Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Զելենսկին հավելել է, որ Մակրոնը աջակցել է Ուկրաինայի ջանքերին՝ օգնելու տարածաշրջանին իր փորձագիտությամբ՝ հակազդելու իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ: Էրդողանն ընդգծել է Իրանի վրա ԱՄՆ-Իսրայել հարձակումներից հետո վերջին սրման վերաբերյալ մտահոգությունները, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել Հայաստան վերադառնալու համար, կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար, հայտնում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն, հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Այս պահին ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները:
«Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան», - ասված է հաղորդագրությունում:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքով հարձակվել է Մալթայի դրոշի ներքո նավարկող նավթատար նավի վրա։ Հորմուզի նեղուցի մոտ տեղի ունեցած այս հարձակման թիրախը «Պրիմա» առևտրային անվանումով նավթատար նավն էր։
Նավին հասցված վնասի չափի մասին դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել։
ԻՀՊԿ-ին կից «Թասնիմ» լրատվական գործակալությունը գրել է, որ «Պրիման» անտեսել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի «նախազգուշացումները» «Հորմուզի նեղուցով անցման արգելքի» վերաբերյալ։
Իրանի տարածքի վրա ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարձակումներին ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ կփակի Հորմուզի նեղուցը և թույլ չի տա որևէ նավթատարի անցնել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ ուժեղ հարված կստանա»։ Նա նշել է, որ դիտարկում է թիրախավորվող տարածքների ու մարդկանց խմբերի շրջանակը ընդլայնելու հնարավորությունը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
«Այսօր Իրանը շատ ուժեղ հարված կստանա։ Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն քննարկվում է լիակատար ոչնչացման և անխուսափելի մահվան հարցը, այն տարածքները և մարդկանց խմբերը, որոնք մինչ այս պահը թիրախավորման համար չէին դիտարկվում», - նշել է Թրամփը Truth Social-ում։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 16 մարդ։
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ պատերազմից ի վեր Իրանը մի քանի անգամ օգտագործել է կասետային զինամթերք։
Ոչ Իրանը, ոչ էլ Իսրայելը չեն միացել 2008 թվականի կասետային զինամթերքի արգելման մասին կոնվենցիային, որն արգելում է այդ զենքերի օգտագործումը, արտադրությունը, փոխանցումը և պահեստավորումը։
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է FlyDubai ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը, հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Այս պահին նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի ժամանակով 15-ին:
Մարտի 8-ին ժամը 21:30-ին նախատեսվում է Մասկատ-Երևան թռիչք, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվում է ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան անվճար տեղափոխում:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
Հայաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Պապիկյանն ու Չիկովանին կարևորել են կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։