Ուկրաինական հետախուզության գնահատմամբ՝ ռուսական արբանյակները տասնյակ մանրամասն լուսանկարներ են արել Մերձավոր Արևելքում ռազմական օբյեկտների և կարևոր նշանակության օբյեկտների վերաբերյալ, որպեսզի օգնեն Իրանին հարվածներ հասցնել ԱՄՆ ուժերին և այլ թիրախներին:
Ըստ հետախուզության՝ ռուսական արբանյակները մարտի 21-ից 31-ը առնվազն 24 տարածքի նկարահանում են իրականացրել Մերձավոր Արևելքի 11 երկրներում՝ ընդգրկելով 46 «օբյեկտ», ներառյալ՝ ամերիկյան և այլ ռազմական բազաներ, օդանավակայաններ ու նավթային հանքավայրեր:
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել և ոչնչացրել է երկրի արևելյան ուղղությամբ արձակված յոթ բալիստիկ հրթիռներ: Ընդ որում, ըստ Պաշտպանության նախարարության, բեկորներն ընկել են էներգետիկ օբյեկտների մոտակայքում:
Նախարարությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում վնասի գնահատման ուղղությամբ, սակայն չի հստակեցրել, թե ով է արձակել հրթիռները:
Մայրաքաղաք Թեհրանում բնակելի թաղամաս է ենթարկվել հարձակման, փրկարարները որոնում են փլատակների տակ գտնվողներին, հայտնում է Իրանի Կարմիր մահիկի լրատվական կայքը։
Իսրայելի բանակը, իր հերթին, հայտարարել է, որ ավարտել է օդային հարվածների ալիքը, որի նպատակն էր վնասել Իրանի «ահաբեկչական ռեժիմի» ենթակառուցվածքները Թեհրանում և Իրանի այլ շրջաններում։
Իրանի հեղափոխական գվարդիան երկուշաբթի առավոտյան կանգնեցրել է Կատարի հեղուկացված բնական գազով երկու լցանավեր, որոնք Հորմուզի նեղուց էին ուղևորվում, և առանց բացատրության նրանց հրամայել է տեղում մնալ, Reuters-ին հայտնել է աղբյուրը:
Իրանն ավելի վաղ թույլատրել էր նավերին անցնել նեղուցով Պակիստանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնության համաձայն:
Սակայն, երկու նավերն էլ չեն հատել Հորմուզը:
Ամերիկա-իսրայելական հրթիռը հարվածել է սինագոգի Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնում, հայտնում է կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալությունը։
Իրանը մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացվել, և այդ գիշերը կարող է հենց վաղը լինել,- այսօր լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ կարծում է՝ Իրանի ժողովուրդը պետք է ապստամբի երկրի կառավարության դեմ, եթե հայտարարվի հրադադար։
«Իրանի հետ համաձայնության գալու վերջնաժամկետը շարունակում է մնալ երեքշաբթին», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Արձագանքելով Իրանի կողմից հրադադարի առաջարկի մերժմանը՝ Թրամփը նշել է․ «Ես դժգոհ եմ Իրանի կառավարությունից, և նրանք դրա համար մեծ գին են վճարելու»։
Այսօր կայացել է Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության իր աղբյուրներին վկայակոչելով։
«Նախարարները քննարկել են Իրանի շուրջ ծավալվող զարգացումները և մի շարք այլ հարցեր», - հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ այս պահի դրությամբ բանակցությունների մասին հավելյալ մանրամասները հայտնի չեն։
ԱՄՆ և Իսրայելի օդային ուժերը այսօր հարվածներ են հասցրել Իրանի խոշորագույն ձեռնարկություններից մեկին՝ Մարվադաշտի նավթաքիմիական գործարանին։
Իրանի պետական հեռուստատեսության պնդմամբ՝ գործարանում ծագած կրակը հնարավոր է եղել արագորեն մարել, լուրջ վնասներ չեն արձանագրվել։
«Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ «ողջ տարածաշրջանը գործնականում կրակի մեջ է»։
«Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներն են։ Հակամարտության աշխարհագրությունը ընդլայնվել է և այժմ մենք արձանագրում ենք այն հետևանքները, որոնք առկա են՝ ներառյալ համաշխարհային տնտեսության համար», - նշել է Պեսկովը։
Դրա հետ մեկտեղ Կրեմլի խոսնակը գերադասել է չմեկնաբանել ԱՄՆ նախագահի կողմից Իրանին ուղղված վերջին սպառնալիքները։