Իրանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը՝ հայտարարելով, որ ոչ ոք չի կարող հեռացնել Իրանին այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնությունից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահն էր զգուշացրել, որ Իրանի ֆուտբոլիստների «կյանքն ու անվտանգությունը» ԱՄՆ-ում կարող են վտանգված լինել։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Բեյրութ։ Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքով Լիբանանում մարտի 2-ից մինչև այժմ զոհվել է ավելի քան 687 մարդ։
«Իմ Բեյրութ այցը համերաշխության նշան է Լիբանանի ժողովրդին։ Նրանք չեն ընտրել այս պատերազմը։ Նրանք ներքաշվել են դրա մեջ։ ՄԱԿ-ը և ես ամեն ինչ կանենք՝ խաղաղ ապագա ապահովելու համար, որը Լիբանանը և այս տարածաշրջանը լիովին արժանի են»,- գրել է գլխավոր քարտուղարը X սոցիալական ցանցում։
UNICEF-ի տվյալներով՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում ավելի քան 1100 երեխա է վիրավորվել կամ սպանվել:
ՆԱՏՕ-ի օդային պաշտպանության ուժերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում խոցել են Իրանից Թուրքիա ուղղված երրորդ բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ Թեհրանից պարզաբանում են պահանջել։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սխալ է համարում որևէ պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը։ Այս մասին կանցլերը հայտարարել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահագները 30-օրյա բացառություն է տվել երկրներին՝ ծովում մնացած ռուսական նավթը և նավթամթերքները գնելու համար։
Մերցն ընդգծել է, որ նավթի ռազմավարական պաշարների օգտագործումը կօգնի «որոշ չափով» վերահսկել գները։
Հորմուզի փակ լինելու հետևանքով նավթի գինը շարունակում է բարձր մնալ՝ ավելի քան 100 դոլար մեկ բարելի դիմաց:
Սպիտակ տունը հայտարարել է՝ նավթի պահանջարկը բավարարելու և շուկայում կայունություն ապահովելու նպատակով 30 օրով թույլ է տրվում գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթն ու նավթամթերքը, որն արդեն բեռնված է նավերում:
Ավստրալիան արդեն իր պաշարներից նավթ է բաց թողել:
Անօդաչուների հարձակման են ենթարկվել նաև Սաուդյան Արաբիան, Օմանը, որտեղ երկու զոհ կա:
Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ փակ պահել նեղուցը և ստեղծված իրավիճակի համար ԱՄՆ-ին է մեղադրել:
Լրագրողները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուից հետաքրքրվել են, թե ինչ է սպասվում Իրանի նոր գերագույն առաջնորդին և «Հեզբոլա»-ի առաջնորդին: Նեթանյահուն ակնարկել է, որ կարող են սպանել նրանց, ապա նշել է, որ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկն է և չի ներկայանում հանրությանը:
«Ես կյանքի ապահովագրության պոլիսներ չէի տրամադրի ահաբեկչական կազմակերպության որևէ առաջնորդի և մտադիր չեմ ճշգրիտ հաշվետվություն տալ, թե ինչ ենք պլանավորում կամ ինչ ենք անելու», - ասել է նա։
Իսրայելական կողմը հաղորդել է, որ վերջին մեկ օրում ավելի քան 200 թիրախի են հարվածել արևմտյան և կենտրոնական Իրանում: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտնել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր 6 հազար թիրախ են խոցել Իրանում:
Կարմիր մահիկի տվյալներով՝ պատերազմի ընթացքում ամերիկա-իսրայելական ուժերը Իրանում 24 հազարից ավելի քաղաքացիական թիրախի են հարվածել, որոնցից մոտ 20 հազարը՝ բնակելի:
Իսրայելի բանակը տարհանման ազդանշան է տվել Թեհրանին և Ղազվինին՝ հորդորելով բնակիչներին հեռանալ նախապատրաստվող հարվածից առաջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի առաջնորդներին անվանել է «խելագար սրիկաներ» և ասել, որ իր համար մեծ պատիվ էր սպանել նրանց:
Սոցիալական ցանցերում տարածված գրառման մեջ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ամբողջությամբ ոչնչացնում է Իրանի ահաբեկչական ռեժիմը»: