Մատչելիության հղումներ

«Փաշինյանն անօրեն գործը շարունակելու համար փորձում էր ծափերի արժանանալ Եվրախորհրդարանում». քահանաներ

«Նրանցից ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, այդ հոգևորակաները Հայաստանում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը», - Եվրախորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ղեկավարի այս պնդումը հաստատող որևէ քրեական գործ կա՞: Կա՞ գեթ մեկ վարույթ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներից որևէ մեկն օտար երկրի գործակալ է: Նաև Կաթողիկոսն ու նրա եղբայրը՝ Եզրաս սրբազանը: Գլխավոր դատախազությանն էինք հարցեր ուղղել: Այսօր պատասխանել են՝ այդպիսի որևէ վարույթի մասին տեղեկություն չունեն:

Ու թեև վարչապետի պնդումները հաստատող քրեական գործեր չկան, բայց նա ավելի բարձր ամբիոններից է հայտարարում, թե Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներից ոմանք ԿԳԲ գործակալներ են: Ոմանք ովքե՞ր են, Նիկոլ Փաշինյանը ոչ անուն, ոչ էլ փաստ է նշում:

Մինչև հիմա Փաշինյանի ղեկավարած կուսակցության կայքում մեկ տեղեկանք է հրապարակվել Կաթողիկոսի եղբորը վերագրված, թե Եզրաս արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է եղել: Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը հերքել է:

Եվրախորհրդարանի ամբիոնից Հայաստանի ղեկավարի ելույթը անլուրջ է որակում Բյուրականի եկեղեցու հոգևոր հովիվը: Տեր Վրթանես Բաղալյանը ելույթից տպավորություն է ստացել, որ Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռի ու եկեղեցին պաշտպանող հոգևորականների դեմ պայքարն է փորձում արդարացնել:

«Փորձում է իր կատարած բռնաճնշումներն, անօրինականությունները, Սահմանադրության խախտումները ներկայացնել, որ խնդիրներ կան, որ մենք պայքարում ենք այդ դրսի ուժերի դեմ, մոռանալով ներկայացնել, որ ինքն ապաշնորհ է՝ երկիրը ղեկավարելու», - ասաց Տեր Վրթանես Բաղալյանը

Վարչապետի ու Մայր Աթոռի առճակատումից հետո Կաթողիկոսն ու մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան հոգևորականներ տարբեր հոդվածներով մեղադրյալ դարձան, որևէ մեկը օտար երկրներին ծառայելու փաստով չէ:

«Ես երբեք ռուսական որևէ կառույցի հետ, օրինակ, կապ չեմ ունեցել, ռուսական դեսպանատուն չեմ գնացել, Ռուսաստանում երբեք չեմ եղել, նույնիսկ ռուսերեն շատ լավ չեմ խոսում, բայց եթե Նիկոլ Փաշինյանը ուզենա, վաղը կարող է Ազգային ժողովի ամբիոնից ասի՝ Տեր Վրթանեսը ռուսական գործակալ է, ու դա հեչ կապ չունի իրականության հետ», - նշեց նա:

Փաշինյանի մեղադրանքները անհիմն են, ասում է Սաղմոսավանի հոգևոր հովիվը՝ Տեր Փառեն Առաքելյանը, որ Արագածոտնի թեմի առաջնորդ, մեղադրյալ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանին աջակցելու համար դատարան էր եկել: Եվրոպական ամբիոնից Փաշինյանը ծափեր էր կորզում հոգևորականների դեմ իր գործը շարունակելու համար, ենթադրում է Տեր Փառենը:

«Միգուցե որպեսզի ավելի հիմնավորված գործեն հետագայում, սա որպես ենթադրություն, որովհետև սթափ մարդ, որ դատում ենք՝ ինչի համար եմ ես իմ արարքները բարձրաձայնում եվրոպական ամբիոնից, որպեսզի ծափահարությունների արժանանամ ու հետո շարունակեմ, միգուցե», - ասաց Սաղմոսավանի հոգևոր հովիվը:

Իսկ ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարը գործակալներ փնտրում սովետական ԿԳԲ-ի արխիվներում, հարցնում է Տեր Վրթանեսն ու ինքն էլ պատասխանում՝ այսպես ապահով է, մարդկանց կպիտակավորի ու պատասխան չի տա. «Վախենում է Լադիմ Լադիմիրովիչից, ինչպես ինքն է ասում, շատ է վախենում ու բնականաբար պետք է ԿԳԲ ասի, որ հանկարծ Ռուսաստանի դեսպանատնից իրան նոտա չուղարկեն»:

Վարչապետին պատարագի տեքստերից միայն վեհափառի անվան հիշատակումը չէ, որ զայրացնում է, անցած շաբաթ էլ Արցախի մասին խոսելը հռչակեց պատերազմի սպառնալիք. «Ես գնում եմ պատարագների ու տեսնում եմ, որ պատարագի ժամանակ, ընդ որում՝ պատարագի տեքստում այդպիսի բան չկա, ու տեքստից շեղվում են ու հղում են անում, ասում են՝ «Արցախի Հանրապետություն» և այլն, շատ լավ, հիմա, ենթադրենք, բոլորս հղում ենք անում, դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է կոնֆլիկտ»

«Բոլորը գիտեն՝ պատերազմն ինչպես եկավ, ինչպես ընթացավ ու ինչպես ավարտվեց, բոլորն էլ գիտեն, թե եկեղեցին ու եկեղեցականները պատերազմի ընթացքում որտեղ էին՝ թե՛ խաղաղ բնակավայրերում, թե՛ պատերազմի դաշտում», - ասաց Տեր Փառենը՝ նշելով, որ Արցախի համար շարունակելու է աղոթել:

«Արցախցին անձ է, որ ապրում է մեր կողքին, մենք չենք կարող իրենց համար չաղոթել, չենք կարող ուղղակի իրենց հետ չապրել, այո, դա էլ փաստված է, որ բռնի տեղահանված են: Սա ցեղասպանություն է, ցեղասպանությունը չի լինում միայն սրով, սպանելով», - ընդգծեց նա:

Պատերազմը աղոթքն ու հոգևորականների զրույցները չէ, որ բերել են, ասում է Տեր Փառենը: Եկեղեցում Արցախի ու արցախցիների համար 30 տարի աղոթում են ու քաղաքական պատեհությամբ աղոթքի բառերը չեն փոխի, շեշտում է հոգևորականը:



XS
SM
MD
LG