Գյումրիում «Հայաստան» դաշինքի աջակիցների, անդամների տներում իրավապահները խուզարկություններ են իրականացրել, «Ազատության» հետ զրույցում հայտնեց քաղաքական ուժի պատգամավորության թեկնածու Հովիկ Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 7-ից մոտ մեկ տասնյակ իրենց համակիրների, այդ թվում՝ Գյումրիում գործող շտաբներից մեկի պետին տարել են: Սակայն թե որ ուժային կառույց և ինչու, հայտնի չէ, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում:
Իրավապահ կառույցները դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել:
Դաշինքն, իր հերթին, հայտարարությամբ շեշտել է, որ նախընտրական շտաբի անդամներին ապօրինաբար են բերման ենթարկում և/կամ ձերբակալվում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով՝ որակելով սա ընտրական իրավունքի խախտում:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն քվեարկեց խորհրդարանական ընտրություններում:
«Կատարեցինք մեր ընտրությունը՝ աղոթքով և հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը», - քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գարեգին Բ-ն:
«Մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ աղոթքով և հայցով, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարգ և բարօր երկիր», - նշեց կաթողիկոսը:
Թիվ 9/24 ընտրատեղամասի քվեախցիկներից մեկն այնպես է տեղադրված, որ նստած տեղից երևում էր, թե ինչպես են քվեարկում քաղաքացիները։ «Ազատության» դիտարկումից հետո նախագահը այն հրեց դեպի պատը:
«Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ քվեարկեց Երևանի թիվ 8/20 ընտրատեղամասում:
«Իմ ակնկալիքները հայ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումն է», - ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ ժողովուրդն ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ:
«Ազատության» հարցին, թե պատրա՞ստ է որպես ընդդիմություն աշխատել մեծամասնություն չունենալու դեպքում, Փաշինյանը պատասխանեց. «Ժողովուրդն ինչ որոշի, այն էլ կանենք»:
ՀՀ գործող վարչապետը նաև վստահեցրեց՝ Երևանը շարունակելու է զարգացնել միջազգային հարաբերությունները: Իսկ թե ինչո՞ւ «է պատրաստվում առաջինը մեկնել Մոսկվա հաղթանակի դեպքում», նա արձագանքեց. «Առաջինի, երկրորդի հարց չէ, Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ, Փարիզ էլ, Թբիլիսի էլ: Ասել եմ, որ հուսով եմ, որ հնարավորություն նաև կունենամ մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բաքվում»:
Ավելին՝ չնայած հայ-ռուսական հարաբերություններում վերջին զարգացումներին՝ Փաշինյանը պնդեց՝ լարվածություն չի տեսնում:
«Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում: Այդ լարվածությունները չեն ստեղծվում, քանի որ ՌԴ նախագահի հետ մենք ունենք շատ սերտ հարաբերություններ», - հավելեց նա:
Քանաքեռ-Զեյթունի գիշերօթիկում կրկնակի քվեարկության դեպքն է եղել, «Ազատությանը» հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը։
9/51 ընտրատեղամասում ընտրողներից մեկին բոլոր քվեաթերթիկները չէին տվել։ Նա քվեախցից դուրս եկավ ու պահանջեց՝ 1, 2 և 3 թերթիկները:
«Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանը քվեարկեց:
«Քվեարկեցի հանուն մեծ փոփոխության մեր երկրում ու վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբացված են իրենց երկիրը կառուցելով և ոչ թե իրար վատություն անելով, իրար հետ կռվելով», - լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը:
«Դիմելով մեր հայրենակիցներին՝ ուզում եմ ասել՝ գնացել ընտրության»:
«Ուժեղ Հայաստանից» ահազանգում են՝ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը հանձնաժողովի կողմից արձանագրվել է:
ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է, որ «ոստիկանը իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։ Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն»։
Թիվ 9/51 ընտրատեղամասի մի անկյունում բաց դրված են քվեաթերթիկները: Տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամի մեկնաբանմամբ՝ դա պայմանավորված է տեսախցիկների հսկողությամբ: