Մատչելիության հղումներ

Ընդդիմանա՞լ, թե՞ ենթարկվել. Աղազարյանը երկուշաբթի կասի


Պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ազատության» հետ զրույցում այսօր չմանրամասնեց, թե ինչո՞ւ օրեր անց էլ դեռ չի կողմնորոշվել ու ինչո՞ւ էր հերքում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանդատը վայր դնելու խնդրանքով հաղորդագրություն իրեն էլ է ուղարկել։

Կընդդիմանա՞ Փաշինյանի կուսակիցն այս խնդրանքին, թե՞ կենթարկվի. քրեական գործերի ու ներկուսակցական քննության շրջապտույտում հայտնված պատգամավոր Հովիկ Աղազարյանը պնդում է, թե դեռ որոշում չունի. - «Մտածում եմ, ասել եմ՝ ես երկուշաբթի օրը ժամը 6-ին պատրաստ կլինեմ պատասխանելու վարչապետի խնդրանքին»:

Վարչապետը երեկ հաստատեց, որ Աղազարյանին, արդեն հրաժարական տված պատգամավոր Նարեկ Զեյնալյանին ուղարկած SMS-ները խորհրդարանում Քննչականի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ վեճի հետևանք էին։

Իսկ արդյոք իրավակա՞ն է վարչապետի հորդորը՝ իշխանությունների ճյուղերի բաժանման ու հավասարակշռման սկզբունքի պայմաններում։ «Ես չեմ գտնում, որ ինձ գործադիրի ղեկավարն է դիմել, ինձ դիմել է իմ կուսակցության վարչության նախագահը», - ասաց Աղազարյանը։

Վարչապետ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում հստակեցրել էր՝ հաղորդագրություններ է ուղարկել Քննչականի, Հակակոռուպցիոնի, ՊԵԿ-ի, ԲԴԽ-ի նախագահներին, ՆԳՆ և Տարածքայինի նախարարներին ու իր թիմի երկու պատգամավորներին։ Սա բացատրել էր համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ. բայց արդյոք անձերի փոփոխությունը կհանգեցնի՞ համակարգային փոփոխության։

«Պետական կառավարման համակարգում լինում է և գալիս է մի պահ, երբ փոփոխությունները բերող ղեկավարները մի X պահից դառնում են համակարգի մաս. այսինքն՝ նույն տեմպով շարունակելը, փոփոխությունների, էդ բարեփոխումների պրոցեսը հնարավոր չի դառնում», - ընդգծել էր վարչապետը։

«Փաշինյանն ընտրություններից առաջ փորձելու է պարզապես լարել իրավիճակը»

Ի՞նչ համակարգային փոփոխություններ՝ հակադարձում է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, Փաշինյանն ընտրություններից առաջ փորձելու է պարզապես լարել իրավիճակը:

«Հետաքրքրական է նաև հասկանալ, թե ովքեր գիտակցված կմտնեն այդ բեռի տակ ու կնշանակվեն այդ պաշտոններում: Ես այս իրավիճակում ոչ թե սպասում եմ համակարգային փոփոխությունների, այլ՝ ժողովրդավարության կամ մարդու իրավունքների տեսանկյունից նոր վատթարացումներ», - ասաց Աբրահամյանը:

Փաշինյանը երեկ բացատրել էր, թե ինչու է նաև հաղորդագրություն ուղարկել գործադիրից անկախ դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲԴԽ նախագահին: Պնդել էր, թե սա արել է անկախ դատական համակարգ ունենալու ցանկությունից դրդված։ Ասել էր՝ շատ դատական գործեր են ձգձգվում, դատավորները կայացնում են որոշումներ, որոնց մեջ հանրությունը հենց իրեն է տեսնում։

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, հիշեցնում է՝ Փաշինյանը իշխանության է եկել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պաշտպանելու լոզունգներով, այնինչ նրա այս գործելաոճը հակասում է դրան։

Ինչ վերաբերում է թիմակից պատգամավորներին ուղղված խնդրանքին, ապա այստեղ Աբրահամյանը ևս խնդիր է տեսնում. - «Խորհրդարանում տեղի են ունեցել ելույթներ, եթե դրանք իրավական խնդիրներ են առաջացնում, ապա պետք է քրեական վարույթներ լինեն, եթե իրավական խնդիրներ չեն առաջացրել, ապա այստեղ էլ խնդրահարույց իրավիճակ կա՝ գործադիրի ղեկավարի կողմից խորհրդարանի պատգամավորի կողմից ճնշումներ»:

Աբրահամյանը չի բացառում, որ Փաշինյանի խնդրանքը չկատարելու դեպքում Աղազարյանի հանդեպ իրավական ճնշումներ լինեն։ Վերջին օրերին Աղազարյանի հարցաքննությունները դրա մասին են վկայում։

Իշխանական Աղազարյանի անունը կապվում է երկու տարբեր քրեական գործերի հետ, մեկն առնչվում է մանր եղջերավորների գործին, կասկածներ կան, թե ինքը մանր եղջերավորների բիզնեսում հովանավորչություն է արել։ Երեկ էլ հրավիրվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ խորհրդարանում Քննչականի արդեն նախկին ղեկավարի հայտարարությունից հետ։ Պատգամավորն ու Քյարամյանի լեզվակռվի էին բռնվել, երբ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ իշխանական պատգամավորը միջամտել է որդուն վերաբերող՝ ավտոներկրողների քրեական գործին։

XS
SM
MD
LG