Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ «ապատեղեկատվական նյութերի հրապարակումը և Ադրբեջանի դեմ ուղղված ռեպորտաժների հեռարձակումը ռուսական մամուլում», ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից տարակուսանք է առաջացնում: Ընդգծվել է, որ նման գործողությունները հակասում են երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն, նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱԳՆ-ին:
Երեկ էլ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն էր հրավիրվել ԱԳՆ: Ռուսական կողմն իր տարակուսանքն էր հայտնել ադրբեջանական մամուլում հակառուսական ուղղվածության հրապարակումների ի հայտ գալու, ինչպես նաև Բաքվում գործող «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առթիվ։ Ընդգծվել է, որ հնչեցված մեղադրանքները բացարձակապես անհիմն են:
Ռուսական կողմի դժգոհության գլխավոր առիթն ադրբեջանական իշխանությունների ուղղակի վերահսկողության տակ գտնվող Baku TV հեռուստաընկերության կողմից օրերս պատրաստված ռեպորտաժն էր։ Դրանում ադրբեջանցի լրագրողուհին պնդում էր, թե ռուսական մշակույթի տարածմամբ զբաղվող «Ռուսական տունն» իրականում լրտեսների որջ է։