Հայաստանի վարչական քարտեզը կրկին ձևափոխվում է, կառավարությունն այսօր հավանություն տվեց համայնքների խոշորացման 8-րդ փուլին, որի արդյունքում 9 համայնքների միավորումից կձևավորվի 3 խոշոր միավոր։
Լոռու մարզի Ստեփանավանը, Սյունիքի Գորիսն ու Վայոց ձորի Եղեգնաձորը դառնալու են ավելի խոշորացված համայնքների կենտրոններ՝ իրենց շուրջ համախմբելով ընդհանուր առմամբ 80 բնակավայր։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այսօր կառավարության նիստում ներկայացրած նախագծով՝ երկրում համայնքների ընդհանուր թիվը 70-ից կկրճատվի ևս 6-ով: Գործադիրը սա ներկայացնում է որպես բնակավայրերի զարգացման ուղիղ ճանապարհ: Կառավարության պաշտոնյաները պնդում են՝ միավորումը բարձրացնում է համայնքներում կառավարման արդյունավետությունը:
«Եկեք արձանագրենք մի բան, որ մենք չունենք գեթ 1 դեպք, երբ որ համայնք խոշորացրած լինենք, հետո ասենք՝ վայ, ինչի՞ սենց արեցինք, պետք էր չանել սա։ Ընդհակառակը, մենք առանց բացառության բոլոր դեպքերում տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի և բնակավայրերի կյանքի սոցիալ տնտեսական իրավիճակի վրա։ Խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողությունները էականորեն և անգամներով մեծանում են», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախարար Դավիթ Խուդաթյանը հավելեց, որ առանց միավորման գյուղական բնակավայրերում սեփական եկամուտներն այնքան քիչ են, որ նույնիսկ նորակառույց մանկապարտեզի պահպանման ծախսերին չեն բավարարում. «Այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցել ենք մանկապարտեզներ, իրենց սեփական եկամուտների հավաքագրման մասը 25,30 միլիոն դրամ է, իսկ միայն մեկ մանկապարտեզի լիարժեք պահպանման ծախսը ավելին է, քան 30 միլիոն դրամը»:
Մինչդեռ պաշտոնական այս լավատեսությանը կոշտ են արձագանքում փորձագետները: ՏԻՄ հարցերով փորձագետ Լևոն Բարսեղյանը պնդում է, որ իրական ինքնակառավարումը ոչ թե ավելի մեծ ֆինանսական միջոցներով, այլ կառավարման ապակենտրոնացմամբ է որոշվում: Մինչ գործադիրը որպես ձեռքբերում է ներկայացնում մանկապարտեզների կառավարումը, Բարսեղյանը հարցնում է՝ ինչո՞ւ է պետությունը իր ձեռքում պահում դպրոցները, մշակութային օջախներն ու առողջապահական համակարգը:
«Ինչի՞ պիտի մենակ մանկապարտեզ, երաժշտական, արվեստի, սպորտ դպրոցները լինեն համայնքապատկան։ Ինչո՞ւ եք որոշել այդպես։ Ինչի՞ եք որոշել, որ դա ստից բան է, բերեք, գցենք համայնքներին։ Պետական դպրոցները նույնպես պիտի փոխանցվեն համայնքներին։ Ինչո՞ւ չի կարող դա լինել համայնքային կառավարում։ Դա պիտի վերանայվի։ Այնինչ, այս ապակենտրոնացումը, ինչ որ ուզում են անել կամ սկսել են անել, ընդամենը դպրոցների շենքերի տնտեսվարությունն են ուզում հանձնել համայնքներին, տնտեսվարությունը, ոչ թե կառավարումը»,- ասաց նա։
Փորձագետը շեշտում է, որ Հայաստանում համայնքային բյուջեները երկրի համախառն բյուջեի միայն 8-10 տոկոս են կազմում, մինչդեռ Եվրոպայում այդ ցուցանիշը հասնում է մինչև 40-50 տոկոսի. «Համայնքապետերը, ձեռքերը տնկած, ամեն անգամ՝ մի քիչ փող տվեք ասֆալտենք, մի քիչ փող տվեք սուբվենցիա: Սա վատ սխալ մոտեցում էր 90-ականներից դրած, ու տեղական ինքնակառավարում այսպիսով չի կայանում»:
Ավելին՝ դեռ տարիներ առաջ համայնքների որոշ գործառույթներ անցել են կառավարությանը, չնայած որ փորձագետների կարծիքով՝ հակառակը պետք է տեղի ունենար: Վանաձորում ՏԻՄ մարմինների գործունեությունը դիտարկող փորձագետ Գևորգ Քոթանջյանը նկատում է, որ խոշորացումից հետո ոչ թե ապակենտրոնացում է եղել, այլ հակառակը՝ կենտրոնացում: Որպես օրինակ նա շեշտում է, թե ինչպես դպրոցների կառավարումն անցավ Կրթության նախարարությանը, իսկ սոցիալական ծառայությունները համայնքներից անցան սոցապ նախարարությանը:
«Տեղի է ունեցել միայն խոշորացումը, և սուբվենցիաների ու դոտացիաների միջոցով թերևս համայնքներին ավելի շատ գումար է տրվել, բայց ընդհանուր առմամբ բոլոր օղակների կառավարումը անցել է արդեն ոչ թե մարզպետարաններին, այլ կառավարությանը, և ոչ թե տեղի է ունեցել ապակենտրոնացում, այլ խիստ կենտրոնացում», - ասաց նա:
Ի՞նչ դեր ունեն այս դեպքում մարզպետարանները. Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի դիտարկումներով՝ մարզպետարանները շարունակում են անցյալից եկող գործառույթներ ունենալ: Դրանք տարեկան 20-30 միլիոն դրամ որպես սոցիալական օգնություն քաղաքացիներին են բաժանում:
Քանի որ կառավարությունն արդեն տվել է իր համաձայնությունը երեք խոշորացվող համայնքների նախագծին, հաջորդ քայլը Ազգային ժողովինն է։ Օրենքի փոփոխությունից հետո այս աշնանը համայնքներում տեղի կունենան ավագանու ընտրություններ արդեն խոշորացված կազմով։