Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա հրթիռային հարձակումների նոր ալիքի մասին, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստաընկերությանը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեռ առնչվող Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանը նախատեսում է փակել ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցը, որտեղով փոխադրվում է աշխարհում ամեն օր սպառվող նավթի մոտ 20 տոկոսը։
Նեղուցը գտնվում է Իրանի հարավում՝ Պարսից և Օմանի ծոցերի միջև։
Աբու Դաբիի օդանակավայանում դեպի Երևան իր թռիչքին սպասող հայաստանցի տղամարդը ականատես է եղել Իրանի պատասխան հարվածներին: Դրանց հետևանքով թռիչքները չեղարկվել են, իրենց խումբն էլ ստիպված է եղել տեղափոխվել հյուրանոց:
Տղամարդը, որ չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ ինքն ու ընկերները մոտավորապես յոթ պայթյուն են լսել՝ կես ժամվա ընդիմիջումով: Այնուհետև ծխի ամպեր են տեսել:
«Հենց ծուխը տեսանք, տագնապ սկսվեց, փորձում էինք դուրս գալ օդանավակայանից, այդ պահին հերթեր առաջացան, բայց հետո լավ կազմակերպված մեզ տեղափոխեցին»,- «Ազատությանը» հեռախոսով պատմեց Հայաստանի քաղաքացին:
Նա դեռ չգիտեր, թե երբ կվերականգնվեն թռիչքները:
Լոնդոնի Դաունինգ Սթրիթ փողոցում մի խումբ ցուցարարներ են հավաքվել, շատերը պարզել են առյուծի և արևի պատկերով Իրանի նախկին դրոշը՝ ցույց տալու, որ դեմ են Իրանի գործող կառավարությանը։
Ոմանք բարձրացրել են Իրանի հանգուցյալ շահի որդու՝ Ռեզա Փահլավիի լուսանկարները։
Իրանցիները նաև հավաքվել են Իրանի դեսպանատան դիմաց՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից երկրի վրա վերջին հարձակումներին աջակցություն ցուցաբերելու համար։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խեմենեիի կեցավայրը հարվածներից առաջ և հետո.
Ռազմական էսկալացիան, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգությանն ու կայունությանը, խորը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը, և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», - նշել է Բաքուն։
Ականատեսները BBC-ի պարսկական ծառայությանը պատմել են, որ երեկոյան Թեհրանի արևմուտքում կրկին պայթյուն է լսվել։
AFP-ն էլ հաղորդում է, որ իր լրագրողները «նոր պայթյունների շարք» են լսել։ Իրանական IRNA-ն նույնպես հաղորդում է մայրաքաղաքում տեղի ունեցած նոր պայթյունների մասին։
Վերջին մի քանի րոպեներին Իսրայելի ռազմաօդային ուժերը նույնպես գրառում են կատարել X-ում՝ նշելով, որ «ևս մեկ ավիահարված և հարձակում է իրականացվել Իրանի կենտրոնում գտնվող հրթիռների արձակման կայանների և պաշտպանական համակարգերի վրա»։
Թեհրանը հաղորդում է նոր պայթյունների մասին արևմտյան Գարմդարեհում, ինչպես նաև Թուրքիայի սահմանի մոտ գտնվող հյուսիսարևմտյան Ուրմիա և հարավային Ղոմ ու Բուշեհր նավահանգստային քաղաքում: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Քուվեյթի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ իրանական հարվածներից վիրավորվել է 12 մարդ։ Նրանցից երեքը զինծառայողներ են և վիրավորվել են Ալի ալ-Սալեմի ավիաբազայում բալիստիկ հրթիռների՝ երկնքից ընկած բեկորների հետևանքով։ Զոհեր չկան։
Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի զեկուցող, Ճապոնացի իրավաբան Մայ Սատոն Իրանի ուղղությամբ ԱՄՆ-Իսրայելի հարվածները անվանել է «անօրինական», քանի որ դրանք սկսվել են առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության։ Խորհուրդը այսօր ավելի ուշ կգումարի արտակարգ նիստ։
Սոցիալական ցանցերում արած գրառման մեջ Սատոն նշել է, որ ռազմական միջամտությունը միջուկային խնդրի լուծում չէ և «ոչինչ չի անում՝լուծելու այն խնդիրները, որոնց պատճառով հազարավոր մարդիկ Իրանում դուրս էին եկել փողոց»։ «Իրանի ժողովուրդն ինքը պետք է կերտի իր ապագան», - ընդգծել է ՄԱԿ- ի ներկայացուցիչը։