ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացնում է ծանր հետևանքների մասին, եթե Իրանը նորից հարվածի Կատարի գազային հանգույցին:
Truth social-ում կատարած գրառման մեջ ԱՄՆ նախագահը խոստացել է, որ Իսրայելը Հարավային Պարսի վրա այլևս հարձակումներ չի իրականացնի, եթե «Իրանը անխոհեմորեն չորոշի հարձակվել շատ անմեղ, այս դեպքում՝ Կատարի վրա»։
«Այդ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի Հարավային Պարսի գազի հանքավայրը այնպիսի ուժով և հզորությամբ, որը Իրանը երբեք չի տեսել կամ ականատես եղել։ Ես չեմ ուզում թույլատրել այս մակարդակի բռնություն և ավերածություններ՝ Իրանի ապագայի վրա դրա երկարաժամկետ հետևանքների պատճառով, բայց եթե Կատարի հեղուկացված բնական գազը կրկին հարձակման ենթարկվի, ես չեմ տատանվի դա անել», - գրել է Թրամփը:
Շվեդիայի արտգործնախարարությունը Իրանի դեսպանին է հրավիրել՝ բողոքի նոտա ուղղելու Իսլամական Հանրապետությունում շվեդ քաղաքացու մահապատժի ենթարկելու կապակցությամբ։
Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ Իրանի իշխանություններն այսօր ավելի վաղ հայտարարել էին լրտեսության մեջ դատապարտված տղամարդու մահապատժի մասին։
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են, թե ինչպես կարելի է համատեղ կերպով վերաբացել Հորմուզի նեղուցը։
«Մենք բոլորս, իհարկե, համաձայն ենք, որ նեղուցը պետք է կրկին բացվի։ Եվ որքան գիտեմ, դաշնակիցները միասին աշխատում են, քննարկում են ինչպես դա անել։ Նրանք համատեղ փորձում են գտնել առաջ գնալու ճանապարհ»,- լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Նորվեգիա կատարած այցի ընթացքում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է, որ հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը սպանվել է,- այս մասին նախագահը X-ում գրառում է կատարել:
Այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էր հայտարարել, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը «ոչնչացվել» է գիշերային հարվածի արդյունքում։
Իրանի Բուշերի միջուկային էլեկտրակայանը հարվածի է ենթարկվել:
Անհայտ ծագման արկը, ըստ ռուսաստանյան կայանի օպերատորի, հարվածել է Իրանի միակ միջուկային էլեկտրակայանին՝ Բուշերին։
«Ճառագայթային իրավիճակը նորմալ է»,- հայտնել է ռուսական «Ռոսատոմ»-ը՝ հավելելով, որ աշխատակիցների շրջանում տուժածներ չկան:
Սա առաջին դեպքն է, որ Բուշերի միջուկային էլեկտրակայանը հարվածի է ենթարկվել ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության սկսվելուց ի վեր։
Իրանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն այսօր ժամանել է Ստամբուլի օդանավակայան։
Թուրքական DHA-ի տեղեկացմամբ՝մարզուհիները օդանավակայանը լքել են ոստիկանների ուղեկցությամբ և տեղափոխվել քաղաքի հյուրանոց: Լրատվամիջոցը հաղորդում է, որ նրանք հենց այսօր կվերադառնան Իրան։
Ասիական գավաթի մրցաշարին մասնակցող պատվիրակության յոթ անդամներն ավելի վաղ ապաստան էին խնդրել Ավստրալիայում, երբ նրանց դավաճան էին անվանել հայրենիքում․ մրցաշարի խաղի բացման ժամանակ նրանք ի նշան Իրանում տեղի ունեցող իրադարձությունների դեմ բողոքի չէին երգել ազգային օրհներգը։ Այդուհանդերձ, թիմից միայն երկուսն են մնացել են Ավստրալիայում, մյուսները մտափոխվել են։
«Նրանք մեր զավակներն են, և Իրանի ժողովուրդը գրկաբաց ընդունում է նրանց», - այսօր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն է գրել X-ում:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը «ոչնչացվել» է գիշերային հարվածի արդյունքում։
Իրանից դեռևս չկա որևէ պաշտոնական հաստատում Խաթիբի մահվան վերաբերյալ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Wall Street Journal»-ի այն հաղորդումը, թե Ռուսաստանը սատարում է Իրանին արբանյակային պատկերների և բարելավված անօդաչու սարքերի տեխնոլոգիայի հարցում, «կեղծ » են։
«Wall Street Journal»-ը երեկ էր գրել, որ Ռուսաստանը ընդլայնում է հետախուզական տվյալների փոխանակումն ու ռազմական համագործակցությունը Իրանի հետ՝ տրամադրելով արբանյակային պատկերներ և բարելավված անօդաչու սարքերի տեխնոլոգիա՝ Թեհրանի համար ԱՄՆ զորքերի գոտում հարվածներ հասցնելու նպատակով։