Մատչելիության հղումներ

եթերում Թրամփը զգուշացնում է ծանր հետևանքների մասին, եթե Իրանը կրկին հարվածի Կատարի գազային հանգույցին

Գլխավորը՝ համառոտ

15:30 17.3.2026

Մոսկվայում Իրանի դեսպանը հերքում է, որ նոր գերագույն առաջնորդը բուժում է ստանում ՌԴ-ում. ՏԱՍՍ

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրը, որ երկրի նոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին բուժում է ստանում Մոսկվայում, հաղորդում է TASS լրատվական գործակալությունը։

Քուվեյթի «Ալ-Ջարիդա» թերթը շաբաթավերջին հաղորդել էր, որ 56-ամյա տղամարդը, որը, ըստ լուրերի, ծանր վիրավորվել էր ԱՄՆ-Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով, տեղափոխվել է Մոսկվա՝ բժշկական օգնություն ստանալու համար՝ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հրավերից հետո։

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցների հրապարակումները։

14:44 17.3.2026

Եթե Լարիջանիի սպանությունը հաստատվի, դա լուրջ հարված կլինի Իսլամական Հանրապետությանը, քանի որ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո նրա ազդեցությունը երկրում էլ ավելի էր մեծացել, փաստում են փորձագետները։

Փաստացի, արդեն երրորդ շաբաթը շարունակվող ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Լարիջանին շատ ավելի տեսանելի դեր է խաղացել, քան նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, որը պաշտոնում նշանակվելուց հետո հանրային ելույթ կամ հանդիպում դեռ չի ունեցել։ Մինչդեռ Լարիջանին անցյալ շաբաթ Թեհրանում միացել էր բազմահազարանոց ցույցին՝ ի նշան Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ անհնազանդության։

68-ամյա Լարիջանին պատերազմից առաջ առանցքային դեր էր խաղում Իրանի միջուկային քաղաքականության և ռազմավարական դիվանագիտության մեջ։

Պրագմատիկ և չափավոր տոնով հայտնի առաջնորդը ենթադրաբար վայելում էր այաթոլլա Ալի Խամենեիի վստահությունը՝ բանակում, լրատվամիջոցներում և օրենսդիր մարմնում տասնամյակների փորձառությունից հետո։ Անցած տարի՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Իրանի 12-օրյա պատերազմից հետո, նա նշանակվեց Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար՝ պաշտոն, որը զբաղեցրել էր դրանից գրեթե երկու տասնամյակ առաջ՝ համակարգելով Իրանի պաշտպանական ռազմավարությունը և վերահսկելով միջուկային քաղաքականությունը։

Ավելի ուշ Լարիջանին ներգրավվեց նաև դիվանագիտական ասպարեզում՝ ճանապարհորդելով Օման և Կատար, որտեղ Իրանն անուղղակի բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ, որոնք ի վերջո ձախողվեցին պատերազմի պատճառով։

14:13 17.3.2026

Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրում է գրառում, որը ներկայացնում են որպես այսօր Ալի Լարիջանիի կողմից արված:

Մոտ 20 րոպե առաջ Լարիջանիի X-ի էջում հրապարակվել է նրա ցավակցական նամակն ուղղված զոհված իրանցի նավաստիներին:

Մահվան լուրը հաստատվելու դեպքում Լարիջանին կդառնա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեեից հետո սպանված երկրորդ ամենաբարձրաստիճան գործիչը:

Իսրայելի պաշտպանության նախարար Կացը պնդել է, թե գիշերային հարվածներից սպանվել է նաև Իրանի հատուկ նշանակության զորամիավորումներից «Բասիջ»-ի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին։ «Իրանի ղեկավարության դեմ հարձակումները կշարունակվեն»,-հայտարարել է Իսրայել Կացը։

«Բասիջ» աշխարհազորայինները զինվորական կազմավորում են, որը համատեղության կարգով աշխատում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերահսկողության ներքո, հաճախ օգտագործվում է Իրանի ներսում բողոքի ցույցերը ճնշելու համար:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակն ավելի վաղ հայտարարել է, որ Իսրայելի առաջնորդը հրաման է տվել «իրանական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնելու մասին»:

13:47 17.3.2026

Իսրայելի պաշտպանության նախարար հայտարարել է, որ Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է Իսրայելի հարվածի հետևանքով։

Իսրայել Կացը պնդել է, թե գիշերային հարվածներից սպանվել է նաև Իրանի հատուկ նշանակության զորամիավորումներից Բասիջի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիին։ «Իրանի ղեկավարության դեմ հարձակումները կշարունակվեն»,-հայտարարել է նա։

Իրանից որևէ հաստատում չկա։

Որևէ պաշտոնական հաստատում անկախ աղբյուրներից ևս չկա:

13:37 17.3.2026

Իրանի դեմ պատերազմում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է մոտ 200-ի:

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է նաև, որ վիրավորների ճնշող մեծամասնությունը աննշան վնասվածքներ է ստացել, իսկ 180 զինծառայողներ արդեն վերադարձել են ծառայության:

13:01 17.3.2026

Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին: Տուժածների մասին չի հաղորդվում:

Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Օրեն Մարմորշտեյնը Իրանին մեղադրել է բոլոր հավատքների քաղաքացիական անձանց թիրախավորելու համար, այն բանից հետո, երբ բալիստիկ հրթիռի բեկորն ընկել է Երուսաղեմի պարսպապատ Հին քաղաքի մոտ։

«Իրանական ռեժիմը թիրախավորում է Երուսաղեմի հին քաղաքի սրբավայրերը: Նրանք թիրախավորում են մուսուլմաններին, քրիստոնյաներին և հրեաներին: Եվ հիմնականում փորձում են այնպես անել, որ հնարավորինս շատ զոհ լինի խաղաղ բնակչության շրջանում: Ահա թե ինչ են նրանք անում», - ասել է նա:

Իրանի պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով ավելի քան 50 պատմական վայր է վնասվել:

12:58 17.3.2026

Իրանի Արաք քաղաքում երկու մանկահասակ երեխա է սպանվել: Թեհրանի նահանգապետը հայտնել է, որ միայն մայրաքաղաքում 12 հազար շենք է վնասվել կամ ավերվել:

Թեհրան, Իրան, մարտի 15
Թեհրան, Իրան, մարտի 15


Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինն ասել է, որ հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային շտաբին, նաև թիրախավորում են «Բասիջ» ռազմականացված ուժի ենթակառուցվածքները:

«Թեհրանի կենտրոնում հարվածել և ոչնչացրել ենք արբանյակային հարձակման հնարավորությունների զարգացման կենտրոն, որը սպառնալիք էր Իսրայելի և ողջ աշխարհի տիեզերական ակտիվների և արբանյակների համար», - ասել է նա։


12:56 17.3.2026

Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, դեռ փակ է, ինչի հետևանքով նավթը դեռ վաճառվում է ավելի քան 100 դոլարով մեկ բարելի դիմաց: Պարսից ծոցից արտահանվող նավթից կախում ունեցող երկրները տարբեր միջոցներ են ձեռնարկում:

Շրի Լանկան չորեքշաբթի օրերը պետական տոն է հայտարարել՝ վառելիք խնայելու համար: Թաիլանդը բանակցում է՝ ռուսական նավթը գնելու համար:

Ավստրալիան նավթի պահուստային պաշարներ է սկսել օգտագործել և բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճի մտավախությունների ֆոնին: Իրաքն էլ հայտարարել է, որ համաձայնության է եկել Իրանի հետ՝ նեղուցով իր նավթատար նավերի անցնելու վերաբերյալ։


12:51 17.3.2026

Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա նշեց, որ մշտապես փորձում են կապի մեջ լինել Իրանի տարբեր հատվածներում բնակվող հայերի հետ, սակայն միշտ չէ, որ դա ստացվում է:

«Պարբերաբար հնարավոր է լինում կապվել, բայց հիմնականում՝ ոչ», - նշեց նա՝ հավելելով, որ մարդիկ հիմնականում մնում են տներում՝ խուսափելով հրթիռներից և այլ հարվածներից:

12:50 17.3.2026

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում անվտանգություն չի բերում: Պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆն ասել է, որ անվտանգությունը պետք է հաստատեն տարածաշրջանի երկրները։

«Մերձավոր Արևելքի դեմքն ու կարգը կփոխվեն, բայց ոչ ԱՄՆ ծրագրերի համաձայն»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ ուժերը պետք է լքեն տարածաշրջանը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG