Մատչելիության հղումներ

եթերում Թրամփը զգուշացնում է ծանր հետևանքների մասին, եթե Իրանը կրկին հարվածի Կատարի գազային հանգույցին

Գլխավորը՝ համառոտ

13:34 18.3.2026

Իրանի միջուկային ծրագրի ապագան կսահմանի Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին: Այդ մասին այսօր «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Այս պահին ես այն դիրքում չեմ, որպեսզի գնահատեմ, թե ինչպիսին կլինի նոր առաջնորդի դիրքորոշումը այս հարցում՝ իրավական կամ քաղաքական տեսանկյունից։ Ինչպես հասկանում եմ, այն չպետք է էապես տարբերվի մեր նախկին գծից, սակայն պետք է սպասենք, մինչև նրա տեսակետները հստակ դառնան», - ասել է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ընդգծելով՝ Իրանի միջուկային ծրագիրը «միշտ ունեցել է խաղաղ բնույթ»։

«Մենք միշտ ձգտել ենք և շարունակում ենք ձգտել իրականացնել մեր օրինական իրավունքը՝ օգտագործելու ատոմային էներգիան խաղաղ նպատակներով», - ասել է Արաղչին։

12:24 18.3.2026

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լարիջանիի սպանությունը չի խաթարի կառավարության աշխատանքը, քանի որ դա անհատներից կախված չէ. Իրանն ունի ամուր քաղաքական կառուցվածք՝ կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով, ասել է Արաղչին:

Արաղչին պնդել է, որ Իրանի գերագույն առաջնորդը փետրվարի 28-ի հարձակման ժամանակ միայն թեթև վնասվածքներ է ստացել: Մոջթաբա Խամանեին ողջ և առողջ է ու լիովին վերահսկում է իրավիճակը, վստահեցրել է նա:

11:26 18.3.2026

Իսրայելի հարվածներից այսօր առավոտյան Բեյրութի կենտրոնում առնվազն 12 մարդ է սպանվել։ Այս մասին հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Բաստա և Զուքաք ալ-Բլատ թաղամասերում իրականացված հարվածների հետևանքով վիրավորների թիվն անցում է 40-ը։

11:01 18.3.2026

Իրանի դատական իշխանությունը հայտնել է, որ այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված մի տղամարդ։

Դատական համակարգին առընթեր Mizan Online կայքի փոխանցմամբ՝ մահապատժի ենթարկվածը Քուրոշ Քեյվանին է։ Իրանական կողմի պնդմամբ՝ նա Մոսադի աշխատակիցներին փոխանցել էր երկրի զգայուն օբյեկտների լուսանկարներ և տեղեկություններ։

Իրանական աղբյուրները նշում են, որ Քեյվանին ձերբակալվել էր անցյալ տարվա հունիսին՝ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում։ Ըստ նույն աղբյուրների՝ նա վերապատրաստում էր անցել «վեց եվրոպական երկրներում և Թել Ավիվում»։

10:10 18.3.2026

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքները կզգացվեն ամբողջ աշխարհում՝ հավելելով, որ միջազգային հանրության ավելի շատ ներկայացուցիչներ պետք է դեմ արտահայտվեն հակամարտությանը։

«Համաշխարհային հետևանքների ալիքը նոր է սկսվել և կհասնի բոլորին՝ անկախ հարստությունից, հավատքից կամ ռասայից»,- X-ում գրել է Արաղչին՝ գրառմանը կցելով ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի՝պատերազմի պատճառով արված հրաժարականի հայտարարության պատճենը։

«Միջազգային հանրության ավելի շատ անդամներ պետք է հետևեն այդ օրինակին»,- հավելել է նա։

09:52 18.3.2026

Իրանը կասետային մարտագլխիկներով հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի անվտանգության ղեկավար Ալի Լարիջանիի սպանության, հաղորդել է իրանական պետական հեռուստատեսությունը։

Հարվածի հետևանքով Թել Ավիվի խիտ բնակեցված հատվածին մոտ գտնվող թաղամասում, որտեղ նաև կարևոր ռազմական օբյեկտներ կան, երկու մարդ է զոհվել: Այդպիսով, պատերազմի ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 14-ի։

Մի քանի ժամ շարունակված լռությունից հետո Թեհրանը երեկ պաշտոնապես հաստատեց, որ Իսլամական հանրապետության Ազգային անվտանգության ղեկավար, երկրի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանին սպանվել է։

09:37 18.3.2026

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարության հաղորդմամբ՝ այսօր երեկոյան Ռիադում կանցկացվի մի շարք արաբական և իսլամական երկրների արտգործնախարարների խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու ուղիները։

01:24 18.3.2026

Մի քանի ժամ շարունակված լռությունից հետո Թեհրանը պաշտոնապես հաստատեց, որ Իսլամական հանրապետության Ազգային անվտանգության ղեկավար, երկրի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանին սպանվել է։ Պետական հեռուստատեսությունն այդ լուրը հաղորդեց Իսրայելի պնդումներից մոտ տասը ժամ անց։

68-ամյա Լարիջանին վերջին պատերազմում սպանված երկրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է՝ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիից հետո։

Վերջին ամիսներին նա ներգրավված էր նաև դիվանագիտական ասպարեզում և հաճախ էր մեկնում Օման և Կատար, որտեղ Իրանն անուղղակի բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

22:43 17.3.2026

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը՝ Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել՝ Իրանի դեմ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմի ֆոնին՝ պնդելով, թե Իսրայելն է Նահանգներին ներքաշել հակամարտության մեջ։

«Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին», - գրել է Քենթը այսօր սոցիալական ցանցերում հրապարակված իր հրաժարականի նամակում, հավելելով՝ «Իրանը մեր ազգի համար անմիջական սպառնալիք չէր, և պարզ է, որ մենք այս պատերազմը սկսեցինք Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման պատճառով»։

«Նա շատ թույլ էր անվտանգության հարցում», և «լավ է», որ հրաժարական տվեց, ժամեր անց հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:

22:16 17.3.2026

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը «այլևս դաշնակիցների կարիք չունեն» Իրանի դեմ պատերազմում:

«ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ նրանք չեն ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը», - գրել է Թրամփը իր Truth Social կայքում, հավելելով՝ «և քանի որ մենք ռազմական հաջողություններ ունենք, մենք այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունենք, ոչ էլ ցանկանում ենք»։

Սպիտակ տան ղեկավարը վերջին օրերին դժգոհում էր, թե համաշխարհային տերությունները հրաժարվում են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավթային տանկերներին ուղեկցելու համար։ Այսօր նա պնդել է, թե զարմացած չէ:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG