Սահմանադրական դատարանը վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը:
«2026 թվականի հուլիսի 4-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը` 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ», - ասված է Բարձր դատարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Որոշման հրապարակման ժամի վերաբերյալ ՍԴ-ից կտեղեկացնեն լրացուցիչ:
Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնեց, որ գործով որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը օրվա վերջ:
Կողմերն այս պահին հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով:
Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը:
Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել:
Վեցերորդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր անդրադառնալով ԲՀԿ փաստաբան Հովհաննես Խուդոյանի նախօրեի դիտարկմանը, հերքեց, թե ընտրողների թվի տարբերություն կա։
Երեկ Խուդոյանը հայտարարել էր, որ ստորագրված մատյանները ԿԸՀ-ի հրապարակած մասնակցության տվյալների հետ համադրելուց հետո սկզբում շուրջ 27 հազար ստորագրության տարբերություն են հայտնաբերել։
Սահմանադրական դատարանը 5-րդ օրն է՝ շարունակում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը: Այսօր ՍԴ-ն փակ նիստում քննել է գաղտնի ցուցակների հետ կապված հարցերը:
«Այսօր ուսումնասիրելու ենք գաղտնի փաստաթղթեր: Դրանք ուսումնասիրելու համար այս դատավարությունում մեկ փուլ է, փակ դռների հետևում է լինելու: Միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու և դատավորները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
Սահմանադրական դատարանը չորրորդ օրն է՝ շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։
Քաղաքական 7 ուժերն արդեն ներկայացրել են իրենց դիմումները։ Դիրքորոշում է հայտնել նաև պատասխանող կողմն ու որպես երրորդ կողմ ճանաչված իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես նաև իրավապահ կառույցները։ Այժմ դատավորները հարցեր են տալիս կողմերին։
Ավելին՝ այստեղ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը Սահմանադրական դատարանին խնդրեց մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները:
Վահագն Հովակիմյանը իրավաչափ որակեց ընտրություններին արդյունքներն ամփոփող որոշումը: Ընդգծեց՝ այդ որոշումը կայացվել է Ընտրական օրենսգրքի պահպանմամբ, ուստի խնդրեց այդ դիմումները մերժել:
Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը, որը մեկնարկել է երեկ:
Նիստին այսօր մասնակցում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել:
Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությունը:
Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում՝ Սեդա Սաֆարյանը:
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքից դիմում էին ներկայացրել բարձր ատյան, որպեսզի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն այսօր մեկնարկելիք դատավարությանը ճանաչվի անհնարին՝ կողմնակալության հիմքով: Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը:
Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում:
Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս Սահմանադրական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, իսկ 2021-ին Բաբաջանյանը Սաֆարյանի հետ նույն դաշինքում էր:
Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում դիմումների քննությանը:
Ըստ ավելի վաղ հրապարակված փաստաթղթի՝ Վարդանյանի և Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:
Փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդեց, որպեսզի գործի քննությունը շարունակվի ամբողջ կազմով. «Սահմանադրությունը երաշխավորում է Սահմանադրական դատարանի կողմից գործի քննություն, Սահմանադրական դատարանը համապատասխանաբար ունի 9 անդամ, 9 անդամի քանակի փոփոխությունը, որը նախատեսված է Սահմանադրական օրենքով, բայց չի նախատեսված Սահմանադրությամբ, առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե Սահմանադրական դատարանի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կրճատված կազմի կողմից, ինչն առաջացնում է որոշակի խնդիր՝ որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված»:
Դատավարությանը հիմնական պատասխանող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես երրորդ անձ մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիրը», հարակից պատասխաններով հանդես կգան դատախազության, ներքին գործերի նախարարության և հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները:
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը՝ պատճառաբանելով, որ Վարչական դատարան են դիմել, մինև այդ գործի քննության ավարտը. «Խնդրում ենք կասեցնել սույն միավորված գործի վարույթը մինչև Վարչական դատավարության կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 258 Ա որոշման վիճարկման հայցով վարչական գործի քննության ավարտը»:
Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ:
ԿԸՀ-ի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ միջնորդությունը կքննարկեն Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո՝ «պայմանավորված աշախտանքային ծանրաբեռնվածությամբ»:
Ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար: Արդյոք միջնորդությունը վերաբերում է այս գործի, թե նորն են հարուցել, Գլխավոր դատախազությունը դեռ չի պարզաբանել: