Երևանի թիվ 9/60 ընտրատեղամասը տեղակայված է Պուշկինի անվան դպրոցում: Թեքահարթակ չկա, անվասայլակով տեղաշարժվող ընտրողին ոստիկանները գրկած (սայլակով) մոտեցրին ընտրելու: Հաշմանդամություն ունեցող տղամարդն ասաց՝ 30 տարի այսպես է գալիս ընտրության:
ԿԸՀ անդամն ասում է, որ վարչապետի՝ Հայաստանի քարտեզով քվեարկության գնալը խախտում չէ. քարոզչական իրերը խախտում են համարվելու, եթե դրանք կրում են վստահված անձինք, դիտորդներ ու հանձնաժողովի անդամները:
Արմավիր քաղաքի 16/4 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի» վստահված անձն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձը ընտրողներին է մոտենում, ինչ-որ բան շշնջում։ Կասկածներ ունի, որ ուղղորդում է:
«Հանձնաժողովի նախագահին տեղեկացրեցի՝ ասաց՝ իր մորքուրն է, մյուսն ընկերն է ու արձանագրություն չկազմեցին», - ասաց «Հայաստան» դաշինքի» վստահված անձ Քրիստինե Պողոսյանը:
ՔՊ-ի վստահված անձը հերքում է այս պնդումը։
Ժամը 14-ի դրությամբ 2 միլիոն 503 հազար 976 ընտրողների 33.84 տոկոսն է մասնակցել քվեարկությանը, հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2021 թվականի ընտրություններին նույն ժամի դրությամբ քվեարկել էր 26.82 տոկոսը:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Հույս ունենք, որ ընտրություններից հետո հատկապես մեր ռուսաստանցի գործընկերների հետ առողջ, կառուցողական մթնոլորտում կարող ենք այդ հարաբերությունները և առողջացնել, և քննարկել եղած խնդիրները և գտնել լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն և ՀՀ-ին և ՌԴ-ին», - ասաց Միրզոյանը։
Արտգործնախարարը նաև հայտարարեց. «Նրանք, ովքեր մտածում են պերեվարոտի մասին, հեղաշրջման մասին, գլուխները պատին են տվել, ասվել ա հազար անգամ ու էլի կասվի՝ պետության համը բերաններում ա մնալու, իրանք էլ՝ ով որ կհանդգնի մարտահրավեր նետել մեր պետականությանը, ինքնիշխանությանը, սահմանադրական կարգին, տարիներով կփտեն բանտերում»։
Փաստաբան Արտուշ Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի շտաբից ահազանգել են Գյումրիի Նորավան թաղամասում գտնվող իրենց գրասենակի՝ ոստիկանների կողմից շրջափակման և գործողությունների մասին: «Եկել ենք, դուռը գտնվում է փակ վիճակում, և տեղեկություններ չունենք՝ ներսում անձինք կան, չկան, ոստիկանության աշխատակիցները ներսում են, ինչ գործողություններ են կատարում», - փոխանցեց փաստաբանը:
Վայրկյաններ անց դուռը բացվեց, և ոստիկանները մի քանի մարդու ուղեկցեցին դեպի մեքենաները:
«Ահազանգ ունենք, որ ընտրակաշառք են բաժանվում», - լրագրողների հարցին արձագանքեց Խուդինյան ազգանունով իրավապահը: Նա հայտնեց, որ ձերբակալվածները երեքն են:
Ներքին գործերի նախարարությունը ժամը 14:00-ի դրությամբ ստացել է 29 ահազանգ։
Ըստ հաղորդագրության, արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 6, քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 6 անձ։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 121 տեղեկությունները ստուգման փուլում են։
1326 անձ դիմում է ներկայացրել ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին: Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ ստացել է 752 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 820 զանգ։
«Մասնակի գնահատական տալ չենք կարող», - ասաց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարը՝ ընտրությունների մասին
«Մենք չենք կարող մասնակի գնահատականներ տալ, մեր մեթոդաբանությունը պահանջում է, որ մենք ընդգրկենք մեծ թվով ընտրատեղամասեր: Ընտրությունների օրը մենք հաշվետվություններ ենք ստանում մեր բոլոր դիտորդներից, որոնք ուղարկվում են այստեղ՝ Երևանում գտնվող գլխամասային գրասենյակ», - նշեց նա:
9/60 ընտրատեղամասում քաղաքացին պնդում է, որ իր հասցեում մարդ կա գրանցված, որին ինքը չի ճանաչում:
Բայց այդ իրեն անհայտ մարդն արդեն եկել քվեարկել է:
Քաղաքացին ասաց, որ 2021-ին էլ է այդպես եղել: Նա մոտեցավ հանձնաժողովի նախագահին ու քարտուղարին, կազմվեց արձանագրություն:
Թիվ 9/51 ընտրատեղամասում իրավիճակը նույնն է, խնդիրը դեռևս վերացված չէ:
Առավոտից տպված կտրոնի թիվը չի համապատասխանում մատյանում գրված համարին, որոշվել է՝ արդեն տպված կտրոններով ընտրողները քվեարկեն մատյանի անուններով:
«Եթե կտորնի թվով լիներ, շատ արագ էր նույնականացվում, հիմա մեր աշխատակիցը ցուցակի մեջ փնտրում, գտնում է անուն ազգանունով, հասցեով, այսինքն, նույնականացման գործընթացը բարդացավ: Խոշոր հաշվով՝ ընտրության արդյունքի հետ կապ չունի: Շատ ակտիվ է ընտրությունն անցնում, մեկ րոպե չի եղել, որ մեր ընտրատեղամաս չմտնի որևէ քաղաքացի», - ասաց տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամը: