«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արձանագրած անճշտությունները կուղղվեն ու արդեն արտացոլված կլինեն ուրբաթ օրը հրապարակվելիք քաղվածքներում, ինչպես նաև կիրակի օրը հրապարակվելիք ընտրությունների վերջնական արդյունքներում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակը:
«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:
ԲՀԿ-ն նաև մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել, այդ թվում թիվ 27/7-ում, որտեղ, ինչպես պնդում է, 77 ձայներից 76-ը չէր հաշվարկվել:
«Բարգավաճ Հայաստան»-ի պահանջով թիվ 27/7 և թիվ 27/26 ընտրատեղամասերի քվեների վերահաշվարկի արդյունքում կուսակցության օգտին կավելանա 92 ձայն:
Թիվ 27/7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո հաստատվեց՝ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում արձանագրել էր ընդամենը 1 ձայն:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե միտում չի եղել , այլ ընդամենը «թվերը մուտքագրելու ժամանակ կայքի առաջին տողը թռել է, և մեկ վանդակով բոլորի թվերը շեղվել է»:
Թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո էլ պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ:
ԿԸՀ-ն, սակայն, 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի լիազորված անձը մի քանի տասնյակ տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու դիմումներ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, «Ազատությանը» փոխանցեց պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը:
Իսկ հարցին՝ Սահմանադրական դատարանում պատրաստվո՞ւմ են վիճարկել հունիսի 7-ի խոհրրդարանական ընտրության արդյունքները, Մելոյանը պատասխանեց՝ որոշում կկայացնեն վերջնական արդյունքների ամփոփումից հետո:
Այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում. ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում:
«3 ուժերից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից, «Միասնության թևեր» կուսակցությունից մենք ստացել ենք վերահաշվարկի դիմումներ»,- ասաց ԿԸՀ նախագահը՝ շարունակելով.- «Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուն այդպես է ցանկացել»:
Վահագն Հովակիմյանն ասաց նաև, որ 2005 տեղամասերից միայն 5-ի հետ կապված արձնագրությունները եղել են ճշգրիտ, բայց մուտքագրման ընթացքում սխալ է եղել.
«Այնտեղ, այսպես ասեմ՝ տողեր են թռցրել, մարդկային գործոն է»,- շեշտեց ԿԸՀ նախագահը: