Սահմանադրության նոր նախագիծն ամբողջությամբ պատրաստ է: Արդարադատության նախարարն այսօր հայտարարեց՝ տեքստը կհրապարակեն իշխող կուսակցությունում քննարկելուց հետո, թե երբ, չասաց:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է Անկախության հռչակագրին հղում չլինի», - ասել է վարչապետ Փաշինյանը:
Սահմանադրական բարեփոխումների անդամ Էդմոն Մարուքյանը նշեց. «Այսինքն, Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, նշանակում է՝ Հայաստանի ծննդականը մայր փաստաթղթի տակից հանել, այսինքն՝ չկա նման պետություն»:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդում, սակայն, տեքստի քննարկումը դեռ չի ավարտվել: Ըստ անդամների՝ կան կարևոր հարցեր, որ դրանց չեն էլ հասել: Ամենաաղմկոտ՝ մայր օրենքի նախաբանում Անկախության հռչակագիրը թողնել-չթողնելու հարցին էլ դեռ չեն հասել, բայց վարչապետը խորհրդի դիրքորոշումից առաջ հայտարարեց՝ ինքն ու իր կուսակցությունը դեմ են, որ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում լինի. «Ոչ թե անկախության հռչակագիր է, կոնֆլիկտի հռչակագիր է»:
«Հայաստանի ղեկավարը երբ որ ասում է՝ մեր Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, դրանով ցուցմունք է տալիս իր պետության դեմ, որ իր երկիրն է, որը կոնֆլիկտ է հրահրել», - ընդգծեց Մարուքյանը:
Որ մայր օրենքում Հայաստանի հռչակագրի մասին հիշատակում չլինի ու Սահմանադրությունը փոխվի, Բաքուն է պահանջում: Հռչակագրում նշվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին, ու սա տարածքային նկրտում են համարում: Սահմանադրական դատարանը քննեց ու որոշեց, որ տարածքային պահանջ չկա այնտեղ: Փաշինյանն էլ այդ որոշմանը հղում անելով էր Բաքվին հավաստիացնում՝ տարածքային պահանջ չկա, բայց Իլհամ Ալիևը չնահանջեց ու հիմա Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարում է. «Սա կոնֆլիկտի հռչակագիր է ու եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտն անխուսափելի է»:
«Սա ադրբեջանական թեզ է», - ասաց Էդմոն Մարուքյանը:
Թեև պետության բարձր դատարանը որոշումն ընդունել է, Նիկոլ Փաշինյանը շարունակում է Սահմանադրությունը մեկնաբանել, որի իրավունքը չունի, շեշտում է ընդդիմադիր գործիչը:
«Ուրիշ մարմին չկա, դա ո՛չ Նիկոլ Փաշինյանն է, ո՛չ իր մտերիմ Իլհամ Ալիևն է, ո՛չ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ո՛չ Ջեյհուն Բայրամովն է, մեր Սահմանադրական դատարանն է այդ մարմինը: Մեր Սահմանադրական դատարանը, քննելով այս հարցը, ասել է, որ այդ հղումը բացարձակապես տարածքային որևէ պահանջ չի ենթադրում հարևան երկրներից», - ընդգծեց Մարուքյանը:
Անկախության հռչակագրի հղումը Մայր օրենքից հանելը, նշանակում է ոչնչացնել պետության ծննդականը: Քննադատում է Մարուքյանը, որ նախկինում Փաշինյանի կառավարությունում աշխատում էր հատուկ հանձնարարություններով դեսպան:
«Նիկոլ Փաշինյանի այս գործողության դեմ պետք է պայքարեն բոլոր անկախական մարդիկ, ովքեր ուզում են, որ Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան երկիր: Նա հիմա գործում է Հայաստանի Հանրապետության անկախության դեմ», - նշեց նա:
Բաքվի այս պահանջը կատարելը նոր վտանգների սկիզբ է: Մեկնաբանում է Սահմանադրական բարեփոխումների անդամ Էդմոն Մարուքյանը: Եթե Անկախության հռչակագրի հղումը նախաբանից հանում ես ու հանրաքվեի դնում, նշանակում է ընդունում ես Ադրբեջանի թեզը, որ տարածքային պահանջ ունես, ու Ադրբեջանը դրանից հետո կարող է պատերազմել:
«Ինքը երկիրը տանում է մի հատ ազգակործան պրոցեսի, եթե մենք ընդունում ենք, որ Սահմանադրությունը տարածքային պահանջ ունի, որը չունի, մեր Սահմանադրական դատարանն ասում է, որ չունի, իր ասելով, սա կոնֆլիկտի հռչակագիր է, գնում ենք դա փոխելու, այսինքն, գնում ենք հանրաքվեի, ու հանկարծ հանրաքվեն չի անցնում, Ալիևը կարա ասի՝ «տեսաք, դուք ընդունեցիք, որ ազգային պահանջ ունեք, բայց դա չեղավ, հետևաբար այդ տարածքային պահանջը ուներ ոչ թե էն ժողովուրդը, որը 95 թվին է ընդունել այս Սահմանադրությունը և հռչակագիրը դրանից առաջ, այլ այսօրվա ժողովուրդը ունի տարածքային պահանջ ու ես կարամ ձեր դեմ պատերազմեմ»: Այսինքն, երկիրը փուռն է տալիս իր այս վարած քաղաքականությամբ», - ասաց Մարուքյանը:
Փաշինյանը Անկախության հռչակագիրը պատերազմի վտանգ համարելով՝ հայտարարեց՝ իր թիմը դեմ է դրան: Ի՞նչ պատկեր կլինի այդ նախագիծը քննարկող խորհրդում, մեծամասնությունը կգնա՞ Փաշինյանի հետևից, թե՞ Անկախության հռչակագրի հղումը նախաբանում պահպանելու, դեռ հայտնի չէ:
Խորհրդի անդամներից Մարուքյանից բացի Արթուր Սաքունցն է ուղիղ ասել՝ Անկախության հռչակագիրը Հայաստանի ծննդականն է ու դեմ է, որ հանեն Մայր օրենքից:
«Չի կարող հռչակագիրը հանվի Սահմանադրությունից, որովհետև հռչակագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ պետության պետական կառուցվածքի սկզբունքները», - ասել է Սաքունցը:
Քաղաքացիական հասարակությունից Դանիել Իոաննիսյանը դա անկարևոր հարց է համարում, իր համար միևնույն է կլինի, թե ոչ: Արտախորհրդարանական ուժերից Փաշինյանին սատարող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը հրապարակային կարծիք չի հայտնել:
Անդամներից մեկն էլ Մարդու իրավունքների պաշտպանն է: Կառավարությունից՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, խորհրդի նախագահն էլ Սրբուհի Գալյանն է, որ արդեն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում է: