ. - «Խնդրում եմ, քաղաքական հարցերով իմ հետ էլ չխոսեք, հա՞»:
Աղոթքի նախաճաշի շուրջ հովվերգական մթնոլորտը խախտում է «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփը: Հայաստանի իշխանությունը բանտ է նետել 4 հոգևորականի, եկեղեցու ավելի քան 20 աջակցի, ահազանգում է նախաճաշի այս հրավիրյալը: Իր կազմակերպությունը թույլտվություն է խնդրել այցելելու բանտարկյալներին:
«Հայաստանյան իրավապաշտպանները մեզ ասում են, որ այս մարդկանց ներկայացված մեղադրանքները երբեմն կեղծված են, երբեմն՝ չափազանցված: Այսինքն՝ սրանք քաղաքական հետապնդումներ են, նրանք քաղաքական բանտարկյալներ են», - հայտարարեց Վելդքամփը:
Նա մյուս սեղանակիցներին առաջարկում է բարձրացնել այս հարցերը. - «Հայաստանի կառավարությունում կարծում են, որ անարգել կարող են ճնշումներ և ոչ ժողովրդավարական մեթոդներ կիրառել, ու մենք այդ մասին ոչ մի հարց չենք տա իրենց»:
Ի դեպ, այսօր երեկոյան վարչապետն է ելույթով միանալու Աղոթքի նախաճաշի հրավիրյալներին: Վաղը նախատեսված է այցելություն նաև Մայր Աթոռ: Տաճար ու թանգարաններ կայցելեն հյուրերը, նրանցից շուրջ 20 հոգի ցանկացել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպել: Մայր Աթոռից ասացին՝ Վեհափառը կսպասի նրանց: