Մատչելիության հղումներ

եթերում Հեգսեթը հայտարարում է Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի վճռական հաղթանակի մասին

Գլխավորը՝ համառոտ

21:47 28.2.2026
21:47 28.2.2026

Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Մանամայում մի քանի բնակելի շենքեր են թիրախավորվել։

«Քաղաքացիական պաշտպանությունը շարունակում է հրդեհաշիջման և փրկարարական գործողությունները տուժած վայրերում», - ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Համացանցում տարածվում է տեսանյութում, թե ինչպես է իրանական «Շահեդ» անօդաչուն Մանամայում հարվածում ամերիկյան ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբ-բնակարանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքին։

21:48 28.2.2026

Իրանի Կարմիր մահիկի խոսնակը հայտնել է, որ երկրի վրա այսօրվա հարձակումների հետևանքով մինչ այս պահը զոհվել է 201 մարդ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Մոջթաբա Խալեդին նաև տեղեկացրել է, որ վիրավորվել է 747 մարդ՝ հավելելով, որ հարվածի տակ են հայտնվել Իրանի 31 նահանգներից 24-ը։


21:53 28.2.2026

Իսրայելում Իրանի հասցրած հարվածներից բուժօգնություն են ցուցաբերել 89 մարդու, հաղորդել է Իսրայելի ազգային արտակարգ իրավիճակների ծառայությունը, մանրամասնելով՝ նրանք թեթև վիրավորում էին ստացել:

«Մեր թիմերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում», - ասվում է ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։

22:02 28.2.2026

Իրանի հոգևոր առաջնորդի կեցավայրի հրթիռակոծման մասին հաղորդումներից հետո BBC-ն Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին խնդրել է հաստատել կամ հերքել, թե արդյոք այաթոլլա Ալի Խամենեին սպանվե՞լ է, թե՞ ոչ։ Բաղային ասել է, որ «չի կարող հաստատել», թե արդյոք Իրանի բարձրաստիճան ղեկավարության անդամները տուժել են, թե՞ ոչ։

«Կարող եմ ձեզ ասել, որ երկրի տարբեր մասերում հարվածներ են հասցվել բազմաթիվ վայրերի, բազմաթիվ թիրախների», - ասել է Բաղային՝ պնդելով, որ ավելի քան 150 աղջիկ սպանվել և վիրավորվել դպրոցին հասցված հարվածից։

Լրագրողը նշել է, որ դպրոցը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայի մոտ, ինչին պաշտոնյան պատասխանել է. «Դա պարզապես վայրագություններն ու դաժան հանցագործությունները նորմալացնելու միջոց է»։

Լրագրողը Իրանի ԱԳՆ խոսնակին խնդրել է մեկնաբանել նաև արաբական մի շարք երկրներին հասցված հարվածները, ինչին Բաղային պատասխանել է, որ ԱՄՆ-ն այդ երկրներն օգտագործել է Իրանին հարվածելու համար, Թեհրանն էլ պատասխանել է։ Այդուհանդերձ, նա շեշտել է, որ Իրանը գնահատում է իր բարեկամ երկրներին։

«Մենք չենք հարձակվում տարածաշրջանի որևէ երկրի վրա, մենք որևէ խնդիր չունենք մեր արաբ հարևանների հետ։ Միակ բանը, որ մենք անում ենք, ինքնապաշտպանության ակտ իրականացնելն է այդ [ամերիկյան] բազաների վրա», - ասել է նա։

Ավելի վաղ արտգործնախարար Արաղչին NBC News-ին ասել էր, որ իր տեղեկություններով՝ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «ողջ է», սակայն չէր բացառել, որ Իրանը գուցե «մեկ կամ երկու հրամանատար» կորցրած լինի։


22:05 28.2.2026

Իսրայելի զինվորականները նախազգուշական հայտարարություն են հրապարակել՝ կոչ անելով Իրանի կենտրոնական Սպահանի «արդյունաբերական համալիրում» գտնվողներին տարհանվել:

Զինվորականները նաև կոչ են արել մոտակա տարածքի բնակիչներին մնալ իրենց տներում մինչև վաղը առավոտ:


22:12 28.2.2026

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ այսօր մոտ 200 կործանիչներ կատարել են «Իսրայելի ռազմաօդային ուժերի պատմության մեջ ռազմական ամենամաստշաբային թռիչքը»։

Նշվում է, որ իրենց կործանիչները «լայնածավալ հարձակում են իրականացրել Իրանի ահաբեկչական ռեժիմի հրթիռային համակարգերի և հակաօդային պաշտպանության համակարգերի վրա՝ Իրանի արևմտյան և կենտրոնական մասերում»՝ նետելով ռումբեր և հրթիռներ ու թիրախավորելով մոտ 500 օբյեկտ։

Իսրայելական բանակը պնդում է, որ «լրջորեն քայքայել է իրանական ռեժիմի հարձակողական կարողությունները»։

22:21 28.2.2026

Թուրքիայի նախագահը կոչ է արել իսլամական աշխարհին անհապաղ գործել՝ Մերձավոր Արևելքում հետագա սրացումը կանխելու համար, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է արագացնել հրադադարի հաստատման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու դիվանագիտական ջանքերը՝ հավելելով, որ «խորապես» մտահոգված է Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարձակումներով, որոնք, նրա խոսքով, «սկսվել են Նեթանյահուի սադրանքներից»։

«Մենք նաև անընդունելի ենք համարում Իրանի հրթիռային և անօդաչուների հարձակումները Պարսից ծոցի մեր եղբայրական երկրների դեմ՝ անկախ պատճառից», - հավելել է նա։

22:31 28.2.2026
Դուբայն իրանական հարվածներից հետո
please wait

No media source currently available

0:00 0:00:39 0:00
22:36 28.2.2026

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարում է, որ իր ուժերը հաջողությամբ պաշտպանվել են Իրանի հրթիռային և անօդաչուների «հարյուրավոր» հարձակումներից, և որ ամերիկյան կողմում մարտական գործողությունների հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել։

ԱՄՆ ռազմական օբյեկտներին հասցված վնասը «նվազագույն» է եղել և չի ազդել գործողությունների վրա, ասվում է հաղորդագրությունում։

Նաև նշվում է, որ այսօրվա ռազմական գործողությունների թիրախում եղել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական օբյեկտները, Իրանի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, հրթիռների և անօդաչուների արձակման վայրերը և ռազմական օդանավակայանները»։

«Գործողության առաջին ժամերի ընթացքում օդից, ցամաքից և ծովից արձակվել են բարձր ճշգրտության զինատեսակներ։ Բացի այդ, Կենտրոնական հրամանատարության Scorpion Strike օպերատիվ խումբը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ կիրառել է մեկանգամյա օգտագործման գրոհային էժան անօդաչուներ», - ասվում է հայտարարությունում։



Բեռնել ավելին

XS
SM
MD
LG