Մատչելիության հղումներ

Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկերը․ 2027-ից բենզինը, ալկոհոլային խմիչքները և ծխախոտը կթանկանան

2027-ի հունվարի 1-ից մեկ լիտր բենզինը՝ անկախ ինքնարժեքի փոփոխությունից կթանկանա 10.5 դրամով. ընտրություններից հետո կառավարության ընդունած առաջին որոշումներից մեկով հաջորդ տարվանից ակցիզային հարկի դրույքաչափերը կբարձրանան. ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, դրա փոխարինիչներն ու վառելիքը դարձյալ կթանկանան. որոշումն օրենքի ուժ կստանա, երբ նաև Ազգային ժողովն այն ընդունի, գործադիրն առաջարկում է այն քննարկել հրատապ ընթացակարգով:

«Ազատությունն» ուսումնասիրել է գործադիրի որոշումն ու հաշվել՝ որ ապրանքը որքան կթանկանա. այժմ հայաստանցիները մեկ լիտր բենզինի համար 43.6 դրամ ակցիզային հարկ են վճարում, հաջորդ հունվարի 1-ից այն կկազմի 54.1 դրամ:

Շուրջ 10 դրամով կթանկանա նաև բնական օդ գազը. ակցիզային հարկի դրույքաչափը բնական գազի յուրաքանչյուր կիլոգրամի համար կկազմի 46 դրամ, ներկայիս 37.1 դրամի փոխարեն:

Ակցիզային հարկ են գանձում այն ապրանքներից, որոնց սպառումը վնասում է առողջությանն ու շրջակա միջավայրին: Եթե վառելիքի գնի մի փոքր մասն է ակցիզային հարկը, ապա ծխախոտի և ալկոհոլային խմիչքների դեպքում այն զգալի մաս է կազմում խանութներում վաճառքի գնի մեջ: Հաջորդ հունվարից 20 հատով մեկ տուփ ծխախոտը կթանկանա 30 դրամով. այժմ մի քանի տարի շարունակ բարձրանալուց հետո ակցիզային հարկը յուրաքանչյուր տուփի համար 390 դրամ է կազմում, հունվարից այն կհասնի 420 դրամի, հաջորդ երկու տարիներին դրույքաչափը դարձյալ կբարձրանա և 2029-ի հունվարին 480 դրամ կկազմի:

Բարձրանում են նաև փոխարինիչների դրույքաչափերը. տաքացվող ծխախոտի մեկ տուփի գինը կբարձրանա 25 դրամով, հաջորդ երկու տարիներին դրույքաչափն ավելի կբարձրանա, ներկայիս գնի համեմատ մոտ 100 դրամով: Կթանկանան նաև էլեկտրոնային ծխախոտն ու նիկոտինային այլ արտադրանքները:

Խանութներում հունվարի 1-ից ավելի բարձր գներ կլինեն նաև ալկոհոլային խմիչքների գնապիտակների վրա, սակայն կթանկանան ոչ բոլոր խմիչքները. կառավարությունը մի կողմից գինու սպառման ավելացման ու գինիների շուրջ տուրիզմի զարգացման մասին է խոսում, մյուս կողմից ավելացնում գինու ակցիզային հարկը, փոխարենն անփոփոխ թողնելով օղու դրույքաչափը:

2027-ի հունվարի 1-ից գինու մեկ լիտրը կթանկանա 45 դրամով կամ յուրաքանչյուր շիշը՝ մոտ 34 դրամով: Եթե այժմ շուրջ 124 դրամն է մեկ շիշ գինու համար ակցիզային հարկը, ապա հաջորդ տարվանից այն կհասնի շուրջ 160 դրամի:

Օղու համար, սակայն դրույքարափը չի փոխվում, ինչպես այս տարի, օղու մեկ լիտրի ակցիզային հարկը 4600 դրամ կկազմի, մրգային օղիների ակցիզային հարկը նույնիսկ նվազում է՝ ներկայիս 4600 դրամի փոխարեն այն 3000 դրամ կկազմի մեկ լիտրի համար:

Գործադիրը որոշումը բացատրում է արտադրողներին խրախուսելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը պնդում է, թե մրգային օղու արտադրանքը և սպառումը զգալիորեն նվազել է, այս որոշմամբ փորձում են ավելացնել արտադրության ծավալները: Այսինքն, հայաստանցիները հաջորդ հունվարի 1-ից խանութներում գինիների բաժնում ավելի բարձր գներ կտեսնեն, օղիների բաժնում գուցե էական էժանացում նկատեն: Այժմ խանութներում մրգային օղի կարելի է գտնել 5000 դրամից էլ ցածր գնով, այսինքն այս խմիչքները հաջորդ տարվանից գուցե շատ ավելի մատչելի դառնան քաղաքացիների համար:

Կառավարության որոշմամբ կթանկանան նաև վիսկին ու ռոմը, հաջորդ տարվա հունվարի 1-ից մեկ լիտրը կվաճառեն 2000 դրամով ավելի թանկ: Ակցիզային հարկը կբարձրանա 25 տոկոսով:

Մինչև 5 տարեկան հնեցման կոնյակը, ըստ կառավարության որոշման, որոշ չափով կթանկանա, ավելի երկար հնեցման կոնյակը, մինչդեռ, ներկայիս գների համեմատ գուցե ավելի հասանելի դառնա, ակցիզային հարկի դրույքաչափը համահարթեցնում են ու նվազեցնում:

Գարեջրի շուկայում, մինչդեռ, թանակցումներ են սպասվում. մեկ լիտրի համար ակցիզային հարկը բարձրանում է 50 դրամով, այժմ 150 դրամ դրույքաչափը հունվարի 1-ից մեկ լիտրի համար 200 դրամ կկազմի: Այսինքն՝ մեկ կեսլիտրանոց շիշ գարեջուրն ըստ այդմ կթանկանա 25 դրամով:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG