Մատչելիության հղումներ

եթերում Հեգսեթը հայտարարում է Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի վճռական հաղթանակի մասին

Գլխավորը՝ համառոտ

19:54

ԱՄՆ-ն և Իսրայելը վճռական հաղթանակ են տանում Իրանի դեմ պատերազմում, ռազմական գործողությունների 20-րդ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: Փիթ Հեգսեթը նշել է, որ ռազմարշավի նպատակները նույնն են, ինչ առաջին օրը. - «Ոչնչացնել հրթիռները, հրթիռային արձակման կայանքները, Իրանի պաշտպանական արդյունաբերական բազան, որպեսզի չկարողանան վերակառուցել, նավատորմը, և ոչ մի դեպքում թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի»:

Նախարարը քննադատել է լրատվամիջոցների մի մասին, իր պնդմամբ, պատերազմն անազնիվ լուսաբանելու համար, ապա պնդել, որ ոչնչացվել է Իրանի ռազմական արդյունաբերության օբյեկտների մեծ մասը: Հեգսեթը վստահեցրել է՝ պատերազմը կշարունակվի այնքան, մինչև հասնեն դրված նպատակներին: Ըստ նրա՝ Իրանը լավ գիտի, որ Խարգ կղզուն հարվածելը ԱՄՆ-ին վերահսկողություն է տալիս երկրի ճակատագրի նկատմամբ:

Ամերիկացի պաշտոնյան նաև հաստատել է մամուլի հրապարակումները, որ Պենտագոնը պատրաստվում է դիմել Կոնգրեսին՝ պատերազմը շարունակելու հավելյալ ֆինանսավորման համար: Ըստ The Washington Post-ի՝ Հեգսեթը հավելյալ 200 միլիարդ է պահանջելու:

18:12
15:26

Նավթի գները կրկին բարձրացել են՝ Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա նոր հարձակումների ֆոնին։ Միջազգային շուկայում Brent-ի մեկ բարելը վաճառվել է մոտ 116 դոլարով՝ երեկվանից մոտ տասը տոկոս ավելի թանկ։

Բարձրացել է նաև գազի գինը՝ իրանական Հարավային Փարսին՝ աշխարհում գազի ամենամեծ պաշար ունեցող հանքավայրին հասցված ավիահարվածներից հետո։

12:17

Պատերազմի 20 օրերին Իրանում սպանվել է առնվազն 1456, վիրավորվել 18,667 մարդ: Լիբանանում զոհերի թիվը 968 է, վիրավորներին՝ 2220-ից ավելի: Իսրայելում սպանվել է 17 մարդ, վիրավորվել 3727-ը: Իրաքում զոհերի թիվը հասել է 60-ի, որոնք հիմնականում Իրանի աջակցությունը վայելող Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի անդամներ են:

12:15

Իրանի արտգործնախարարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Շվեդիայի իր պաշտոնակիցների հետ։ Աբբաս Արաղչին քննարկել է «Իրանի դեմ ռազմական ագրեսիան և դրա տարածաշրջանային ու գլոբալ հետևանքները»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակ է հղել Անվտանգության խորհրդին, քննադատելով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանության վերաբերյալ նրա շարունակական լռությունը, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Պարսից ծոցի 12 երկրի արտգործնարարարներ երեկ հանդիպել են Ռիյադում, ինչից հետո Իրանին կոչ են արել դադարեցնել հարվածները տարածաշրջանի երկրներին:

12:10

Իսրայելը հայտարարել է՝ պատերազմի ընթացքում առաջին անգամ հարվածել է Իրանի հյուսիսին: Իրանի արևմտյան Դորուդ քաղաքում ամերիկա-իսրայելական ուժերը հարվածել են բնակելի շենքի, սպանվել է 12, վիրավորվել 116 մարդ:

Թեհրանում երեկ հարգանքի տուրք են մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին: Իրանցիները նաև այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշներն ու Դոնալդ Թրամփի և Բենյամին Նեթանյահուին պատկերող մանեկեները:

Զուգահեռ իսրայելական բանակը շարունակել է հարվածները Լիբանանին: Բանակը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ավելի քան 20 մարտիկ է սպանել երկրի հարավում:

Իրանն իր հերթին մի քանի հարձակում է գործել Իսրայելի վրա: Տուժածների մասին չի հաղորդվում:

11:05

Կատարը խստորեն դատապարտել է Իրանի կողմից Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում էներգետիկ օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակումները՝ դրանք անվանելով միջազգային իրավունքի լուրջ խախտում և սպառնալիք համաշխարհային էներգետիկ անվտանգության, նավագնացության և շրջակա միջավայրի համար։

«Իրանի դաժան հարձակումները տարածաշրջանի երկրների վրա հատել են բոլոր կարմիր գծերը՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց, քաղաքացիական օբյեկտներին և կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին», - ասվa] է Կատարի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարությունում։

Կատարի ԱԳՆ-ը նաև ընդգծել է «տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար լարվածության թուլացման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը»։

10:55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելքում հազարավոր ամերիկացի զինվորներ տեղակայելու հարցը, քանի որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ իրենց արշավի հնարավոր հաջորդ քայլերին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել են ամերիկացի պաշտոնյա և այս թեմային ծանոթ երեք անձինք։

Տեղակայումը, ըստ լրատվամիջոցի, կարող է Թրամփին լրացուցիչ տարբերակներ տրամադրել՝ Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների ընդլայնման հարցում։

Այդ տարբերակներից մեկը նավթատար նավերի անվտանգ անցման ապահովումն է Հորմուզի նեղուցով, առաքելություն, որը հիմնականում կիրականացվի օդային և ռազմածովային ուժերի միջոցով, ասել են աղբյուրները: Սակայն նեղուցի անվտանգությունը կարող է նաև նշանակել ԱՄՆ զորքերի տեղակայում Իրանի ափամերձ հատվածում, ասել են չորս աղբյուրները, այդ թվում՝ երկու ԱՄՆ պաշտոնյաներ:

10:11

Իրանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին և մտադիր չէ դուրս գալ մրցաշարից, նույնիսկ եթե չմեկնի Միացյալ Նահանգներ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը։

Իրանը առաջին երկրներից մեկն էր, որը որակավորվեց եզրափակիչ փուլ, սակայն նրանց մասնակցությունը կասկածի տակ է Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև փետրվարի վերջին սկսված հակամարտության պատճառով։

Մրցաշարը տեղի կունենա հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը և անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

«Մելլի» թիմը պետք է իր խմբային փուլի բոլոր երեք խաղերը անցկացնի ԱՄՆ-ում, սակայն Թաջը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ՝ Մեքսիկա տեղափոխելու համար։

08:54

Իրանում և Ուկրաինայում պատերազմները կլինեն Եվրամիության առաջնորդների մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման օրակարգում:

ԵՄ-ում վառելիքի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելը գրեթե երեք շաբաթ առաջ սկսեցին օդային հարվածներ հասցնել Իրանին, և անդամ պետությունները պայքարում են սպառողների վրա բեռը թեթևացնելու ուղիներ գտնելու համար: Էներգիայի բարձր գների հարցը ԵՄ առաջնորդների համար խնդիր է եղել դեռևս Իրանի պատերազմից առաջ և միայն սրվել է ոլորտում առաջացած խափանումների հետ, քանի որ հակամարտությունը տարածվել է նաև Պարսից ծոցի մեծ տարածաշրջանում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG