Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը երկար չի տևի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Միևնույն ժամանակ հարցին, թե արդյոք պատերազմը կարող է ավարտվել այս շաբաթ, նա պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում»:
Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ «խորը մտահոգություն» են հայտնել «Լիբանանում բռնության սրման կապակցությամբ»:
Նրանք կոչ են արել Իսրայելի ու Լիբանանի ներկայացուցիչներին կառուցողական փոխգործակցություն ծավալել՝ կայուն քաղաքական լուծում գտնելու համար:
««Հեզբոլայի» հարձակումները Իսրայելի և քաղաքացիական անձանց վրա պետք է դադարեցվեն, և նրանք պետք է զինաթափվեն: Մենք դատապարտում ենք «Հեզբոլայի» որոշումը՝ միանալ Իրանին ռազմական գործողություններում, ինչն էլ ավելի է վտանգում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Իսրայելի լայնածավալ ցամաքային հարձակումը կործանարար հումանիտար հետևանքներ կունենա և կարող է երկարատև հակամարտության հանգեցնել. «Դա պետք է կանխել։ Լիբանանում հումանիտար իրավիճակը, ներառյալ բնակչության շարունակական զանգվածային տեղաշարժը, արդեն իսկ խորը տագնապ են առաջացնում»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հետաձգել մարտի վերջին նախատեսված այցը Չինաստան՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով: Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է Թրամփը՝ հավելելով՝ կարևոր է, որ ինքը հասանելի մնա պատերազմի ընթացքը վերահսկելու համար:
ԱՄՆ նախագահի վարչակազմը կոչ է արել արտերկրում գտնվող ամերիկացի դիվանագետներին դրդել դաշնակիցներին ահաբեկչական խմբավորումներ ճանաչել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու Լիբանանում տեղակայված «Հեզբոլան»: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին:
Հրահանգը, որը թվագրված է մարտի 16-ին և ստորագրվել Է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից, ուղարկվել է ԱՄՆ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական հաստատություններին:
Հրթիռներ ու առնվազն հինգ անօդաչու թռչող սարքեր են արձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ քաղաքի շրջակայքից, Reuters-ին հայտնել են Իրաքի անվտանգության ծառայությունների աղբյուրները:
Ըստ նրանց՝ այս հարձակումն ամենախոշորն է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից ի վեր:
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ սկսել են հարվածների լրացուցիչ ալիք «Հեզբոլայի» ենթակառուցվածքների դեմ Բեյրութում։
Նրանք նաև հայտնել են լայնածավալ հարվածների մասին «իրանական ռեժիմի ենթակառուցվածքների դեմ Թեհրանի ողջ տարածքում»:
ԱՄԷ-ի ՀՕՊ-ն այս պահին արձագանքում է Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Եվրոպական միությունը այսօր հայտարարեց Մերձավոր Արևելքին 458 միլիոն եվրո (525 միլիոն դոլար) մարդասիրական օգնութուն հատկացնելու մասին՝ ի պատասխան տարածաշրջանում առկա հակամարտությունների, ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայելական պատերազմը Իրանի հետ և Իսրայելի ռազմական արշավը Լիբանանում։
Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ-ի պաշտպանական դաշինքի դերը Հորմուզի նեղուցի շրջափակման հարցում: Այսօր Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
«Ես չեմ տեսնում, որ ՆԱՏՕ-ն այս ուղղությամբ որևէ որոշում է ընդունել կամ կարող է պատասխանատվություն ստանձնել Հորմուզի նեղուցի համար։ Եթե նման բան լիներ, ապա ՆԱՏՕ-ի մարմինները համապատասխան ձևով կքննարկեին այդ հարցը»,- ասել է Վադեֆուլը՝ ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։
Իրանի հակամարտության թեմայով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար շփվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի և արաբական երկրների այլ առաջնորդների հետ։ Այս մասին այսօր գրել է The New York Times թերթը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչներին։
Թերթի զրուցակիցների խոսքով՝ գահաժառանգ արքայազնը, կարծես, թե, խորհուրդ է տալիս Թրամփին շարունակել հարվածներ հասցնել Իրանին։
Թրամփը, ըստ պարբերարականի, նաև մշտական կապի մեջ է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։