Գերմանիան չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին, Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
Ի տարբերություն Միացյալ Թագավորության, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին տարածաշրջանում օգտագործել իր ռազմաբազաները՝ իրանական հրթիռներն ու արձակման հարթակները ոչնչացնելու համար, Գերմանիան նման բազաներ տարածաշրջանում չունի։
«Մենք նաև չունենք անհրաժեշտ ռազմական ռեսուրսներ»,- նշել է Վադեֆուլը՝ միաժամանակ ընդգծելով, որ գերմանացի զինվորները կպաշտպանվեն հարձակման ենթարկվելու դեպքում։
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ դաշնակից լիբանանյան «Հեզբոլա» խմբավորման առաջնորդը հարձակման «թիրախ» է։
Իսրայել Կացը X սոցիալական հարթակում գրել է, թե «Հեզբոլա»-ի ղեկավար Նաիմ Քասեմը Իրանի հրահանգով հարձակվել է Իսրայելի վրա, և զգուշացրել՝ խմբավորումն իր գործողությունների համար «ծանր գին կվճարի»։
Ըստ իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության՝ Իրանի Խորամաբադ քաղաքի վրա ԱՄՆ հարձակման հետևանքով հինգ զինվոր է զոհվել:
Կատարը հայտնել է, որ Իրանը քաղաքացիական ենթակառուցվածքներ է թիրախավորում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը: Սակայն Կատարը կանխել է հարձակումները:
Etihad Airways-ը դադարեցրել է դեպի Աբու Դաբի և Աբու Դաբիից բոլոր չվերթները մինչև վաղը:
Իսրայելի բանակը հայտնել է շաբաթ օրը սկսված հարձակման առաջին ալիքի ժամանակ Իրանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ են սպանվել՝ Սայեդ Յահյա Համիդին և Ջալալ Փուր Հուսեյնը։ Իրանական կողմը դեռ չի հաստատել սա:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային օբյեկտը կիրակի հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ժամանակ։
Սակայն գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ավելի վաղ ասել է, որ նշան չկա, որ կվկայեր, թե Իրանի միջուկային օբյեկտները հարձակման են ենթարկվել: Նա հավելել է, որ չի կարողանում կապի դուրս գալ Իրանի իշխանությունների հետ:
Պայթյուններ են լսվել Երուսաղեմում։
Իսրայելի պաշտպանական ուժերի (IDF)–ի հաղորդմամբ՝ Իրանից նոր հրթիռներ են արձակվել դեպի Իսրայելի տարածք:
«Պաշտպանական համակարգերն աշխատում են չեզոքացնել սպառնալիքը»,- ասված է Իսրայելի բանակի պաշտոնական հաղորդագրությունում:
AFP–ի լրագրողները ևս հաստատել են, որ Երուսաղեմում կրկին լսվել են պայթյունների ձայներ՝ օդային ազդանշանների ուղեկցությամբ։
«Խնդրում են չլքել նավը». 7000, այդ թվում՝ հայ ուղևորներով նավը Դուբայից շրջագայության չի մեկնել
«Փորձում ենք քիչ դուրս գալ հյուրանոցից». Քուվեյթ-Երևան հետաձգված թռիչքի ուղևորը՝ իրավիճակի մասին