Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիվ Բիրոլն ապրիլի 13-ին կհանդիպի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարների հետ՝ քննարկելու էներգետիկ ճգնաժամը, որն առաջացել է Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմի պատճառով։
«Իրանի պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը պահանջում է բոլորի ներգրավվածություն և միջազգային համագործակցություն»,- X սոցիլական հարթակում գրել է Բիրոլը։
ԱՄՆ Պետդեպարտամենտն այսօր հայտարարություն է տարածել՝ հորդորելով Բահրեյնում գտնվող բոլոր ամերիկացիներին մնալ իրենց բնակության վայրերում մինչև հետագա ծանուցումը։
Մինչ ներդրողները հաշվարկում են՝ արդյոք Իրանը կկատարի՞ ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցը վերաբացելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը, որի վերջնագիրն այսօր լրանում է, բարձրացել են նավթի և արժեթղթերի գները։
Սուրբ Հարության տոնից հետո Եվրոպայի տարածաշրջանային առևտուրը վերսկսել է, եվրոպական ֆոնդային բորսան կեսօրին աճ է գրանցել։ Ասիական բաժնետոմսերի ինդեքսներն էլ իրենց հերթին օրն ավարտեցին չնչին աճով։
Թրամփը Թեհրանին զգուշացրել է՝ եթե մինչև երեքշաբթի երեկոյան 20:00-ն Իրանը չթույլատրի Հորմուզի նեղուցով ազատ տեղաշարժը, Միացյալ Նահանգները կիրականացնի Իրանի կարևորագույն ենթակառուցվածքների «ամբողջական ոչնչացման» գործողություն։
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ըստ որոշ հաղորդագրությունների, անգիտակից վիճակում է և բուժվում է Իրանի Քոմ քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Շիայական իսլամում Քոմը համարվում է ամենասրբազան քաղաքներից մեկը:
The Times-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ «Մոջթաբա Խամենեին ծանր վիճակում է և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը»:
Թրամփը հայտարարել է՝ եթե Իրանը գործարք չկնքի, «ամբողջ քաղաքակրթությունը կվերանա այս գիշեր»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին զգուշացրել է Իրանին համաձայնության գալ՝ ընդգծելով, որ «ամբողջ քաղաքակրթությունը կվերանա այս գիշեր», եթե հակամարտությունը դադարեցնելու համար համաձայնագիր չկնքվի։
Իրանի պաշտոնյաները հաղորդել են, որ ԱՄՆ-իսրայելական օդային հարձակումների ալիքի ժամանակ վնասվել են առնվազն երկու կամուրջ, երկաթուղային ենթակառուցվածքներ և կարևոր մայրուղի:
Պետական լրատվամիջոցները նշում են, որ փլուզվել են Ղոմ սուրբ քաղաքի մոտ գտնվող կամուրջը և Քաշանի մեկ այլ կամուրջ, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։
Իրանի հյուսիսում գտնվող կարևորագույն մայրուղին, որը Թավրիզը Զանջանով կապում է Թեհրանի հետ, նույնպես փակվել է՝ Թավրիզից մոտ 90 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած վթարի հետևանքով:
Իրանը նախապայմաններ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ խաղաղության բանակցությունների համար, գրում է Reuters-ը՝ հղում անելով երկրի անանուն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։
Ըստ այդմ՝ այդ նախապայմանների մեջ ընդգրկված են՝ հարձակումների անմիջական դադարեցում, երաշխիքներ, որ դրանք չեն կրկնվի, և պատճառված վնասի փոխհատուցում։
Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածներն Իրանին: Ալբորզ նահանգում առնվազն 18 մարդ է սպանվել, վիրավորվել՝ երկու տասնյակից ավելի: Իսրայելը հայտարարել է, որ հարվածել են Խորամաբադի օդանավակայանին, իսկ Շիրազում՝ նավթաքիմիական գործարանի՝ երրորդը պատերազմի ընթացքում:
Իսրայելի բանակը նաև իրանցիներին զգուշացրել է իրենց իսկ անվտանգության համար այսօր մինչև երեկոյան ժամը 9-ը խուսափել երկաթուղուց օգտվելուց: Իսրայելը պնդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկաթուղին օգտագործում է զենք-զինամթերք տեղափոխելու համար։ Հետևաբար այն լեգիտիմ թիրախ է դառնում բանակի համար:
Իսրայելը նաև հայտարարել է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի մարտիկների է սպանել Լիբանանում: Իրանի աջակցությունը վայելող շարժումը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին:
Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, կան ավերածություններ: Նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներին:
Իրանի խորհրդարանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի «ինքնիշխանության և լեգիտիմության իրականացման» վերաբերյալ ընդունել օրենք: Փոխնախագահ Ալի Նիկզադը հայտարարել է, որ հարցը «շուտով» կքննարկվի խորհրդարանում։
«Օրենքն անպայման կկիրառվի Հորմուզի նեղուցում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից», - ասել է նա:
Հորմուզի հարցով այսօր նախատեսված է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քվեարկության կդրվի Բահրենի ներկայացրած բանաձևը: Այն անդամ երկրներին «խրախուսում է համակարգել պաշտպանական բնույթի ջանքերը՝ նեղուցով նավարկության անվտանգությունն ապահովելու համար»:
Ասիական որոշ երկրների նավեր այս ընթացքում ապահով անցել են նեղուցը Իրանի հետ համակարգելուց հետո:
Պակիստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու շուրջ միջնորդների միջոցով ընթացող բանակցությունները մոտենում են «կրիտիկական, զգայուն» փուլի: Այլ մանրամասներ, սակայն, Ռեզա Ամիրի Մոգադամը չի հայտնել:
Չնայած Թրամփի սպառնալիքներին՝ առայժմ ոչինչ չի վկայում, որ Թեհրանը մտադիր է զիջման գնալ Հորմուզի հարցում: