Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ:
«Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում», - Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:
«Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար», - գրել է Նիկոլ Փաշինյանը՝ Մասուդ Փեզեշքիանին մաղթելով համբերություն, իսկ բարեկամ և հարևան Իրանի ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էսկալացիայի անհապաղ դադրեցման կոչ է արել ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանի հետ հակամարտության տարածումը Մերձավոր Արևելքում կանխելու համար։
Եվրահանձնաժողովի ղեկավարը քննադատել է Իրանի և իր «գործակալների» անզգուշ և պատահական հարձակումները տարածաշրջանի ինքնիշխան տարածքների վրա։ Հարվածներ են հասցվել Բրիտանիայի ռազմաօդային բազային Կիպրոսում և Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքին։
Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցի ժամական ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ «տարածաշրջանում կայունությունը չափազանց կարևոր է»։
«Միակ երկարաժամկետ լուծումը դիվանագիտական ճանապարհով է: Իսկ դա նշանակում է՝ Իրանի համար վստահելի անցում, միջուկային եւ բալիստիկ ծրագրերի վերջնական դադարեցում ու տարածաշրջանում ապակայունացնող գործողությունների ավարտ»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ դատապարտել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը՝ այն անվանելով «ցինիկ» սպանություն, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել էր Մերձավոր Արևելքին «էսկալացիայի անկառավարելի անդունդ» մղելու մեջ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը փոխանցել է, որ Ռուսաստանը վերլուծում է իրավիճակը և սեփական եզրակացություններն է անում։ «Ինչ վերաբերում է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացվող բանակցություններին, ապա կարող ենք միայն խոր հիասթափություն հայտնել, որ այդ բանակցություններում զգալի առաջընթացի մասին հաղորդումների ֆոնին իրավիճակը, այդուհանդերձ, վերածվեց բացահայտ ագրեսիայի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ Պուտինն այսօր ավելի ուշ նախատեսում է Իրանի հետ կապված միջազգային հեռախոսազրույց, սակայն չի բացահայտել, թե ում հետ։
«Կարող եմ միայն ասել, որ մենք մշտական կապի մեջ ենք Իրանի ղեկավարության հետ և քննարկում ենք այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ շարունակում ենք երկխոսությունը այն երիների ղեկավարների հետ, ում վրա հակամարտությունն ազդեցություն է թողել, ներառյալ Պարսից ծոցի պետությունները», - նշել է Պեսկովը։
Մեծ Բրիտանիայի Մերձավոր Արևելքի հարցերով նախարար Հեմիշ Ֆալկոները հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիան պատերազմում չէ»։ Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ իրանական անօդաչու սարքը հարվածեց Կիպրոսում Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերի բազային։
Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես հետո, երբ «Շահեդ» անօդաչու սարքը բախվել է Ակրոտիրիի բրիտանական ռազմաբազայի ռազմական օբյեկտներին՝ առաջացնելով փոքր նյութական վնասներ։
«Թույլ տվեք հստակ ասել՝ Մեծ Բրիտանիան դիտավորյալ որոշում է կայացրել չմասնակցել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման առաջին ալիքին։ Սակայն Իրանի անկառավարելի հարձակումների դեմ տարածաշրջանում մեր դաշնակիցների վրա, մենք որոշեցինք, ինչպես վարչապետը հայտարարել էր երեկ երեկոյան, աջակցել ԱՄՆ-ին՝ օգտագործելու մեր բազաները պաշտպանական գործողություններ իրականացնելու համար», - ասել է Մերձավոր Արևելքի հարցերով նախարար Հեմիշ Ֆալկոները։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ առավոտյան Քուվեյթի զինուժը սխալմամբ ամերիկյան երեք կործանիչ է խոցել, որոնց անձնակազմին հաջողվել է անվնաս փրկվել:
«Անձնակազմի բոլոր վեց անդամներն անվտանգ դուրս են նետվել ինքնաթիռից, անվտանգ կերպով դուրս են բերվել և գտնվում են կայուն վիճակում։ Քուվեյթը ընդունել է իր սխալը, և մենք շնորհակալ ենք Քուվեյթի պաշտպանական ուժերի ջանքերի և այս շարունակական գործողությանը նրանց աջակցության համար», - ասվում է X-ում հրապարակած հայտարարությունում:
Միջադեպի հանգամանքները պարզվում են:
Իսրայելի զինուժը հայտնել է, որ «լրացուցիչ լայնածավալ հարված» են հասցրել Թեհրանի կենտրոնին։ Ըստ Tasnim-ի՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում պայթյուններ են լսվել:
Կատարը հայտնել է, որ իրանական անօդաչուները հարվածել են էներգետիկ ենթակառուցվածքների:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ Իրանի մայրաքաղաքում գտնվող հիվանդանոցից մարդիկ են տարհանվել մոտակայքում հնչած պայթյունների հետևանքով։ Ըստ միջազգային կազմակերպության՝ երեք այլ բժշկական կենտրոններ նույնպես վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ օդային պատերազմ սկսելուց ի վեր։
ԱՀԿ խոսնակը նշել է, որ կազմակերպությունը փորձում է ստուգել տեղեկությունները ինչպես Թեհրանում գտնվող Մոթահարի հիվանդանոցի, այնպես էլ Իրանի հյուսիս-արևմտյան Սարաբ քաղաքում և արևմտյան Համադան նահանգում գտնվող այլ բժշկական կենտրոնների վնասման վերաբերյալ։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին այսօր Մարդու իրավունքների խորհրդին ուղղված իր ելույթում հիվանդանոցների վրա հարձակումները որակել է «անկանոն հարձակումներ»՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։
Իրանից Ադրբեջան է տարհանվել 312 մարդ, այդ թվում՝ 101 ադրբեջանցի և 19 այլ երկրի քաղաքացիներ, ներառյալ՝ Չինաստանից, Ռուսաստանից և Պակիստանից։ Լուրը հաղորդում է պաշտոնական Բաքուն։
Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ մոտ 500 ռուս քաղաքացիների է պատրաստվում տարհանել Իրանից դեպի Ադրբեջան՝ Կասպից ծովի Աստարա անցակետով, և նրանցից 39-ը արդեն անցել են սահմանը։
Թեհրանի նահանգային արտակարգ իրավիճակների ծառայության շենքը, որը գտնվում է Թեհրանի կենտրոնում, «լուրջ վնասներ» է կրել հրթիռային հարձակման հետևանքով, հայտնել է գերատեսչության խոսնակը:
Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը, նաև շտապօգնության մի քանի աշխատակիցներ են վիրավորվել այս միջադեպի ժամանակ, բայց նրանց մեծ մասի վիճակը լավ է: