Մատչելիության հղումներ

Երևանում սպանված չեչեն կնոջ հուղարկավորությունն իրականացվելու է պետական միջոցներով՝ ՀՀ-ում. հարազատները 4 ամիս է՝ չեն եկել աճյունի հետևից

Նոր մանրամասներ


Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի ենթադրյալ սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: Դեպքից 4 ամիս անց Քննչական կոմիտեն հայտնել է՝ կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Դեպքից ամիսներ անց իրավապահները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել:

Հայ և ռուս իրավապաշտպանները պնդում են՝ այս երկու քաղաքացիները կապեր ունեն Չեչնիայի գործող նախագահ Ռամզան Կադիրովի ռեժիմի հետ:

«Ուղղակի կապը Այշաթի սպանության մեջ կասկածվողների բացահայտված է գոնե սոցիալական ցանցերով», - «Ազատությանն» ասաց Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Նա, հղում անելով բաց աղբյուրներին, նշեց՝ սպանության մեջ կասկածվող այս երկու անձանց նկատմամբ Ռուսաստանում նախկինում քրեական գործեր են հարուցվել, որոնք հետագայում կասեցվել են. «Մեկը՝ տղան, մեղադրվել է «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու մեջ, որը քրեորեն հետապնդելի է ՌԴ-ում, քրեական գործ է հարուցվել, ճակատագիրը հայտնի չէ, այսինքն՝ պատասխանատվության չեն ենթարկել, իսկ մյուս աղջիկը՝ դանակով սպանություն կատարելու սպառնալիքի գործողության մեջ, որը նույնպես չի դատապարտվել: Պարզ է, որ այդ մեխանիզմը՝ քրեական հետապնդում, այնուհետև ստիպել համագործակցության կամ դառնալ գործիք, գործել է»:

Այշաթ Բայմուրադովայի ողբերգական մահից 4 ամիս անց Քննչական կոմիտեն դեռ չի ստացել դիակի փորձաքննության պատասխանը: Կնոջ ընկերները երկու վարկած են առաջ քաշում՝ թունավորում կամ խեղդամահություն:

Ավելի քան 120 օր է՝ Բայմուրադովայի մարմինը գտնվում է Երևանի դիահերձարաններից մեկում: Հայաստանի իրավապահները երկու անգամ դիմել են Ռուսաստանի Դաշնություն՝ հարազատներին տեղեկացնելու համար, սակայն մինչ այժմ ոչ ոք չի ներկայացել աճյունը տանելու: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ Բայմուրադովայի հուղարկավորությունն իրականացվելու է պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով Հայաստանում։ Բայց երբ՝ քննիչը դեռ չի որոշել:

«Ժամկետի սահմանափակումը չկա, թողնված է քննիչի հայեցողությանը։ Հիմա եթե քննիչը այս պահին որոշում կայացրեց հուղարկավորել, ու մի շաբաթ հետո հայրը եկավ։ Այստեղ է մյուս հարցը, թե դուք ի՞նչ իրավունքով եք հուղարկավորել, չէ՞ որ պետք է սպասեիք, բայց ինչքա՞ն կարող են սպասել։ Այստեղ ողջամիտ ժամկետի հետ կապված հարց կա», - նշեց Սաքունցը:

Այշաթ Բայմուրադովայի ընկերուհին ավելի վաղ BBC News-ին ասել էր՝ Այշաթն իրեն պատմել է, որ ընտանիքն ազգակցական կապ ունի Չեչնիայի նախկին նախագահ Ահմադ Կադիրովի հետ։ «Важные истории»-ի տելեգրամյան ալիքի տվյալներով՝ նրա հայրը նախկինում ոստիկանության օպերատիվ աշխատակից է եղել, իսկ հորեղբայրը ծառայում է Չեչնիայի ոստիկանությունում։ Ամուսինն էլ Չեչնիայի ներկայիս նախագահ Ռամզան Կադիրովի մարզչի ընկերն է:

20 տարեկանում ծնողները հարկադրաբար ամուսնացրել են Այշաթին, նա մեկ տղա երեխա ունի: Ընկերները Ռուսաստանից դուրս գործող լրատվամիջոցներին պատմել են՝ նրան բռնության են ենթարկել ոչ միայն պապը, հայրը, այլև ամուսինը:

Ռուսական «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերությունը հրապարակել էր Այշաթի ձայնային հաղորդագրություններից մի քանիսը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է ամուսինն իրեն դաժան ծեծի ենթարկել, կողպել սենյակում ու տեսախցիկների միջոցով հետևել շարժին. «Աղաչում էի նրան, կարճ ասած, որ ինձ հանգիստ թողներ, իսկ նա երկու ժամ շարունակ ստորացնում էր ինձ, թե ես զզվելի եմ, անպիտան եմ, ես եմ մեղավոր։ Խփում էր գլխիս ու ասում, որ դա իմ մեղքն է։ Մեղքի զգացում ունեի միայն երեխայիս առջև, որ նրան լույս աշխարհ եմ բերել»։

Այշաթ Բայմուրադովան Չեչնիայից Հայաստան է փախել նախորդ տարվա հունվարին: Ռուս իրավապաշտպանները շուրջ 1 տարի պլանավորել են նրա փախուստն այն բանից հետո, երբ երիտասարդ կինը խնդրանքով իրենց է դիմել:

Հայաստանում Այշաթն ինստագրամյան բաց էջով միշտ պատմել է իր մասին, ցույց տվել գտնվելու վայրը: Ընկերները պատմել են, որ նրա մահվան մեջ կասկածվող Կարինա Իմինովայի հետ Այշաթը ծանոթացել է Ինստագրամով: Հետո հենց նա ու մի տղամարդ վարձակալած բնակարան են հրավիրել Այշաթին: Այդ բնակարանից նա տեսանյութ է ուղարկել ընկերներին, կադրում նաև Կարինան է երևացել: Որոշ ժամանակ անց Այշաթը դադարել է պատասխանել ընկերների զանգերին:

Հոկտեմբերի 17-ից հետո ընկերներն ու իրավապահները սկսել են նրան որոնել: 2 օր անց նրա մարմինը հայտնաբերվել է Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում: «Դոժդ» ՀԸ պատմել է նրա ընկերը, որը ծածկել էր դեմքն ու անվտանգության նկատառումներից ելնելով անանուն մնացել. «Դա տեղի է ունեցել այստեղ, երրորդ հարկում՝ 100 մետր այն կողմ Ազգային ժողովից։ Պատկերացնել անգամ չէի կարող, որ այստեղ կհայտնաբերվի ընկերուհուս մարմինը», - նշել է նա։

Հայաստանում գտնվող ռուսաստանցի ակտիվիստներից մեկն «Ազատությանը» պատմել էր՝ Չեչնիայում ընտանիքի այն անդամը, որը, մյուսների ընկալմամբ, անպատվաբեր վարք է դրսևորում՝ անարգելով ընտանիքը, սպանվում է, ու դա անվանվում է այնտեղ «սպանություն հանուն պատվի»։

Չեչնիայի մարդու իրավունքների պաշտպան Մանսուր Սոլտաևը հայտարարել էր, թե անկախ իրավապաշտպաններն են մեղավոր ընտանեկան բռնությունից փախած և նրանց օգնությամբ Հայաստան հասած Այշաթ Բայմուրադովայի մահվան համար։ Պնդել է՝ այդ կազմակերպությունների աշխատակիցներն արտասահմանյան գործակալներ են, որոնք փոխադրել են աղջկան և կարող են պատասխանատու լինել սպանության համար։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անիրատեսական է համարում այն, որ ռուս իրավապահները կհամագործակցեն հայկական կողմի հետ ու կասկածյալներին դատարան կտանեն:

«Ակնկալել, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները ջանքեր են գործադրելու հանցագործության կատարման մեջ մեղադրվողներին կամ կասկածվողներին հայտնաբերելու ուղղությամբ, դա միամտություն է։ Ավելին՝ հատկապես եթե դա Չեչնիայում է, որովհետև նույնիսկ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ մարմինները որևէ գործողություն չեն կարող կատարել Չեչնիայի տարածքում առանց Կադիրովի համաձայնության. մի պետություն պետության մեջ է՝ այդ կրիմինալ ռեժիմը», - նշեց Սաքունցը։

Կանխվել է մեկ դեպք, երբ չեչեն հայրը սպառնացել է սպանել ՀՀ-ում գտնվող դստերը

Շաբաթներ առաջ հորից մահվան սպառնալիքներ է ստացել Հայաստանում գտնվող մեկ այլ չեչեն կին, որը նույնպես ընտանեկան բռնությունից է Երևան փախել: Կինը դիմել է Հայաստանում գտնվող ռուս իրավապաշտպաններին, որոնք համագործակցում են նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ: Ոստիկանությունը համատեղ բողոքը ստանալուց հետո հայտնաբերել է տղամարդուն, որն արդեն աղջկա հետևից Հայաստան էր հասել:

«Ավելի նպատակահարմար համարվեց հոր արտաքսումը Հայաստանից և որպես անցանկալի անձ և վտանգավոր, առանց վերադարձի իրավունքի», - ասաց Սաքունցը։

Արտասահմանից ժամանած 48-ամյա տղամարդը սրճարանում է հայտնաբերվել, հոգեկան ներգործության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, հաղորդել է ՆԳՆ-ն:

Արթուր Սաքունցն ասում է՝ Այշաթ Բայմուրադովայի դեպքից հետո ոստիկանները կարծես հետևություններ են արել, բայց ըստ նրա՝ եթե տուժողը չի դիմում ոստիկանություն կամ Հայաստանի սահմանը հատելիս չի տեղեկացնում, թե որն է փախչելու պատճառը, ումից է փախել, ապա իրավապահների համար դժվար է իրավիճակը վերահսկելի դարձնելը. «Պետք է ընտանեկան բռնությունից տուժածը հայտնի սահմանապահ ծառայությանը այն հնարավոր անձանց ցուցակը, որոնցից ինքը կարող է ունենալ սպառնալիք, որովհետև այդ անձանց վերաբերյալ տվյալներն ումի՞ց, եթե ոչ բռնությունից տուժածից կարող են իմանալ»։

Հայ և ռուս իրավապաշտպանները դեռ կասկածներ ունեն, որ նախանցած տարի Ինգուշեթիայից Հայաստան փախած 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովայի հորեղբայրը հենց հայ իրավապահների հետ ունեցած իր կապերն էր գործի դրել, երբ 21-ամյա զարմուհու հետևից Հայաստան էր հասել ու հենց իրավապահների հսկողության տակ գտնվող Ֆաթիմային դեմ առ դեմ հանդիպել ու ստիպել տուն վերադառնալ: Լրատվամիջոցների աղմուկից հետո նրա կյանքին սպառնացող վտանգը չեզոքացվել է, հիմա նա 3-րդ երկրում է՝ ընտանիքից հեռու և ապահով:


Ազատության հետևից Հայաստան եկած Այշաթ Բայմուրադովայի կյանքն այստեղ 10 ամիս տևեց: Այս ողբերգական պատմությունը հերթականն է այն դեպքերի շարքում, երբ Հյուսիսային Կովկասում բռնության ենթարկված կանանց հետո տարբեր երկրներում հենց հարազատներն են հայտնաբերում, հետապնդում, ոմանք էլ անհետանում են: Ավելի քիչ են դեպքերը, երբ պետությունները կարողանում են նրանց պաշտպանել, բայց սա միայն այն դեպքում, եթե տվյալ երկիր փախած կինը իրավապահներին հայտնում է, որ ինքը բռնության պատճառով է հայրենիքը լքել:

XS
SM
MD
LG