Մարտի 4-5-ը FlyDubai ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այսօր նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը հայտարարել է, որ Իրանը լիովին պատրաստ է երկարատև պատերազմի: Գներալ Ալի Մոհամմադ Նաեինին նշել է, որ Իրանը շուտով առաջադեմ զինատեսակներ կկիրառի, որոնք առ այսօր չեն կիրառվել և «ցավոտ հարվածներ» կհասցնեն թշնամիներին:
Իրանի Կարմիր մահիկի տվյալներով՝ ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով առ այսօր վնասվել է 3600-ից ավելի քաղաքացիական բնակավայր, այդ թվում՝ 3090 տուն, 528 առևտրային և սպասարկման կենտրոն, 14 բժշկական հաստատություն: Թիրախների մեծ մասը եղել են «խիտ բնակեցված բնակելի տարածքներում»։
UNICEF-ի տվյալներով պատերազմի հետևանքով առ այսօր մոտ 200 երեխա է սպանվել Մերձավոր Արևելքում, նրանցից 180-ը՝ Իրանում:
Իսրայելի բանակը Իրանի դեմ պատերազմի 7-րդ օրը հարվածել է Իրանի տարբեր քաղաքների, այդ թվում՝ Թեհրանին, որտեղ թիրախավորել են պետական ենթառուցվածքները, նաև ռազմական ակադեմիա:
Թեհրանի բնակիչները BBC-ի Persian-ին պատմում են, որ «անցած գիշերը մինչ այժմ ամենավատ գիշերն էր», այն բանից հետո, երբ Իսրայելը նոր հարվածներ հասցրեց Իրանին հակամարտության յոթերորդ օրը։
«Մենք հարձակվել ենք ամերիկյան բազաների վրա, որոնք, ցավոք, գտնվում են մեր հարևանների հողերում», - NBC News-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
Նա ընդգծել է ՝ Իրանը որոշում չի կայացրել պատերազմ սկսել իր հարևանների հետ. «Մենք չենք հարձակվել մեր հարևանների վրա։ Մենք չենք հարձակվել մուսուլմանական երկրների վրա: Մենք հարձակվել ենք ամերիկյան թիրախների և ամերիկյան բազաների, ամերիկյան օբյեկտների վրա, որոնք, ցավոք, գտնվում են մեր հարևանների հողերում»։
Արաղչին ասել է, որ խոսել է այդ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ բացատրելու, որ նրանք թիրախ չեն։
Իսրայելը գիշերը ծանր ավիահարվածներ է հասցրել Բեյրությում «Հեզբոլա»-ի կողմից վերահսկվող հարավային արվարձաններին։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ գիշերը հարավային արվարձաններում 26 հարված է հասցրել՝ նշելով, որ թիրախների թվում են «Հեզբոլա»-ի հրամանատարական կենտրոնները և զենքի պահեստները։
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը կապ է հաստատել Միացյալ Նահանգների հետ՝ համաձայնագիր կնքելու համար, հայտնում է Reuters-ը։
«Նրանք զանգահարում են, ասում են՝ «ինչպե՞ս կարող ենք համաձայնագիր կնքել»։ Ես ասացի, որ դուք մի փոքր ուշացել եք», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը «Ինտեր Մայամի» ֆուտբոլային թիմի հետ միջոցառման ժամանակ։
Չինաստանը բանակցություններ է վարում Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցով նավթի և հեղուկացված բնական գազի նավերի անվտանգ անցման թույլտվություն տալու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք դիվանագիտական աղբյուրների։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե փակում է Հորմուզի նեղուցը և պնդել՝ լիովին վերահսկում է այն:
Սաուդյան Արաբիան հայտարարում է, որ Ռիյադից արևելք երեք անօդաչու թռչող սարք է խոցել։
«Երեք անօդաչու թռչող սարք է որսացել և խոցել Ռիադից արևելք», - X-ում գրել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը
ԱՄՆ բանակը հինգշաբթի օրը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ տարվող պատերազմի ընթացքումն խորտակել է ավելի քան 30 իրանական նավ։
Իրանի կողմից իրականացվող բալիստիկ հրթիռային հարձակումները պատերազմի առաջին օրվա համեմատ նվազել են մոտ 90 տոկոսով, լրագրողներին ասել է ԱՄՆ ծովակալ Բրեդ Քուփերը, որը ղեկավարում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերը։